Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՀՈՎՍԵՓ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

alt«Կամուրջ» գրական-մշակութային, հասարակական կազմակերպության նախագահ, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի հրավերով, մի քանի օր Թբիլիսիում էր գտնվում Լոս Անջելեսաբնակ ամերիկահայ ճանաչված գրականագետ, մատենագետ, թարգմանիչ (անգլերենից եւ արաբերենից հայերեն եւ՝ հակառակը), հրապարակախոս, ազգային-մշակութային-հասարակական եռանդուն գործիչ, 55-ամյա Հովսեփ Նալբանդյանը:

«Հայարտանը» կայացած երեկոն բացեց կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը՝ ներկայացնելով օրվա խորհուրդը:
Միջոցառումը վարեց Անահիտ Բոստանջյանը: Նա ներկայացրեց Նալբանդյանի կենսագրությունն ու գործունեությունը՝ կարեւորելով նրա դերը հայ, մասնավորապես՝ կալիֆոռնիահայ գրականության, գրահրատարակչության բնագավառում եւ ընդգծեց 2005թ. Նալբանդյանի հիմնադրած «Հովսեփ եւ Կարոլին Նալբանդյաններ» մատենաշարի նշանակալի դերը վերջին 10 տարիների ընթացքում շուրջ 15, թե՛ Ամերիկայում, թե՛ Հայաստանում տպագրված մեծածավալ ու արժեքավոր գրքերի հրատարակման մեջ՝ հատկապես շեշտելով 2012թ. Հ.Նալբանդյանի կողմից կազմված, խմբագրված եւ հրատարակված «Հայոց լեզու» եւ, երեկոյի ժամանակ ներկայացված, Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված, «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» (2013թ.) 688 էջանոց բարձրաճաշակ ժողովածուները, որտեղ ընդկրկված են Մաշտոցին եւ հայոց լեզվին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ, ասույթներ, թեւավոր խոսքեր՝ գերազանցապես 20-րդ դարի հայ գրողներից:
«Նալբանդյանը ծնունդով Սիրիայի Հալեպ քաղաքից է: Բարձրագույն բանասիրական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանում: Որպես մանկավարժ՝ շուրջ 30 տարի աշխատել է Հալեպի, Ալեքսանդրիայի եւ Լոս-Անջելեսի հայկական դպրոցներում: Այնուհետեւ իրեն նվիրել է գրքին ու գրահրատարակչական գործին՝ այս գործը համարելով իր կյանքի բաղկացուցիչ մասը, իր էության ու գործելակերպի հիմքը»,- իր խոսքում ասաց տիկին Բոստանջյանը՝ հավելելով, որ այս ամենի հավատչյան վերոնշյալ մատենաշարով՝ իր կազմած եւ իր հովանավորությամբ հրատարակած ստվարածավալ, արժեքավոր հոգեզավակներն են:


Հանդիպման ժամանակ Հովսեփ Նալբանդյանը սպառիչ պատասխանեց հարցերին՝ հնարավորինը ներկայացնելով լոսանջելեսահայ գաղութի նկարագիրը: Նա շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմին՝ ի դեմս Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, ինչպես նաեւ տիկին Բոստանջյանին եւ «Հայարտանը» հանդիպման համար՝ կենտրոնին նվիրելով «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» ժողովածուն:
Թբիլիսի այցելած մեր ամերիկացի հայրենակցի հետ «Հայարտանը» հանդիպելու համար հավաքվել էին հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ: Այստեղ էին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչները՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, Գեւորգ սարկավագ Անտոնյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, անվանի գործարար Սամվել Աղեկյանը, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, մանկավարժներ...
Հաջորդ օրը Հովսեփ Նալբանդյանը եղավ մայրաքաղաքի թիվ 104 հանրային հայկական դպրոցում: Այստեղ եւս Անահիտ Բոստանջյանի բացման խոսքից, դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի, ուսմասվար Ալմարի Սիրադեղյանի եւ բարձր դասարանների աշակերտներ Լիկա Մարգարյանի, Լիզա Թորոսյանի, Էրիկ Սիմոնյանի ելույթներից հետո, բավականին հետաքրքիր եւ ուսանելի հնչեց Հովսեփ Նալբանդյանի խոսքը, ինչպես նաեւ նրա պատասխանները՝ դահլիճից հնչած հարցերին:
Հովսեփ Նալբանդյանը հանդիպեց նաեւ «Վրաստան» թերթի խմբագրակազմի եւ խմբագիր Վան Բայբուրթյանի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին գերազանցապես հայ-վրաց փոխադարձ կապերին եւ թերթի գաղափարական ուղղվածությանը, տպաքանակին, տարածմանը վերաբերող հարցեր:
Թբիլիսի՝ իր այցի շրջանակներում ամերիկահայ գրողը այցելեց նաեւ Խոջիվանքի պանթեոն, Սուրբ Գեւորգ, Սուրբ Նորաշեն եւ Սուրբ Երրորդություն եկեղեցիներ, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոն, «Ազատ Մանուկյան» լուսանկարչատուն:
Ավելացնենք, որ այս օրերին, Երեւանում, ՀԳՄ-ում կայացած «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գրքի շնորհանդեսի ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգեւատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով։

ԱՆԱՀԻՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 
< Հոկտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31