Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՆՇԱՆԱԿԱԼԻ ՔԱՅԼԵՐ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆԸ

Օգոստոսի 22-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ։

Հայաստանի ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարեւորեց Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների դերը եւ համագործակցությունը միջազգային կառույցներում:
Ըստ ԱԺ նախագահի՝ երկու երկրները պետք է ավելի ակտիվ համագործակցեն, նախագծեն ու իրականացնեն համատեղ նոր ծրագրեր: Անդրադառնալով հայ-վրացական բազմադարյան բարեկամությանը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման հարյուրամյա տարելիցը, եւ պատմության դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդին, այլ վերաբերում են նաեւ մյուս ժողովուրդներին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ վրացական պատվիրակության այցի նպատակն է առավել զարգացնել հարեւան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները եւ նպաստել տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը: Նա կարեւորեց Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության խորացմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

Պ.ԱԴԱՄՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՍՏՈՒԴԻԱՅԻ 8-ՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի 2012-14 ուստարվա շրջանավարտների համար, իբրեւ դիպլոմային աշխատանք, ընտրվել էր հայտնի խորհրդային ռդրամատուրգ Եվգենի Շվարցի՝ «Մոխրոտը» հեքիաթի հենքով ստեղծած նույնանուն պիեսը։

Ընտրությունը կատարվել էր ներկայացման բեմադրիչ, վաստակաշատ ռեժիսոր Լեւոն Ուզունյանի ու նրա թիմի համաձայնությամբ։ Եվ, եթե մի կողմ թողնենք ընտրության այլ դրդապատճառները. թեկուզ՝ տվյալ դեպքում բոլոր ուսանողներին ներկայացման մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը, ապա կտեսնենք այդ ընտրության ենթատեքստային խորհուրդը։
Ավարտված է հեքիաթը։ Բարին հաղթել է չարին։ Եվ՝ լուսավո՜ր է վաղվա տեսլականը…

Ընթերցել...
 

ԿԿԱՌՈՒՑՎԻ 1000 ԱՇԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Վրաստանի գիտության եւ կրթության նախարարությունը ձեռնամուխ է եղել Թբիլիսիի թիվ 103 վրաց-հայկական հանրային դպրոցի նախկին շենքի ապամոնտաժման աշխատանքներին։

Ապամոնտաժման որոշումը նախարարությունն ընդունել էր Սամխարաուլու անվան փորձագետների բյուրոյի կողմից ընդունված եզրակացության հիման վրա։ Հիշեցնենք, որ թիվ 103 հանրային դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարին ժամանակավորապես կշարունակեն թիվ 157 հանրային դպրոցում։ Ապամոնտաժումից հետո թիվ 103 դպրոցի տարածքում կկառուցվի նոր, արդի չափորոշիչներին համապատասխան 1000 աշակերտի համար նախատեսված դպրոց։
Նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ վթարային վիճակում գտնվող շենքի հարցով անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացրեց կարճ ժամանակահատվածում։ Նոր դպրոցի շինարարության գործում նախարարությունն ակտիվորեն համագործակցում է քաղաքապետարանի հետ։
Օգոստոսի 15-ին Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն եւ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան եղան թիվ 103 դպրոցի տարածքում, հանդիպում ունեցան տեղի բնակիչների հետ եւ պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին։

 

ԿԱՐՏՈՖԻԼԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՃԵՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը, որը ներառում է նաեւ ազատ առեւտրի պայմանագիրը, ստորագրող կողմերի համար նախատեսում է նաեւ մի շարք պարտավորություններ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է արտահանվող եւ ներկրվող արտադրանքի (արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքներ) որոշակի չափորոշիչների պահպանմանը։ Ներկա պայմաններում, կոնկրետ մեր հարցում, առավել նշանակալից են գյուղմթերքների համար սահմանվող չափորոշիչները, քանզի տվյալ պարագայում այն կազմում է Վրաստանից արտահանվող արտադրանքի առյուծի բաժինը։
Ստորեւ ներկայացված հարցազրույցում մենք փորձեցինք առավել մանրամասնորեն ներկայացնել, կոնկրետ, Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջանների բնակչության համար առավել եկամտաբեր գյուղմթերքի՝ կարտոֆիլի արտադրության եւ արտահանման հարցում Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի դրական եւ բացասական կողմերը։
Կարտոֆիլը այն մթերքներից է, որի ֆիտոսանիտարական վերահսկողությունը՝ ինչպես սահմանագծում, այնպես էլ ներքին շուկայում կտրուկ խստացվեց։ Ինչպիսի՞ն է կարտոֆիլի ներքին շուկան, ինչպիսի՞ն են Եվրամիության երկրներ այդ մթերքի արտահանման հեռանկարները եւ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին այդ հարցում Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումից հետո։
Այս եւ մյուս հարցերին պատասխանում է գյուղատնտեսական հարցերով փորձագետ Նինո Նատրոշվիլին։

Ընթերցել...
 

