Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

«ՄԵԶ ԾԱՆՈԹ ԵՎ ԱՆԾԱՆՈԹ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ»

Էլ.փոստ Տպել PDF

Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի ընդարձակ ու բարենորոգ ուսուցչանոցում էին հավաքվել կրթօջախի տնօրինությունը, մանկավարժական կազմն ու բարձր դասարանների աշակետները, մայրաքաղաքի հայ հասարակայնության եւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:

Հանդիպումը, որն այստեղ էր հրավիրել նրանց բոլորին, իր բնույթով առաջնեկն էր դպրոցում այսուհետ անցկացվելիք միջոցառումների այն շարքի, որը նվիրված է լինելու համայնքի հայտնի անուններին, նրանց կյանքի, գործունեության հետ ծանոթությանն ու հանդիպումներին, եւ որի նախաձեռնությունն ու մտահղացումը պատկանում է դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանին:
Միջոցառումների այս շղթայի մեջ առաջինը լինելու պատիվը վերապահված էր անվանի բանստեղծուհի, թարգմանչուհի, «Վրաստան» թերթի լրագրող, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր, գրահրատարակիչ, Վրաստանի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ Անահիտ Բոստանջյանին:
«Մեզ ծանոթ եւ անծանոթ Անահիտ Բոստանջյանը» խորագրով այս անսովոր հանդիպման ձեւաչափն ու ընթացքը, որը բավականին ինքնատիպ ու հետաքրքիր էր, տեւեց մեկ ժամից մի փոքր ավելի: Նախ  աշակերտները ներկայացրին Անահիտ Բոստանջյանին ու նրա գործունեությունը: Այնուհետեւ, նրա մասին գնահատանքի ու մեծարանքի ջերմ խոսքեր ասաց Իրինա Ժամկոչյանը՝ առանձնապես ընդգծելով, որ Անահիտ Բոստանջյանը իրենց դպրոցի ամենահարազատ մարդկանցից մեկն է ոչ միայն ստեղծագործական առումով, այլեւ որպես դպրոցի հին ու հավատարիմ ծնող։ «Նրա ե’ւ դուստրերը, ե’ւ դստեր երեխաները մեր դպրոցի սաներն են»,- ընդգծեց նա: Այնուհետեւ դպրոցի աշակերտներն ընթերցեցին Բոստանջյանի բանաստեղծություններից: Դրանից հետո բանաստեղծուհին իր խոհերը կիսեց ներկաների հետ իր մտաղացումների ու ծրագրերի մասին, պատմեց իր կյանքից որոշ դրվագներ՝ դեռեւս անհայտ շատերին, ապա եւ պատասխանեց այն հարցերին, որոնք ուղղեցին նրան մանկավարժներն ու աշակերտները:
Միջոցառմանը ներկա էին նաեւ բանաստեղծուհու ընտանիքի անդամները, այդ թվում՝ մայրը՝ նախկին մանկավարժ, 91-ամյա Մանիկ Դանիելյանը:
Հավելենք, որ մի քանի օր առաջ նույն կրթօջախի գրադարանում կայացավ եւս մեկ հանդիպում՝ «Գրող-ընթերցող» խորագրով՝ վիրահայ գրողներ Խաժակ Եփրիկյանի եւ Ստանիսլավ Մելքոնյանի հետ, որը կազմակերպել էր գրադարանավարուհի Հասմիկ Անտոնյանը։

ՎԱԼԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆՑ
Արձակագիր

 
< Նոյեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30