Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆՎԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

Վերջերս պոեզիայի սիրահարներին հիանալի նվեր մատուցեց «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպությունը. «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով լույս տեսավ հայերենից վրացերեն թարգմանված եւս մեկ բանաստեղծական ժողովածու: Գրքի հեղինակն այս անգամ Հայաստանի Շիրակ աշխարհի ճանաչված ու Հայաստանում հայտնի բանաստեղծներից է՝ 15 գրքի հեղինակ Սամվել Մարգարյանը, ով նաեւ Գյումրիում լույս տեսնող «Շիրակ» թերթի խմբագիրն է, Շիրակի մարզի Երազգավորս գյուղում կառուցված Բագրատունյաց փառքի հուշապուրակի հիմնադիր կառուցողը, իսկ թարգմանիչը՝ մատենաշարի հիմնադիր, ՀԿ նախագահ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը:

Հետաքրքիր ու հարուստ է Սամվել Մարգարյանի բարդ, միաժամանակ մատչելի ու պարզ բանաստեղծական աշխարհը՝ իրականի ու երազայինի կենդանի համադրությամբ, ընթերցողի հետ անկեղծ զրույց ծավալելու աստվածատուր շնորհով: Քաղաքացիական բարձր կենսադիրք, խոր հայրենասիրություն, արմատների ու ակունքների, մասնավորապես, Էրգրի՝ կորուսյալ հայրենիքի հանդեպ որդիական ի խորոց սրտի նվիրվածություն, աստեղաց նման միշտ լույս տալու ձգտում, մարդասիրություն. ահա նրա քերթվածների առանցքը: Քերթվածներ, որոնցից գրեթե յուրաքանչյուրից ցոլանում է մարդկային բարի ժպիտը, սիրող սիրտը եւ Վեհի ու Գեղեցիկի զգացողությամբ ապրող պոետական մի հոգի: Հուզիչ է բանստեղծությունների այն շարքը, որոնց մեջ Մարգարյանի մխացող սիրտն է լալիս մեր կորուսյալ հայրենիքի համար՝ Կարսի ու Վանի, Անիի ու Մուշի… Երբ կարդում ես դրանք, որ արգասիք են Էրգիրը աչքերով տեսած բանաստեղծի խոհերի. թվում է, նրա հետ միասին ճամփորդում ու մեկ- մեկ տեսնում ես դրանք ու ցավում, միաժամանակ, հպարտանում նախնյաց հերոսական անցյալով…
Եվ ոչ միայն ներկա Հայաստանի ու Արեւմտյան Հայաստանի սիրով է բաբախում պոետի սիրտը. նա հատկապես է սիրում իր դրկից երկիրն ու նրա ժողովրդին՝ Վրաստանն ու վրացիներին, ու այդ սիրուց է ծնվել հենց վրացերեն գիրք ունենալու նրա բուռն ցանկությունը, ինչպես առաջաբանում գրում է Անահիտ Բոստանջյանը: Կարդում ես ահա «Ասմաթի» եւ «Երկու աստղեր» բանաստեղծությունները եւ մի անգամ էլ համոզվում, թե որքան է սիրում մարդուն Մարգարյանը, թե որքան թանկ է նրա համար եղբայրական վրաց ժողովուրդն ու նրա մշակույթը, ինչ բարձր է գնահատում նա մեր ազգերի դարավոր բարեկամության բարի ավանդույթներն ու ինչ սիրով փորձում իր բաժին աղյուսն էլ դնել մեր միասնական կամրջի հիմնաքարին: Իսկ այս ամենը սնունդ են առնում  մերձավորի եւ ընդհանրապես մարդու հանդեպ մի հոգեցունց սիրուց, որը, ինչպես իր առաջաբանում նշում է գրքի խմբագիր, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, նրա պոեզիայի սնուցող աղբյուրն է, եւ որի խորապես գիտակցումից է, որ բանաստեղծի համար եւս, ինչպես ամեն հավատացյալ մարդու, թանկ է Քրիստոսի պատգամը՝ Սիրեցեք զմիմեանս… ու նաեւ մյուսը՝ Սիրիր թշնամուդ…
Այս ամենն է ահա գեղեցիկ պահում կյանքը, եւ բանաստեղծի կոչումն էլ հենց կյանքը գեղեցկացնելու ու սիրով պահելու մեջ է:
Իսկ գրքի թարգմանչի մասին խոսելիս՝ դարձյալ մեջբերենք Մաղվալա Գոնաշվիլու խոսքերը. «Անահիտ Բոստանջյանի գրչին ոչ մեկ թարգմանական ժողովածու է պատկանում, որոնք վրաց ընթերցողի կողմից ընդունվել են սիրով ու հավանությամբ»:
 Եվ այնուամենայնիվ, ո՞րն է այս գրքի, այս մատենաշարի, թարգմանության ամենակարեւոր նշանակությունն ու առքելությունը: Պատասխանը մեկն է ու աներկբա. կառուցել հոգեւոր օդային կամուրջներ մեր դրկից ժողովուրդների միջեւ, միմյանց ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն ստեղծել, քանզի հոգեւոր կապերը, որոնք հյուսված են խղճից, բարուց, սիրուց ու զորակցությունից, ոչինչ եւ ոչ ոք ի զորու չէ քանդել: Երբեք:
Երեւի հենց այս իրողությունն էլ ծնունդ է տվել մի այլ իրողության, որի մասին ուզում եմ անպայման նշել խոսքիս վերջում: Բանն այն է, որ «Թարգմանական գրականության գրադարան» արդեն 5-6 տարվա պատմություն ունեցող մատենաշարը, որի քաղցր պտուղերից մեկն էլ, ասեմ շնորհակալությամբ, իմ հայերեն ժողովածուն է, եւ որն առ այսօր իր բարի կամքով հովանավորում էր ինքը՝ Անահիտ Բոստանջյանը, արդեն գտել է իր ազնվագույն մեկենասին: Դա ամերիկաբնակ բանաստեղծ Ավիկ Դերենց-Դեիրմենջյանն է, որի գիրքը եւս վերջերս ստացավ վրացի ընթերցողը… Նա, ինչպես  երախտագիտությամբ եւ ուրախությամբ հավաստում է Անահիտ Բոստանջյանը, այսուհետեւ միշտ կաջակցի մատենաշարով հրատարակվող գրքերի հրատարակությանը… Շնորհակալություն այդ բարի ու տաղանդաշատ հայորդուն այս բարի առաքելության համար: Եվ մենք, եւ սերունդները դա երբեք չենք մոռանա: Սերն ու բարեգթությունը անմոռանալի են:
Շնորհակալություն ասենք նաեւ մյուսներին, ովքեր աշխատել են գրքի վրա՝ Անրի Գրիգորյան, Դալի Ջվարեիշվիլի, Մանանա Գորգիշվիլի: Եվ նորից ու կրկին հեղինակին՝ գրքում նաեւ իր կենսագրությամբ ու գործունեությամբ ներկայացված Սամվել Մարգարյանին,  միանալով բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում նրա պոեզիան՝ Հովհ.Շիրազ («Ս.Մարգարյանի «Շինելը» բանաստեղծությունը հայ պոեզիայի մարգարիտներից է»:), Ավիկ Իսահակյան, Լեւոն Անանյան, Արա Արթյան…
 Իսկ ձեզ, սիրելի վրացի ու հայ ընթերցողներ, բարու արգասիք այս գրքի բարի վայելում:

ՄԱՐԻՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
բանաստեղծուհի

 
< Փետրվար 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28