ԲԱՐՁՐԱԼԵՌ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԼԻՄԻՏԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

ՅՈԹ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԵԼ Է 15 ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանի բարձրալեռ տարածաշրջանների բնակիչներին հատկացվող վառելափայտի ծավալն ավելացվում է։ Եթե մինչ օրս ընտանիքի հաշվով հատկացվում էր 7 խորանարդ մետր վառելափայտ, ապա այդ ծավալը հասցվում է 15 խորանարդ մետրի։ Վերոնշյալ փոփոխությունն արդեն մտցված է համապատասխան օրենսդրության մեջ։

Բնակչությանը հատկացվող վառելափայտի ծավալը վերջին անգամ հաստատվել է 2013 թվականի նոյեմբերի 29-ին։ Հենց այդ որոշմամբ էլ սահմանափակվել էր յուրաքանչյուր ընտանիքի հաշվով, վառելափայտի հատկացվող լիմիտը կազմում էր 7 խորանարդ մետր։ Այն ժամանակ վերոնշյալ որոշումը բողոքի ալիք առաջացրեց։ Գյուղերի, առանձնապես բարձրալեռ տարածաշրջանների բնակիչները բողոքում էին, որ վերոնշյալ լիմիտը բավարար չէ։ Դա հաստատում էին նաեւ բնապահպանության կազմակերպությունները, թեպետ վերջիններս հիմնական շեշտը դնում էին այլընտրանքային միջոցների օգտագործման վրա։
Հաշվարկների համաձայն, ելնելով տարածաշրջանների կլիմայական պայմաններից, ձմեռվա համար պահանջվող վառելանյութը կազմում էր 8-13 խորանարդ մետր։ Ինչպես տեսնում եք, տարբերությունը բավականին նշանակալից է։

Ընթերցել...
 

ԳՐԱՆՏԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ

Եվրամիությունը գրանտային նոր ծրագիր է սկսում բոլոր նրանց համար, ովքեր գյուղերում, գյուղատնտեսությունից բացի, մտադիր են զբաղվել այլ գործարարությամբ։ Դա Եվրոպայի հարեւանության ծրագրի՝ «Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման համար» (ENPARD) նախագծի նոր տարրն է։ Եթե նախկինում ծրագրի համաձայն, նպատակը գյուղի վերածննդի աջակցությունն էր, ապա ներկայումս ջանքերը նպատակաուղղվելու են այլ ուղղություններով։

Մասնավորապես, ագրոարդյունաբերությունից բացի, գրանտներ կտրվեն գյուղում գործարարության տարբեր տեսակների զարգացման համար։ Մասնավորապես խոսքը վերաբերում է ագրոզբոսաշրջությանը, ինչը տեղում կնպաստի էկոնոմիկայի զարգացմանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ, առանձնակի ընդգծվում է գյուղական կոոպերատիվների հիմնման անհրաժեշտությունը։ Թեպետ, նորաստեղծ կոոպերատիվների համար մշակված են այլ ծրագրեր։ Նրանց համար Եվրամիության ծրագրով հատկացվում է լրացուցիչ ֆինանսավորում եւ դրա անդամների համար կազմակերպվում են հատուկ դասընթացներ։

Ընթերցել...
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Գյուղատնտեսության զարգացումը մնում է Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթությունը, ինչի երաշխիքը հստակ ագրարային քաղաքականությունն է եւ գյուղատնտեսական ոլորտի ֆինանսական ռեսուրսների զգալի աճը։

Վրաստանի նորանշանակ կառավարության հաստատման ժամանակ խորհրդարանը միաժամանակ վստահության քվե հանձնեց կառավարության կողմից ներկայացված «Հզոր, ժողովրդավարական եւ միասնական Վրաստանի համար» ծրագրին։ Ծրագրում նշված է, որ կառավարության ագրարային քաղաքականության իրականացման շրջանակներում կարգավորվելու են նաեւ հողի օգտագործման հետ կապված հարցերը։ «Այդ ուղղությամբ աջակցություն կցուցաբերվի գյուղատնտեսական հողերի շուկայի զարգացմանը, կստեղծվի ֆերմերների ռեեստր, գյուղատնտեսական ոլորտը կապահովվի սպասարկմամբ եւ հումքով, կուժեղացվի եւ կզարգացվի վարկային եւ լիզինգային գյուղատնտեսական համակարգը, փոքր եւ միջին ֆերմերները կապահովվեն մատչելի դրամական միջոցներով։ Ագրարային հատվածում կաճի արտադրողականությունը, եկամտաբերությունն ու մրցունակությունը, կաճեն գյուղատնտեսական արտադրությունից ստացվող եկամուտները»,- ասված է խորհրդարանի կողմից հավանության արժանացած ծրագրում։

Ընթերցել...
 

ՄՇԱԿՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՆԱԼ 90 ՕՐ

Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրության մասին» նոր օրենքը:

Այդ մասին հուլիսի 25-ին Թբիլիսիում հայտնեց Վրաստանի արտաքին գործերի նախարարության  հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Գիորգի Տաբատաձեն:
«Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կանոններ, որոնք վերաբերում են բոլոր օտարերկրացիներին՝ այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Վրաստանն ունի անայցագիր եւ այցագրային ռեժիմ: Մշակված Է Վրաստանում գտնվելու միասնական համակարգ»,- հայտարարեց Տաբատաձեն:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 13 of 53
< Սեպտեմբեր 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30