Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՍԻՐՈՒՄ ԵՆՔ Ե’Վ ԱՇԽԱՏԱՆՔ, Ե’Վ ԶՎԱՐՃԱՆՔ

Էլ.փոստ Տպել PDF

Չնայած, որ մեր դպրոցը, չգիտես ինչու, տարիներ շարունակ հիմնավորապես չի վերանորոգվել եւ կան որոշ խնդիրներ, այդուհանդերձ, աշխատանքներն ընթանում են դպրոցական ռեֆորմի եւ աշակերտների պահանջներին համապատասխան: Ահա ինչու, իմ կարծիքով, էլ ավելի է բարձրանում ուսուցիչների պատասխանատվությունն այս հարցում:
Մեր դպրոցում գործում են երգի, թատերական եւ նկարչության խմբակներ, որոնց ղեկավարն է հարգելի Կլարան:

Մենք հաճախ ենք մասնակցում տարբեր կոնկուրսների ու մրցույթների: Օրինակ, այդ մրցույթներից մեկը փոփոխական ծրագիրն է, որին մասնակցել է 120 երեխա, այդ թվում՝ հաղթել է 20-ը: Նրանցից մեկը մեր դպրոցի աշակերտ Մովսես Ալվանջյանն է, այժմ Բաթումիի թիվ 30 դպրոցի (Գոնիոյի) սովորող: Նա սեպտեմբերի 15-ից գնացել եւ մեկ կիսամյակ է՝ ուսումը շարունակում է այնտեղ:
Մենք հաճախ ենք զանգահարում, հետաքրքրվում, թե ինչպես են նրա գործերը նոր դպրոցում։ Այդ ընթացքում մեզ շատ հետաքրքրեց նրանց դպրոցը եւ որոշեցինք ընկերական հանդիպում կազմակերպել Գոնիոյի դպրոցի աշակերտների հետ:
Ուսուցչուհի Կլարան զանգահարեց Գոնիոյի դպրոցի տնօրեն Ցիսանա Միքելաձեին միասնական ծրագիր՝ մարզական ուրախ խաղերի մրցույթ կազմակերպելու նպատակով: Տիկին Ցիսանան սիրով համաձայնեց այդ առաջարկին, որից հետո, հարգելի Կլարան օգնության խնդրանքով դիմեց Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Սիմոն Փնջոյանին եւ մեր շրջանային մշակույթի ու սպորտի ծառայության ղեկավար Գիորգի Զմոյանին։
Շրջանում մեր հաջողությունների մասին լավ գիտեն, ուստի այս անգամ էլ նրանք ընդառաջեցին մեզ՝ հոգալով մեր ճանապարհածախսը։
Եվ ահա, նոյեմբերի 19-ին ուղեւորվեցինք Բաթումի: Հրաշալի տրամադրություններով հասանք եւ իջեւանեցինք յուրաքանչյուրս մեր սենյակներում: Առաջին օրը զբոսնեցինք, դիտեցինք քաղաքը եւ ակվարիումները: Երկրորդ օրը, առավոտյան, այցելեցինք Գոնիոյի դպրոց, որտեղ հանդիպեցինք երեխաների հետ, ծանոթացանք միմյանց հետ եւ սպորտդահլիճում սկսեցինք մրցույթը: Վերջացնելով այն՝ հրաժեշտ տվեցինք մեր ընկերներին եւ մեկնեցինք ծովափ: Մեր բախտից այդ օրը շատ արեւոտ էր եւ կարողացանք օգտվել Սեւ ծովի բարիքներից: Ծովափին գեղեցիկ ու հաճելի ժամանակ անցկացրինք, նկարվեցինք եւ լիցքաթափվեցինք: Երեկոյան նորից վերադարձանք քաղաք, դիտեցինք գիշերային Բաթումին եւ զբոսնեցինք:
Երրորդ օրը նորից հրավիրված էինք դպրոց: Դպրոցում մեզ համար կազմակերպել էին մեծ ու գեղեցիկ միջոցառում, ուր, բացի իրենց համարներից, տեղ գտան նաեւ մեր դպրոցի աշակերտների երգերի ու պարային մի քանի համարներ: Նորից նկարվեցինք եւ, հրաժեշտ տալով դպրոցին ու մեր նոր ընկերներին, դուրս եկանք Բաթումիից: Վատն այն էր, որ, երեք օր մնալով հանդերձ, չկարողացանք լինել դելֆինարիայում:
Մենք Գոնիոյի աշակերտներին փոխադարձ այցով գարնանը հրավիրեցինք մեզ մոտ, որպեսզի մեր ընկերությունը երկար շարունակվի:
Գյուղ վերադարձի ճանապարհին՝ Քութայիսիում մտանք 80մ խորության վրա գտնվող Պրոմեթեւսի քարանձավը։ Ապա եւ հրաշալի տպավորություններով վերադարձանք գյուղ բոլորս՝ 16 աշակերտ, 4 ուսուցիչ ու մեկ վարորդ:
Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում պարոն Ս.Փնջոյանին, սպորտի ղեկավար Գ.Զմոյանին, որ մեզ աջակցեցին եւ մեր վարորդ Միսակին, որ անփորձանք տուն հասցրեց:
Անշուշտ, շնորհակալ ենք նաեւ մեր դպրոցի տնօրեն Ս.Մադոյանին ու վրաց լեզվի ուսուցչուհի Կ.Փոցխվերաշվիլուն, ովքեր մեզ՝ աշակերտներիս համար անում են ամեն հնարավորը՝ մեր ժամանակը հաճելի ու բովանդակալից անցկացնելու համար:

ՎԱՐԴՈՒՇ ՔՈՍՅԱՆ
Փոկայի հանրային դպրոցի XI դասարանի աշակերտուհի

 
< Դեկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31