Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱ ԵՐԿՈՒ ԳԱԳԱԹ՝ ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ»

Էլ.փոստ Տպել PDF

Իր պատանի սանին՝ 12-ամյա Հովհաննեսին, Թբիլիսիի Զ.Փալիաշվիլու անվան երկրորդ երաժշտական ուսումնարանի դասախոս, թավջութակահար, դիրիժոր, Վրաստանի վաստակավոր ուսուցիչ Հենրիխ Անտոնի Բաբլումյանը, մի գեղեցիկ օր, ընդգրկեց նվագախումբ։ Այդ ժամանակ տղան, որ նոր էր ընդունվել ուսումնարանի տրոմբոնի բաժին, դեռ նոտաները լիարժեք չէր յուրացրել։ «Ոչինչ,- հորդորեց մանչուկին մաեստրոն,- լողալ սովորելու համար, դեռ պետք է ջուրը մտնել…»։ Իսկ, երբ Հովհաննես Համբարձումյանը հայտնվեց արդեն կոնսերվատորիայի տրոմբոնի ֆակուլտետում, դարձյալ մաեստրոյի ոչ այն է խորհրդով, ոչ այն է պահանջով, տեղափոխվեց կոմպոզիցիայի ֆակուլտետ եւ նրա հանձնարարականներով սկսեց ստեղծագործական փորձերը…

