Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ - 100

Էլ.փոստ Տպել PDF

altԱրձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Վրաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների անդամ, Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի երկարամյա նախագահ, «Վրաստան» թերթի մշակույթի եւ գիտության բաժնի երկարամյա վարիչ։
Ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 12-ին, Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում։ Մանկությունից բնակվում է Թբիլիսիում։ 18 տարեկան հասակում, մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, որպես մանկավարժ է աշխատել Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Օչամչիրեի շրջանում, ապա՝ ծննդավայրում, Թբիլիսիում։ 1933 թվականից մինչեւ 2003թ., 70 տարի աշխատել է «Վրաստան» թերթում։ 20 տարեկան հասակից սկսել է աշխատել նախ որպես արխիվարիուս, ապա արդյունաբերական բաժնի հրահանգիչ, հետո այդ բաժնի վարիչ, իսկ 1960 թվականից մինչեւ կյանքի վերջ, գլխավորել է թերթի մշակույթի եւ գիտության բաժինը։ Հեղինակ է 50-ից ավելի գրքերի, որոնք հրատարակվել են Թբիլիսիում, Երեւանում, Մոսկվայում, արտասահմանյան երկրներում։ Թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, ռուսերեն եւ հրատարակվել առանձին գրքերով։
Բենիկ Սեյրանյանը զորընդեղ կամուրջ էր հայ եւ վրաց գրականությունների միջեւ, հավասարապես սիրված ու հարգված թե’ հայ գրողների կողմից՝ Հայաստանում, թե’ վրաց գրողների։ Նա վրաց գրականության դեսպանն էր Հայաստանում եւ հայ գրականության դեսպանը՝ Վրաստանում։
Ամենուրեք սիրված, ամենուրեք գնահատված, մեծարված, շրջապատում իր համով-հոտով զրույցով, իր՝ թող որ նաեւ գեղեցիկ արտաքինով աչքի ընկնող, գրական, մշակութային, լրագրողական աշխարհի այս իսկապես մեծ գործչին, որը նաեւ մինչեւ օրս չփոխարինող թամադա էր, ճանաչողներն ու իր հետ շփվողները «քայլող հանրագիտարան» էին անվանում նրան։ Խոսքի տեր մարդ էր նաեւ։ Այսօր գրողների ու լրագրողների ոչ քիչ բանակ կա թե’ Հայաստանում, թե’ Վրաստանում, որոնք կրթվել-դաստիարակվել են Սեյրանյանի դասերով, պատգամներով, ուղղորդումներով, որոնք մեծապես շնորհակալ են նրան։

ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՄԵԾ ԹԲԻԼԻՍՑԻ ԷՐ
Թվում է՝ կենդանի է, ողջ է։ Ահա որտեղ որ է կբացի իմ աշխատասենյակի դուռը ու մեծահոգի ժպիտը դեմքին ներս կմտնի, կողջունի ինձ, ես իրեն կողջագուրվեմ, նա ինձ կասի՝ գենացվալե Ջանսուղ, ես իրեն կասեմ՝ ցավդ տանեմ, Բենի’կ։ Հետո մեր ժողովուրդների մասին կխոսենք, այն մասին, թե որքան հին ենք մենք ու վաղնջական։ Հետո երկուսս էլ նույնը կասենք, մենք պարտավոր ենք շարունակել մեր նախնյաց պատգամները՝ երբեք չդավաճանել միմյանց ու մի նոր գեղեցիկ բարեկամություն պահ տալ սերունդներին…
Բայց… Տխրում եմ մի պահ, որ կենդանի չէ նա։ Բայց եւ նույն պահին ուրախության ալիքն է հորդում մեջս եւ հպարտության, որ ունեցել եմ Բենիկ Սեյրանյանի նման ավագ եղբայր, որ մենք՝ հայերն ու վրացիներս ունեցել ենք այսպիսի մեծ թբիլիսցի, ազնվական թբիլիսցի։

