Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻ. «ԵՍ ՉԵՄ ՀԵՌԱՆՈՒՄ, ԱՅԼ ԱՆՑՆՈՒՄ ԵՄ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԱՍՊԱՐԵԶ»

Էլ.փոստ Տպել PDF

Հոկտեմբերի 17-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդիպում ունեցավ Վրաստանի տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Հանդիպմանը վարչապետը մանրամասն խոսեց իր գլխավորած կառավարության առաջիկա ծրագրերի, հոկտեմբերի 27-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների, երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կուրսի ու բազում այլ հարցերի մասին։

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Վրաստանը պետք Է կարողանա կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, «Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի դիրքորոշումը բացարձակ պրագմատիկ եւ սկզբունքային է»:
«Մենք պետք է կարողանանք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա շատ ու շատ կարեւոր է Վրաստանի համար. միեւնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ մենք ոչ մի կերպ չենք փոխի Վրաստանի ձգտումը դեպի Եվրոպա»,- նշեց Իվանիշվիլին:
Անդրադառնալով Հարավային Օսեթիայում ռուս սահմանապահների գործողություններին՝ Իվանիշվիլին դրանք առնչեց «Արեւելյան գործընկերության» նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի հետ:
«Ինձ համար անհասկանալի է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման կապակցությամբ Ռուսաստանի դիրքորոշումը: Մենք կարող ենք հասկանալ, որ նրանց դուր չի գալիս ՆԱՏՕ-ն, բայց ես Ռուսաստանից նման հակազդում չէի սպասում Եվրամիությանը մեր անդամակցելու հարցում… Ներկայում մենք ընտրություն եւ խաղի լայն դաշտ չունենք սահմանամերձ գյուղերի հարցը լուծելու համար»,- հայտարարեց Իվանիշվիլին:

«ՋԱՎԱԽԵԹԻՆ ՄԻԱԿ ԵՐԿՐԱՄԱՍՆ Է, ՈՐՏԵՂ ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է»
Անդրադառնալով ազգային փոքրամասնություններով հոծաբնակ երկրամասերում առաջիկա ընտրությունների հետ կապված տրամադրվածությունների հարցին՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Սամցխե-Ջավախեթին միակ շրջանն է, որտեղ, ըստ նախնական հարցումների, Դավիթ Բաքրաձեն հաղթում է Գիորգի Մարգվելաշվիլուն։ 
Ինչպես նշեց վարչապետը, ինքը մի քանի օր առաջ այցելել էր Ախալքալաքի եւ հանդիպել տեղի բնակչությանը:
«Բնակչությունը պիտի կատարի իր ընտրությունը, եւ ոչ ոք իրավունք չունի ստիպել»,- ասաց Իվանիշվիլին եւ հավելեց, որ իրենք չեն զանգահարում իրենց գործընկերներին կամ Հայաստանի նախագահին բնակչության վրա ազդելու նպատակով, քանի որ մարդկանց պետք է տրվի հասկանալու, վերլուծելու եւ ընտրություն կատարելու հնարավորություն: Ըստ նրա, նոր կառավարությունը չպետք է օգտվի այն գործելաոճից, որը կիրառվում էր վերջին տարիների ընթացքում:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԵՄ Է ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չէր ցանկանա, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին, մասնակցի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, եթե չկարողանա հաղթել առաջինում։
«Ես խորհուրդ չէի տա Մարգվելաշվիլուն մասնակցել երկրորդ փուլին: Մարգվելաշվիլու համար վիրավորական կլինի, եթե նա 60 տոկոսից ցածր ձայն հավաքի, եւ նրա փոխարեն ես չէի շարունակի պայքարել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին: Նա նաեւ նշեց, որ «Մարգվելաշվիլին իր սեփական կարծիքն ունի եւ կկայացնի այն որոշումը, որն անհրաժեշտ կհամարի»:
Իվանիշվիլին հերթական անգամ իր վստահությունը հայտնեց, որ թեկնածուն վստահ կհաղթի առաջին իսկ փուլում:

