Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԵՐԳԻ ՀԱՎԱՍԻԱԿԱՆ ՏՈՆ ԱՅԱԶՄԱՅՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

alt«ԳՈՒՍԱՆ ՀԱՎԱՍՆ ԵՄ, ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ՔԵԶ…»

Քե՜զ… մեծանուն գուսանի համար դա միայն սիրած էակը չէր, ում ե՚ւ «գովում էր հազար երգով, հազար խոսքով» եւ որից բաժանվելը ցավ էր անափ ու կսկիծ իր համար՝ «յարը մարդուն յարա կուտա»… Դա նաեւ իր սիրելի բնօրրանն էր, իր երկու հայրենիքներն էին՝ Հայաստանն ու Վրաստանը, իրենց մով սարերն էին ու գլգլան ջրերը, զով զեփյուռներն ու քնքուշ նազող ծառ ու ծաղկունքը… Դա մարդն էր ընդհանրապես, իր սիրելի ժողովուրդն էր, աշխարհն էր բովանդակ, Երկիր մոլորակում՝ սեր ու կարոտ, բարություն ու խաղաղություն պահպանող, լույս արարող մարդկությունը։
Այս կարոտաբաղձ սիրով ապրեց հայ երգի ու բանաստեղծության անդաստանը 3600-ի հասնող իր աշուղական բանաստեղծություններով (2000-ից ավելի երգ, 1500-ից ավելի քառյակ՝ ամփոփված 5 գրքի մեջ) համալրած, հայ գուսանական արվեստի երեւելիներից մեկը՝ գուսան Հավասին (1896, Վրաստան, գ.Այազմա - 1978, Երեւան)՝ իր մնայուն անջնջելի հետքը թողնելով հայոց երգի ու բանաստեղծական խոսքի  պատմության մեջ։
…Սերը բումերանգի էլ է նման՝ տվածդ նորից վերադառնում է հետ՝ դեպի քեզ։ Գուսան Հավասին (Արմենակ Մարկոսյան) սեր ու կարոտ էր տվել իր ժողովրդին եւ այդ սիրուն ու կարոտին տասնամյակներ շարունակ ժողովուրդը պատասխանում է է՚լ ավելի սիրով ու ջերմությամբ, խոնարհումով, ինչի ամենափայլուն ու գեղեցիկ դրսեւորումներից մեկը նրա հիշատակի ամենամյա խնկարկումն է իր ծննդավայր Այազմա գյուղում։ Այստեղ, գյուղի բարձրադիր մասում, որ բացօթյա ամֆիթատրոն է հիշեցնում, եկեղեցու հովանու ներքո, տեղացի ու հյուր ահա արդեն երկու տասնամյակից ավելի ամեն տարի սեպտեմբեր ամսին երգով ու պարով, խաղ ու ասմունքով, խնջույքով ու ծափերով նշում են Հավասու անմահ երգի տոնը։
Այս տարվա սեպտեմբերի 29-ին Այազման նորից իր սիրելի զավակով էր շնչում։ Գյուղով մեկ Հավասու երգն էր ղողանջում ու գերում բոլորին։ Ու բոլորը, որ եկել էին նաեւ հարակից գյուղերից ու շրջաններից՝ Նինոծմինդայից, Ախալքալաքիից, Թբիլիսիից, Երեւանից, երջանիկ ու հպարտ էին հարկավ, որ հայրենակիցն են անվանի գուսանի ու պատիվ ունեն իրենց հարգանքի տուրքը մատուցելու նրա հիշատակին։
Ավանդական տոնի հանդիսավոր մասը բացեց եւ Հավասու ստեղծագործության ու գործունեության մասին խոսեց Ծալկայի շրջանի մունիցիպալիտետի վարչության նախագահի խորհրդական, շրջանի երախտավոր գործիչներից մեկը՝ Վարդո Եղոյանը։ Գուսան Հավասու գրական ու երաժշտական վաստակն արժեւորեցին, Հավասու տողերից մեջբերումներ անելով, կյանքի, հայրենիքի, մարդկային վսեմ հատկանիշների ու հատկապես գեղեցիկ սեռի հանդեպ նրա լուսավոր ու շռայլ սերը մեծարեցին, օրվա խորհուրդը իմաստավորեցին, ներկաներին առաջիկա ընտրությունների ժամանակ հանուն Վրաստանի բարգավաճման ու հետագա առաջընթացի ընտրություն կատարելու կոչեր ուղղեցին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար Արմեն Բայանդուրյանը, բանաստեղծուհի, հասարակական գործիչ, լրագրող Անահիտ Բոստանջյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» գրական միության նախագահ Ժորա Սնխչյանը, թբիլիսցի երախտավոր մանկավարժ Նորայր Բաղդասարյանը, գրող Հմայակ Գրիգորյանը, Ծալկայի շրջանի մեծամասնական կարգով ընդունված խորհրդարանի անդամ Միխեիլ Ցքիտիշվիլին, Ծալկայի շրջանի մունիցիպալիտետի վարչության նախկին նախագահ, այժմ պատգամավորության թեկնածու Ռեւազ Շավլոխաշվիլին։