ՋԱՆՍՈՒՂ ՉԱՐԿՎԻԱՆԻ
Վրաստանի ժողովրդական բանաստեղծ

ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԿՀՊԱՐՏԱՆԱ ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆՈՎ
Դեռեւս շատ էի երիտասարդ, երբ հայ մեծ գրող Բենիկ Սեյրանյանը, որ ի երջանկություն նաեւ մեզ՝ վրացիներիս, գլխավորում էր գրողների միության հայկական մասնաճյուղը, խմբագրում գրողների միության «Կամուրջ» տարեգիրքը։ Յուրաքանչյուր հանդիպում այդ մեծ մարդու հետ հարուստ զգացումներով էր համակում հոգիս։
Մենք բոլորս՝ մեր սերունդը, վստահում էր նրան, նրա ուժին, նրա հոգու լույսին, պայծառությանը, սիրում էի նրա նովելները, որոնք վրացերեն առանձին ժողովածուով լույս էր տեսել Թբիլիսիում եւ հաճախ կարդում-վերընթերցում էի դրանք։
Խոնարհվում եմ նրա հիշատակի առջեւ։

ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ
Վրաստանի գրողների միության նախագահ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԻՐԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ
Այն ե՞րբ էր, երբ դեռ մանուկ, Հայաստանի Կոթի գյուղից եկավ Վրաստան, քաղաք եկավ... Իսկ քաղաքը Թիֆլիսն էր՝ պատվական ու մեծ... Սիրտը բաց, հյուրընկալ, սուփրեն միշտ բաց ու առատ... Իսկ մարդիկ բարի ու աննախանձ, պարզ ու անմիջական... Բայց, ի տարբերություն իրենց գյուղի, վրացի ու հայ, ռուս ու հրեա, թուրք ու հույն, քուրդ ու գնչու, ուկրաինացի... Ու այս բոլորն էլ սիրով իրար հանդեպ, հաշտ ու խաղաղ… Մի տան պես ու մի օջախի...
...Հետո պիտի դպրոց գնար քաղաքում, ավարտեր պիտի դպրոցն ու կամաց-կամաց մերվեր պիտի, ձուլվեր գրին, գրականությանը ու լրագրությանը ու իր գրչով մարդ արարածին ուղղորդեր դեպի լավը, բարին, գեղեցիկը...
…Ու թբիլիսահայ էն օրերի խստապահանջ ընթերցողը պիտի հպարտանար, որ մեծ գրող է հասունանում իր քաղաքում, որ Բենիկ Սեյրանյան անվամբ նոր լուսատու է ձեւավորվում, որ հետո պիտի մի ուրույն շուք ու շողքով ճառագի հայ գրականության երկնակամարից:
... Առաջինը, ով նկատեց-տեսավ նրան, 30-ական թվականների թբիլիսցի ճանաչված վիրահայ գրողներից Մատթեւոս Դարբինյանը եղավ... Գիտե՞ս, ասաց, տղա ջան, եթե գրող ես ուզում դառանալ, հարվածների էլ պիտի դիմանաս... Տղան լուռ հակեց գլուխը… ի նշան համաձայնության…
Տեխնիկումն ու ինստիտուտը ավարտելուց հետո, ուսուցիչ աշխատեց երիտասարդ Բենիկը Վրաստանի Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Օչամչիրեի շրջանում, հետո՝ հարազատ Կոթի գյուղում, հետո նորից սիրելի Թիֆլիս վերադարձավ ու խմբագրությունում անցավ աշխատանքի, մեր թերթի խմբագրությունում։ ...