Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՇԱԼՎԱ ՓԻՓԻԱ. «ՕՐԵՆՔԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԻ»

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի խորհրդարանը հավանություն տվեց կոոպերատիվների մասին օրինանախագծին։ Դրանից հետո մեկնարկելու է գյուղատնտեսության ոլորտի բարեփոխման երկրորդ փուլը, որը նախատեսում է գյուղացիներին եւ ֆերմերներին տեղեկատվության հաղորդում եւ կոոպերատիվներում նրանց միավորման նախապատրաստում։
Վերոնշյալ օրինագծի կապակցությամբ մենք դիմեցինք Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիային եւ Վրաստանի խորհրդարանի ագրարային կոմիտեի փոխնախագահ Գիգլա Ագուլաշվիլուն։

- Բատոնո Շալվա, օգոստոսի մեկին ավարտվեց սակավահող ֆերմերների աջակցության ծրագիրը։ Ձեր կարծիքով, հաջորդ տարի ֆերմերներին գյուղատնտեսական քարտերի հանձնման ծրագիրը կվերսկսվի՞, թե՞ ոչ։
- Բնականաբար, ծրագիրը կշարունակվի։ Նախկինում այդ հարցով ոչ մի վիճակագրություն չէր տարվում, այդ պատճառով քարտերի հանձնման համար ցուցակների նախապատրաստման գործընթացն անցկացվեց բացթողումներով, ցուցակում բացակայում էին մի շարք գյուղեր։ Առաջիկայում մեկնարկային ավելի լավ վիճակի մեջ կլինենք, քանզի արդեն գրեթե լիարժեք տեղեկատվություն ունենք ինչպես ոլորտի վիճակի, այնպես էլ՝ ոլորտում զբաղված մարդկանց, փոքր եւ միջին ֆերմերների մասին։ Էլ չեմ խոսում գյուղատնտեսական խոշոր միավորումների մասին։ Չեմ բացառում, որ առաջիկայում ծրագրի ձեւաչափը կարող է փոխվել, թեպետ, ընդհանուր առմամբ, ծրագիրը կմնա ուժի մեջ։
Բնականաբար, տվյալ պահին դժվար է խոսել ծրագրում իրականացվելիք փոփոխությունների մասին, թեպետ ելնելով նրանից, որ մեր տնօրինության տակ ավելի ստույգ ու սպառիչ տեղեկատվություն ունենք, ուստիեւ հաջորդ ծրագիրը պետք է լինի ավելի արդյունավետ։
- Ներկա դրությամբ, ներդրումային միլիարդանոց հիմնադրամում միայն մի ներդրող է գրանցված՝ երկրի վարչապետի տնօրինության տակ գտնվող «Քարթու» բանկը։ Ձեր տեղեկատվությամբ, կա՞ն, արդյոք, այլ ընկերություններ, որոնք հետաքրքրություն են դրսեւորում հիմնադրամի գործունեությանը մասնակցելու ուղղությամբ։
-  Ներկա դրությամբ, հիմնադրամում երկու հիմնադիր կազմակերպություններ են, թեպետ նրանց ներդրողներ չի կարելի անվանել, քանզի ներդրող հասկացությունը ինքնին նախատեսում է շահույթի ստացման միտում։ Այնպես որ, ներկա դրությամբ մենք կարող ենք խոսել հիմնադրամի ֆինանսավորման եւ ոչ թե ներդրումների իրականացման մասին։
- Ովքե՞ր են այդ երկու հիմնադրամները։
- Դա «Քարթու» հիմնադրամն է եւ Գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։
Ավելացնեմ՝ դա չի նշանակում, որ նման իրավիճակը չի փոխվի եւ ոչ մեկը չի միանա վերոնշյալ հիմնադրամին։ Դրանում ներդրողների ներգրավումը ավելի քան հավանական է։
-  Ներկայումս շատ է խոսվում կոոպերատիվների մասին օրենքի վերակիրարկման մասին, թեպետ գյուղական բնակչության ճիշող մեծամասնությունը հանդես է գալիս կոոպերատիվների դեմ, գտնելով, որ կոոպերատիվի որոշ անդամներ չեն կատարի իրենց պարտավորությունները։ Ըստ Ձեզ, վերոնշյալ օրենքը մարդկանց կարո՞ղ է ստիպել, որ միավորվեն կոոպերատիվներում։
- Դա բացառված է։ Կոոպերացիան կլինի կամավոր, եւ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշելու անդամակցվել, թե ոչ կոոպերատիվին։ Օրենքը ոչ մեկին չի պարտադրի։