20-ԱՄՅԱ ԺԱՄԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 17-ին հայտարարեց, թե իր գործունեության հաջորդ փուլը, որը կսկսվի քաղաքականությունից հեռանալուց հետո, նախատեսված Է քսան տարվա համար։
«Այդ փուլը կտեւի ավելի երկար՝ քսան տարի: Կարծում եմ, որ ես ֆիզիկական հնարավորություններ ունեմ դրա համար: Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, այլ անցնում եմ ավելի բարդ ասպարեզ եւ կկարողանամ անել ավելին, քան վարչապետի պաշտոնում։ Մեր գլխավոր խնդիրը հասարակությունն է, այն պետք է զարգանա… Հասարակությունը պետք է լինի եվրոպական. դա իմ երազանքն է: Ես հասարակությանը խոստացել եմ, որ քաղաքականության մեջ լինելու եմ երկու-երեք տարի եւ կարծում եմ, որ դա ինձ մոտ արդյունավետ ստացվեց»,- հայտարարեց Իվանիշվիլին:
Ավելի վաղ, Իվանիշվիլին հայտարարել էր, որ մտադիր է քաղաքականությունից հեռանալ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ հետո եւ զբաղվել քաղաքացիական սեկտորի զարգացմամբ: Ընդսմին, նա խոստացել էր, որ, ընտրություններից մեկ շաբաթ անց, կհրապարակի կառավարության նոր ղեկավարի անունը:

«ԱԶԳԱՅԻՆՆԵՐԸ» ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ
Անդրադառնալով նախկին կառավարող կուսակցության ներկայիս գործունեության հարցին՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, տեղական ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իշխանության ինը տարիների ընթացքում Սաակաշվիլու թիմը «բռնաբարում էր Վրաստանը»։ Նրա խոսքով, նախագահի թիմը «բռնություն էր իրականացնում երկրի քաղաքացիների, գործարարների, հասարակայնության նկատմամբ»:
Վրաստանի վարչապետը, մեկնաբանելով արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների հրապարակումները, որոնցում կարծիք էր հայտնել, թե իր նպատակը երկրի նախկին կառավարող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» ոչնչացումն է, հայտարարեց, որ նա ինքն է իրեն ոչնչացնում։
«Ես չեմ եկել որեւէ մեկին ոչնչացնելու եւ թշնամանք սերմանելու համար… Ես շատ բան կարող եմ ներել անձնական շփման պարագայում, ինչի պատճառով, կինս հաճախ է ինձ դիտողություն անում: «Ազգային շարժումն» իր ժողովրդի նկատմամբ բռնություններ է կիրառել: Նրանք իրենց վարքագծով իրենք են իրենց ոչնչացնում»,- հայտարարեց Իվանիշվիլին։

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Վրաստանի վարչապետի՝ գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ընթացքում ժամանակի սղության պատճառով, առանձին ԶԼՄ-ների ղեկավարները, այդ թվում՝ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, չկարողացան հրապարակավ առաջադրել իրենց հետաքրքրող հարցը, թեեւ հանդիպման վերջում, «Վրաստանի» խմբագիրը, վարչապետի հետ առանձնազրույցի ժամանակ գրավոր ներկայացրեց Վրաստանի հայկական դպրոցների համար հիմնախնդրային դարձած համարյա բոլոր առարկաների ուսուցիչների պակասի հարցը։ Այդ հարցի կարգավորման իրատեսական միջոցներից են Թբիլիսիի Իլիայի անվան համալսարանում հայկական բաժնի վերաբացումը եւ Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածությամբ՝ Հայաստանի բուհերն ավարտող վիրահայ երիտասարդների՝ առնվազն երեք տարով Վրաստանի հայկական դպրոցներում աշխատելու պարտավորության ստանձնումն է։ Բացի այդ, թերթի խմբագիրը բարձրացրել է նաեւ Վրաստանում հրատարակվող հայերեն դասագրքերի հետ կապված հարցը։

 
< Հոկտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31