Ու մնաց թերթում... Մնաց որպես մշակույթի ու գիտության բաժնի անգերազանցելի ղեկավար… 57 տարի մնաց... Մնաց մինչեւ երկրային կյանքի իր ավարտը... Մի ամբո՜ղջ կյանք... Ու գրեց թերթում, գրեց թերթի համար, ընթերցողի համար, գրականության համար, մարդու համար, մարդու կատարելության համար, մարդու մա’րդ մնալու համար… Գրեց, ու ինքն էլ գեղեցիկ ապրեց, իր արտաքին գեղեցկությանն այնքան հար ու հարիր գեղեցկությամբ: Գեղեցիկ գործ արեց՝ սերունդներին պահ տալու, գրականություն ստեղծեց՝ հայ գրականության անդաստանում մնայուն գրականություն, եւ իր հարազատ օջախը՝ «Վրաստան» թերթը, հարստացրեց սիրուն-սիրուն ակնարկներով, հումորեսկներով, մանրապատումներով ու թարգմանություններով. հայ բեմի համար պիեսներ արարեց՝ դարձյալ տպավորիչ ու գրավիչ, եւ հսկա կամուրջ դարձավ հայ ու վրաց ժողովուրդների բազմադարյան բարեկամության ի’ր ապրած ժամանակահատվածում եւ Վրաստանի հայ գրականության կենտրոնաձիգ ուժը եղավ՝ տարիներ շարունակ ղեկավարելով Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը... Գրական ասուլիսների, գրքերի քննարկումների, հանդիպումների, միջոցառումների հիանալի շարք ու շարաններով գրականության, լեզվի ու խոսքի բոլոր սիրահարներին շաբաթը մեկ-երկու անգամ ձգելով-հասցնելով Մաչաբելի 13, Վրաստանի գրողների միության առանձնատունը… Ու հրաշալի’ չեխովյան, բակունցյան, բայց ինքնատիպ սեյրանյանական շնչով նորավեպեր գրեց (որոնց մեջ հատկապես առանձնանում է «Սրտի ծուխ» նովելը՝ Մեծն Կոմիտասի հիշատակին նվիրված, որի համար 1969-ին, Բեյրութում նրան շնորհվեց Համազգային մրցույթի առաջին մրցանակը), վեպեր, վիպակներ, պատմվածքներ, դրամաներ արարեց, որոնք տեղ գտան տարիների ընթացքում Վրաստանում, Հայաստանում, Սփյուռքում հրատարակված նրա 50-ից ավելի բազմաժանր ու թարգմանական հայերեն, վրացերեն, ռուսերեն ժողովածուներում... Որպես հոգու պարտք՝ կյանքի վերջին տարիներին Խոջիվանքի (ուր այսօր հայոց մեծաց կողքին հանգչում է նրա մարմինը) հայ գրողների ու հասարակական գործիչների կենսագրություններն ու գործունեության տվյալները հավաքեց-ի մի բերեց ու իր կրտսեր գրչընկերոջ՝ իր հուղարկավորության օրը հանկարծամահ Օքրո Օքրոյանի հետ միասին կազմեց-հրատարակեց առանձին տեղեկատու գրքով՝ «Պանթեոն մեծաց»-ը (որ այսօր կարող է օգնել ցանկացած հրատարակչի՝ ամբողջացնելու համար պատմությունը Խոջիվանքի)… Ու քանի՜-քանի տարի «Կամուրջ» տարեգիրքն էլ ղեկավարեց՝ կենտրոնում պահելով հայ-վրաց գրականությունների փոխճանաչողությունը, մեր ազգերի բարեկամությունը (որ հետո գրական  ուսուցչի, հայրական սիրով նաեւ պիտի ինձ վստահեր, ինչպես եւ տարիներ առաջ՝ հեռավոր 1975-ին ինձ վստահեց «Մերանի» հրատարակչության հայկական բաժանմունքի խմբագրի պատասխանատու պաշտոնը…) Ու նաեւ ի՜նչ հիանալի, ի՜նչ գեղեցիկ ընտանիք ունեցավ. կինը՝ վատակաշատ մանկավարժ տիկին Օլյա Էդիլյանը (ում մահն էլ, թերեւս, արագացրեց մեծ գրողի վախճանը), զավակները՝ գիտնականներ Վալերի եւ Գագիկ Սեյրանյանները...
Այո’, Բենիկ Սեյրանյանը հրաշալի էր տեսնում գեղեցիկը, լավը, բարին... Տեսնում էր, որովհետեւ իսկապես կրում էր իր մեջ գեղեցիկը... Ամեն օր, ամեն պահ աշխարհ-հայելու մեջ իր արտացոլքը տեսնելով՝ այդ արտացոլքը միշտ գեղեցիկ պահելու չվերջացող ձգտումով...