Ինչ վերաբերում է կոոպերատիվների մասին օրենքի վերակիրարկմանը, ապա օրենքը նախատեսում է, որ կոոպերատիվում լինելու են սովորական բիզնես հարաբերություններ, եւ բոլոր անդամները կունենան հավասար իրավունքներ, այսինքն՝ օրենքը հավասար իրավունքներ է վերապահում ինչպես 100 հեկտար ունեցող ֆերմերին, այնպես էլ՝ մեկ հեկտարով կոոպերատիվի անդամ դարձած գյուղացուն։
Ավելացնեմ, չնայած օրենքի նախնական տարբերակում նախատեսված էր, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են դառնալ կոոպերատիվի անդամ, օրենքի վերջնական տարբերակում այդ կետը հանվել է, եւ օտարերկրացիները նման իրավունքից զրկվել են։
Ավելացնեմ նաեւ, որ կոոպերատիվների համար օրենքով նախատեսվում են հարկային արտոնություններ։ Արտոնություններ կշնորհվեն նաեւ այն գրանցված հողամասերին, որոնք հանդիսանում են կոոպերատիվ անդամակցության ներդրումը։ Այդ հողերն էլ կօգտվեն հողահարկի 50 տոկոսանոց արտոնությունից։
Օրենքի մյուս մանրամասները պարզելու նպատակով մենք դիմեցինք Վրաստանի խորհրդարանի ագրարային կոմիտեի փոխնախագահ Գիգլա Ագուլաշվիլուն։
- Բատոնո Գիգլա, էլ ի՞նչ արտոնություններ են սահմանվում կոոպերատիվների համար։
- Նշանակալի արտոնություն է այն, որ կոոպերատիվում միավորված անձինք կարող են բանկի հետ հարաբերվել՝ որպես կորպորացիոն հաճախորդ։ Բացի այդ, կոոպերատիվի անդամը կարող է օգտագործել նաեւ չգրանցված հողամասը, թեպետ դրա վրա հարկային արտոնություն ստանալու համար այն պետք է անպայման գրանցի։ Նախատեսված են նաեւ այլ արտոնություններ։
- Իսկ ի՞նչ է նախատեսում օրինանախագիծը այն դեպքում, եթե կոոպերատիվի անդամը որոշում է դուրս գալ միավորումից։
-  Նման դեպքերի համար օրինանախագծում նախատեսվում են մի քանի տարբերակներ, մասնավորապես, գյուղացին կոոպերատիվից կարող է դուրս գալ իր սեփական հողամասով, նույն չափերի այլ հողամասով եւ փոխհատուցմամբ։ Թեպետ, այդ հարցը պետք է կարգավորվի կոնկրետ հիմնադրույթներով, քանզի անթույլատրելի է ցանկացած ժամանակ կոոպերատիվից դուրս գալը, քանզի դրանով, հնարավոր է վնաս հասցվի միավորման ընդհանուր շահերին, մյուս անդամներին։
- Ձեր կարծիքով, կոոպերատիվների մասին օրենքի վերակիրարկումը որքանո՞վ է առաջադիմական քայլ եւ որքանո՞վ դա կնպաստի փակուղում հայտնված գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։
-  Ըստ իս, ներկայիս տնտեսական, մեղմ ասած, ոչ դյուրին պայմաններում, կոոպերատիվների հիմնումը գրեթե միակ հնարավորությունն է, որը մարդկանց թույլ կտա առավել արդյունավետորեն օգտագործել ունեցած ռեսուրսները։ Դատեք ինքներդ, գյուղացիների մեծ մասը, փոքր եւ միջին ֆերմերները միջոցների սղության պատճառով, ի վիճակի չեն մշակելու իրենց հողամասերը։ Էլ չեմ խոսում սերմնանյութի, պարարտանյութի, անհրաժեշտ գյուղատնտեսական սարքերի ու գործիքների ձեռքբերման մասին։ Ջանքերի համատեղման դեպքում այդ հարցերի լուծումը, չէի ասի, որ օրակարգից կհանվեր, սակայն շատ ավելի դյուրին կդառնար։ Դրան ավելացրեք նաեւ պետության կողմից սահմանվող հարկային արտոնությունները։ Կարծում եմ, որ տվյալ պարագայում կոոպերատիվ միավորումների ձեւավորումը այն իրատեսական հնարավորությունն է, որն ի վիճակի է գյուղատնտեսությունը դուրս բերել փակուղուց։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Օգոստոս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31