Ստեղծվեցին դաշնամուրային առաջին վարիացիաները, շուտով եւ ծնվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծածավալ «Պատարագ» ստեղծագործությունը, որի դեբյուտը տեղի ունեցավ Թբիլիսիում՝ 2012թ.֊ի ապրիլի 24֊ին, ցեղասպանության նահատակներին նվիրված համերգին, ապա եւ՝ 2013թ.֊ին՝ Ֆրանսիայում, Փարիզի հայկական եւ ֆրանսիական կաթոլիկական եկեղեցիներում։
Հենրիխ Բաբլումյանը, ով այս գարնանը, ցավոք, հեռացավ կյանքից, հասցրեց վայելել իր սպասումների պտուղը. ի վերուստ օժտված պատանին, որին նկատել էր ուսուցչի սրատես աչքը, արդարացրեց նրա հույսերը…
Այսօր ուզում ենք ընթերցողին ներկայացնել Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող, Անդրե Բալանչիվաձեի անվան թոշակառու, 20-ամյա Հովհաննես Համբարձումյանին։
Երաժշտական արվեստի հրապուրիչ, բայց միեւնույն ժամանակ, տխուր եւ ուրախ անակնկալներով լի ճանապարհը, ուր, իր համոզումով, հայտնվեց Մաեստրո Բաբլումյանի շնորհիվ, Հովհաննեսն այսօր փորձում է անցնել սիրելի ուսուցչի պատգամներով, որպեսզի մարդկանց ծառայեցնի նրա ներդրածը…
- Հովհաննես, ի՞նչ է նշանակում լինել ստեղծագործող-ուսանող, դա առանձնահատուկ հոգեւիճա՞կ է։
- Ոչ, ոչ, բոլորովին։ Եթե այդպես լինի, իմ կարծիքով, դու կլինես, պարզապես, կաշկանդված։ Ինձ համար ստեղծագործելը ներշնչանքի պահ է, որը կարող է վայրկենական գալ ու անհետանալ… գլխավորը՝ միտքդ լուսավորող այդ գաղափարը կամ այդ երաժշտությունը պահպանելը, նոտայի վերածելն է։
- Գրել պատարագ՝  նվիրված Հայոց ցեղասպանությանը, նշանակում է երաժշտության լեզվով ներկայացնել 1915թ.-ի արհավիրքը։ Առաջնոդվե՞լ եք, արդյոք, որեւէ գրական ստեղծագործությամբ կամ՝ այլ աղբյուրից ստացած տպավորությամբ։
- Իհարկե, կա այդ մասին կարդացածի, լսածի, կինոֆիլմերում տեսածի, այսպես ասած, ընդհանուր նստվածք, բայց կոնկրետ որեւէ ստեղծագործություն, որպես այդպիսին, չի եղել։ Ամենամեծ դերը այստեղ կատարել է, երեւի, արյան կոչը…
- Այդ թեմային դիմելու նախապայմանը կամ ներշնչանքի աղբյուրը ի՞նչը դարձավ։
- Թեման իմն է, դրա շուրջ, մինչ այդ, հաճախակի մտորել եմ։ Մտադրությունս, բնականաբար, հայտնեցի Հենրիխ Անտոնիչին, նա ուրախությամբ ու նաեւ՝ փոքր-ինչ զարմանքով, որ ընտրել եմ, ինչպես ասացիք, նման պատասխանատու թեմա, խրախուսեց։ «Պատարագը» գրելիս՝ երգչախմբի համար օգտագործեցի Հովհ.Թումանյանի «Սիրտը» քառյակը։ Դա նրա միակ վերնագրված քառյակն է, որը, ի դեպ, շատ էր սիրում Հենրիխ Անտոնիչը։ Ուզում եմ խոստովանել, գրելիս, նպատակս եղել է, որ «Պատարագը» լինի ոգով հայկական եւ՝ միաժամանակ օգտագործվի ու հնչի եկեղեցում։ Կարծում եմ՝ ինձ դա հաջողվել է։
- Ինչի՞ վրա եք աշխատում այժմ։
- Վերջերս ավարտեցի դաշնամուրային շարք՝ նվիրված բնության չորս՝ հող, ջուր, օդ, կրակ տարերքներին։ Հիմա զբաղված եմ «Ռուսական վարիացիաներով», որը գրվել է Շուբերտի «Ֆորելի» թեմայով՝ դաշնամուրի եւ շեփորի համար։
- Իբրեւ հեղինակ՝ ի՞նչ կուզենայիք ասել ունկնդրին։
- Կարծում եմ՝ ինձ դեռ վաղ է խոսել՝ ինչ ուզելու մասին, դրա համար, իմ կարծիքով, դեռ ստեղծագործական հասունացման, երեւում է, մեծ ճանապարհ է պահանջվում անցնել…
Հիմա միակ ցանկությունս ու ձգտումս՝ ունկնդրին բավականություն պատճառելը, նրա վրա իմ երաժշտությամբ տպավորություն գործելն է։
- Ձեզանում զգո՞ւմ եք ազգային դասական երաժշտության ազդեցություն։
- Հայ դասական երաժշտության մեջ ինձ համար կա երկու գագաթ՝ Կոմիտաս եւ Արամ Խաչատրյան։ Այնպես չէ, որ մյուսներին չեմ ընդունում, պարզապես, Խաչատրյանի մեջ ամփոփված եմ տեսնում ողջ համաշխարհայինը։ Իմ կարծիքով, նա մեծ ազդեցություն ունի բոլորի վրա եւ անհնար է խուսափել նրա ազդեցությունից։
- Ինչպե՞ս եք վերաբերվում ժողովրդական երաժշտությանը։
- Մեծ հարգանքով, ի դեպ սիրում եմ ոչ միայն մեր ժողովրդական երգերը, այլ՝ ընդհանրապես ցանկացած ժողովրդական՝ անկախ ազգությունից։ Հայ ժողովրդականից առանձնապես սիրում եմ Կոմիտասի «Կռունկը», «Դլե յամանը»…
- Ուղղորդող, դաստիարակող արվեստը կոնկրետ ձեզ ի՞նչ է տվել։
 - Երաժշտությունը դեմոկրատ արվեստ է եւ, հենց այդ էլ, երեւի, տվել է ինձ։ Բեթհովենի 9֊րդ սիմֆոնիայում հնչում է Շիլլերի՝ «Գրկեք իրար, միլիոններ, պետք չէ պատերազմել» համամարդկային գաղափարը՝ իբրեւ հաշտ ու խաղաղ ապրելու կոչ։ Հենց այդ գաղափարն էլ ինձ համար դարձել է մարդկային շփումների պայմանը…
- Դուք Անդրեյ Բալանչիվաձեի անվան թոշակառու եք. դա ի՞նչ թոշակ է եւ ո՞ւմ է տրվում։
- Անդրեյ Բալանչիվաձեի անվան թոշակը տրվում է ողջ ֆակուլտետի լավագույն ուսանողին, հաշվի է առնվում նրա ակտիվությունը, առաջադիմությունը։
- Եվ վերջին հարցը՝ կարիերան, անշուշտ, վերընթաց շարժում է. Մոպասանը մի հետաքրքիր միտք ունի այդ մասին, նա ասում է՝ «Կյանքը սար է. բարձրանում ես դանդաղ, իջնում՝ արագ»։ Ձեր կարծիքով, ովքե՞ր են մնում բարձունքում։
- Կարծում եմ, նրանք, ովքեր, բարձունքներ նվաճելիս, չեն մոռանում Աստծուն…
- Հաջողություն եւ ամենայն բարին ձեզ։

Զրուցեց
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ 

 
< Օգոստոս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31