Եվ խորհրդանշանական բաներ էլ եղան կյանքում՝ 3 թիվը նաեւ, ինչպես խաչ... 1913 ին ծնվեց, 1933-ին սկսեց թերթում աշխատել... 2003-ին մահկանացուն կնքեց... Իսկ Հայոց մեծ եղեռնի ցավով տրոփող սիրտն էլ հենց Եղեռնի օրը ավարտեց իր տրոփը… 2003 թվականի ապրիլի 24-ին...
...Ու հիմա ահա, երբ մի քանի օրից՝ դեկտեմբերի 12-ին, լրանում է հայ գրականության դասականի, այս մեծ գրողի ու մեծ մարդու 100-ամյակը, երբ արդեն 10 տարի է անցել ու հիշում ենք իրեն, ակամա լցվում են աչքերս։
…Սովորական, երբեմն արտաքուստ չնչին թվացող երեւույթների ու աննշմար, այսպես ասած փոքր մարդկանց՝ պարզ ու հմայիչ հերոսների մի ամբողջ պատկերասրահ, մի ամբողջ գեղագիտական բարձրարժեք համակարգ ստեղծեց ստեղծագործական իր բեղմնավոր կյանքում Բենիկ Սեյրանյանը երեւան հանեց ֆլոբերյան ինչ ու ինչպես սկզբունքով կառուցված, հետեւաբար դրամատիզմ ստեղծող երեւույթներ, պեղեց դրանք՝ մաքուրն ու գեղեցիկը երեւան հանելով, գեղեցկացնելով նաեւ մեզ դրանով:
…Տասնամյակներ շարունակ մեր կողքին ապրած, մեզ հետ խոսող-զրուցող, մեր ու վրացի իր հրաշք գրչընկերների՝ Ավետիք Իսահակյանի, Գուրգեն Մահարու, Համո Սահյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սիլվա Կապուտիկյանի, Մարո Մարգարյանի, Վահագն Դավթյանի, Աղասի Այվազյանի, Արտաշես Մխիթարյանի, Կորյուն Ազրոյանի, Գեւորգ Հայրյանի, Ռուբեն Զարյանի, Կոնստանտինե Գամսախուրդիայի, Նոդար Դումբաձեի, Ջանսուղ Չարկվիանու, Ռեւազ Միշվելաձեի, Մորիս Փոցխիշվիլու, Իրակլի Աբաշիձեի, Լեւոն Մելիքսեթ-բեկի, Ռեւազ Մարգիանու եւ բազմաթիվ այլ մեծաց հետ բարեկամություն արած ու, որպես անզուգական թամադա, նաեւ սեղան բոլորած, քեֆ արած, ինչպես կոչում էինք նրան «քայլող հանրագիտարանը» (Չէ՞ որ, Թբիլիսիի ու վիրահայերի, հայ գրականության հարցերում գիտեր ու հիշում էր ամեն ինչ¤, կյանքի դպրոցում կատարելագործվելու հարուստ դասեր տվեց բոլորիս, դասերից ամեն մեկը մի հիանալի պատգամ...
Մեծերը չեն մեռնում... Եթե մենք չմեռցնենք նրանց… չմեռցնենք նախ՝ մեր Սեյրանյանի խոսքերով իսկ ասած «մեղավոր լռությամբ», ասել է թե՝ անտարբերությամբ, որ ժամանակի ամենակործանարար անջրպետերից է:
Գրքերով, նրան նվիրված հանդիպումներով, հատկապես դպրոցներում, որ նոր սերունդն էլ լավ ճանաչի ու կարդա նրան, նրա մասին գրանագիտական հոդվածներով, հուշագրություններով, հրապարակումներով…
Ուրեմն, շտապենք, սիրելի բարեկամներ... Լսենք հենց Բենիկ Սեյրանյանին... Իր մասին չի ասել, բայց մենք իրեն վերագրենք: «Շտապի’ր, վաղն ուզենաս, այլեւս ուշ կլինի։ Չես կարողանա»։ Պարտավոր ենք վերագրել: Իր գրական, լրագրողական, թարգմանական, ազգային-հասարակական, հայ-վրացական եւ ընդհանրապես ազգերին կամրջող խոշոր գործունեությունը վկա:
Շնորհավոր մեկդարյա հոբելյանդ, մեր սիրելի Վարպետ... Մեր մեծն Բենիկ Սեյրանյան...

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Դեկտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31