Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

altՓետրվարի 2-ին Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Վարպետ տիկնիկագործ Գարրի Դավթյանի (1946-2002) մասին պատմող «Տուն, որտեղ հեքիաթներ են ծնվում» գեղարվեստա-վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որին իրենց մասնակցությունն էին բերել արվեստի գործիչներ ու սիրահարներ, Դավթյանների ընտանիքի անդամներ։

…Իսկ հեքիաթների աշխարհը, թերեւս, ամենաբարի աշխարհն է, քանզի այն սովորեցնում է լինել անչար, գթառատ ու կարեկից, մաքրահոգի, քաջ ու անվախ…  Իսկ այդ աշխարհը ավելի է հմայիչ ու գրավիչ, երբ նրա բնակիչները դառնում են տիկնիկ-խամաճիկները… Դու ակամա սիրում ես նրանց, մերվում նրանց, սովորում բարին, սովորեցնում ուրիշներին…
Ու երեւի թե հեքիաթ արարող տիկնիկների հենց այս «մարդկային» հատկություններն էին, որ գրավեցին թբիլիսահայ արվեստի ակնառու դեմքերից մեկի՝ վառ երեւակայությամբ օժտված արվեստագետ, կյանքից 55 տարեկանում հեռացած, Գ.Դավթյանի ուշադրությունն ու սերը, եւ նա գիտակցական իր կյանքը նվիրեց տիկնիկներ ստեղծելու դժվարին, բայց շնորհակալ գործին։ Եվ ոչ միայն ստեղծեց։ Նա նաեւ Հավլաբարի իր տունը նվիրեց իր տիկնիկներին, այնքան որ սիրում էր նրանց,  ապրում  նրանցով, ձգտում նրանց միջոցով  մարդկանց ուղղորդել դեպի կատարյալը, դեպի ազնիվը… Ու թեեւ նա չհասցրեց լիարժեքորեն տեսնել իր գեղեցիկ արվեստի պտուղները, սակայն շնորհիվ իր այրու՝ տիկին Ժաննա Դավթյանի, զավակների ու թոռան, տիկնիկները շարունակեցին ապրել, «Դավթյանների խամաճիկների տան» մեջ շարունակեց բաբախել Դավթյանի սիրտը, Գեղեցիկի սիրտը։ Ու տունը մշտայցելուների համար դարձավ արվեստի մի գեղեցիկ ու գողտրիկ օջախ, որտեղ իսկապես «հեքիաթներ են ծնվում»։
Շատ է գրվել այս հյուրընկալ տան մասին, շատերն են հիացել տիկնիկների խոսք ու խաղով, երգ ու պարով, տարբեր դիմաշարժերով, տիկնիկներին շնչավորելու ամենատարբեր հնարանքներով…
Բայց երեւի թե մի նոր, ճշմարիտ արվեստի աշխարհ բացեց Գ.Դավթյանի «տիկնիկաստեղծ» առօրյան արտացոլող, 40-45 տեւողությամբ վերոնշյալ ֆիլմը, որի կինոբեմադրիչներն են Գարրի Կուպցեւը եւ Վախո Կուպցեւ-Գաբաշվիլին։ Ու չնայած ֆիլմը հանդիսատեսի դատին է հանձնվել 2001թ. եւ արժանացել հանրության արժեւորմանը, սակայն լայն հասարակության առջեւ այն ներկայացվեց առաջին անգամ՝ Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ եւ «Հայարտան» աջակցությամբ։ Ներկայացրեց ու հիացմունքի ալիքը հորդաց դահլիճում… Դա ոչ միայն տիկնիկագործի աշխարհ էր, այլեւ արվեստի տարբեր ճյուղերի հմուտ գիտակի՝ դեկորատիվ, թատերական, երաժշտարվեստի, պարարվեստի… Ու դա՝ որպես հնարք տիկնիկների հուզական, հոգեւոր աշխարհի բացահայտման համար նաեւ։  Ու մարդիկ մի անգամ եւս ծափահարեցին իրոք որ Վարպետաց վարպետին, Դավթյանների ընտանիքին, ում ջանքերով շնչում ու մարդկանց դեպի բարին են ուղղորդում տիկնիկները՝ Գրիշան, Տիրացուն, Գնչուհին, Շեքսպիրը, Երաժիշտները։ Ու մեզ ասես հիշեցնում Գ.Դավթյանի կենսակարգախոսը. «Տիկնիկը գերբարդ մեխանիզմ է։ Այն պահանջում է ճշգրիտ աշխատանք ու սեր։ Այլապես նա չի ծնվի… Նվագախումբը ելույթ չի ունենա… Անբարի տիկնիկներ չեն լինում»։ Այս համոզմունքով էլ ապրեց Գ.Դավթյանը, այս համոզմունքի բացահայտմանն էլ ուղղված էր ֆիլմի ստեղծումը։ Իսկ ելույթները, որ հնչեցին, Դավթյանի գործի  միանշանակ գնահատականներ էին եւ սերը նրա հանդեպ։ Նշենք, որ միջոցառումը բացեց «Հայարտան» մշակույթի համակարգող Լեւոն Չիդիլյանը, միջոցառումը վարեց, Դավթյանի կենսուղու մասին ելույթ ունեցավ Մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, խոսքով հանդես եկան ֆիլմի ռեժիսոր Վախո Կուպցեւ-Գաբաշվիլին, թարգմանիչ Գիվի Շահնազարը, Տեր Նարեկ Ղուշչյանը, երաժիշտ Եսայի Աբովյանը, պատմաբան Ենոք Թադեւոսյանը, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, հասարակական գործիչ Յուրի Սաֆարովը, այլք։ Շնորհակալության ու երախտագիտության խոսքով հանդես եկավ «Խամաճիկների տան» տիրուհի Ժաննա Դավթյանը։

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Փետրվար 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28