Հավասիական տոնին մասնակցող տարբեր ոլորտների՝ քաղաքական, տնտեսական, մշակույթի, կրթության ներկայացուցիչների հետ միասին, հուրախություն ներկաների, ներկա էր եւ գուսանի թոռը՝ երեւանցի դիվանագետ Ժորա Մարկոսյանը։
Նշենք, որ գուսան Հավասին Հայաստանի ժողովրդական արտիստ է եղել, Հայաստանի գրողների միության անդամ։ Եվ մի բան եւս, որ կարծում ենք, անհնար է չնշել Հավասու մասին գրելիս. Հավասու ամենամեծ զորությունը նրա հզոր կամքի մեջ է նաեւ. երեք տարեկանից երկու աչքից կույր, նա կարողանում էր հիանալի տեսնել աշխարհն ու աշխարհի գույները բազմերանգ։ Դա նրա հոգու աչքերի տեսողությունն էր, որ ողողված էր ճառագող լույսով։ Իսկ լույսը միշտ տեսնում է, լույսի համար աչքեր պետք չեն… եթե հոգին լուսավոր է։ Հավասու ողջ կյանքն ու գործունեությունը հաստատում է այս ճշմարտությունը։ Երեւի թե, այդ հոգու լույսն է արտացոլված եւ այն հուշարձանի մեջ, որ 2010 թվականից կանգնած է Ախալքալաքիում՝ ի խոնարհում ու հարգանք մեծանուն գուսանին, նաեւ Ջավախքը սիրող գուսանին՝ջավախքցիների կողմից։
Ու մի բան եւս, Հավասի՝ դա նրա գուսանական անունն է, որ նրան տվել է գուսան Թիֆիլին, եւ այն նշանակում է ցանկություն։ Երգի ու սիրո տերն ու ծառան լինելու, նրանով ապրելու եւ ապրեցնելու, երգով մարդկանց խնդություն պարգեւելու, նրանց ցավը դարմանելու մեծագույն ցանկությամբ էլ ապրեց Հավասին, իսկ Բարձրյալն ու ոգու կամքը իրագործեցին այդ ցանկությունը՝ հայ երգի ոսկե մատյանում հավերժորեն գրանցելով կույր գուսանի անկորնչելի անունը։
Հավասիական երգի տոնին իր գեղեցիկ մասնակցությունը բերեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի պատվիրակությունը՝ բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանի ղեկավարությամբ։ Եվ միջոցառման գեղարվեստական մասը, որ հենց երգի տոնն էր, զարդարեցին «Հայարտան» երգի ու պարի համույթները, ինչպես նաեւ անհատ երգիչներ։ Երգի տոնին մասնակցեցին նաեւ Ծալկայի (վրացական երգի ու պարի)  եւ Նինոծմինդայի համույթները։ Ու մինչեւ իրիկուն գրեթե ծավալվում էին Հավասու սքանչելի երգերը՝ «Եղնիկի պես ծուռ մի աշե», «Արտերի մեջ, դարդերի մեջ», «Խելքի բան չէ», «Ջավախքի աղջիկ», «Սարերի եղնիկ», «Գարնան ծաղիկ ես», «Գարուն», «Կարոտել եմ», «Խաղով անցավ», «Յարը մարդուն յարա կուտա», «Հայրենիք», «Չոլի ջեյրան», «Յայլավոր յարս», «Կոլխոզի չոբան»…
Ու թեեւ «սիրտն իր մանկուց արեւի կարոտ», բայցեւայնպես,  սիրում էր նա ու կարոտում.
             Գուսան Հավասն եմ,
             Կարոտել եմ քեզ,
             Ա՜խ, երբ կհասնեմ սրտակեզ
             Ծաղկալից գարնան,
            Գարնան սարերի,
            Կանցնեմ վրայով սառն աղբյյուրների,
            Սառն աղբյուրների, անուշ ջրերի…
Ու սեպտեմբերի 23-ին Հավասին կրկին հասավ այդ անուշ ջրերին, որ բլդում են պաղ աղբյուրներից՝ իր ծննդավայր Այազմա գյուղում եւ ամբողջ Ծալկայի շրջանում՝ Թրիալեթյան լեռնաշխարհում։

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
«Վրաստան»-ի հատուկ թղթակից
Ծալկայի շրջան
գ.Այազմա

 
< Հոկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31