Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՑ ԿՕԳՏՎԻ ՇՈՒՐՋ 800 ՀԱԶԱՐ ՖԵՐՄԵՐ

Էլ.փոստ Տպել PDF

90 ՄԻԼԻՈՆ ԼԱՐԻ՝ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտը հայտարարել է 2014 թվականի առաջնահերթային ուղղություններից մեկը։ Ելնելով վերոնշյալից՝ գյուղատնտեսության նախարարությունը մշակել եւ կառավարության հաստատմանն էր ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք նախագծեր։ Ներկայացված առաջարկություններից մեկը վերաբերում էր սակավահող ֆերմերներին աջակցության ցուցաբերմանը։ Ի՞նչ օգնություն է նախատեսում ցուցաբերել պետությունը, ֆերմերները, անցյալ տարվա օրինակով, ընթացիկ տարում կստանա՞ն արդյոք արտոնյալ գներով վառելանյութի, սերմանյութի, պարարտանյութի, գյուղատնտեսական գործիքների ձեռքբերման վաուչերներ, եւ, ընդհանրապես, ի՞նչ է նախատեսում գյուղատնտեսության նախարարության կողմից հատուկ ընթացիկ գարնանային աշխատանքների խրախուսման համար մշակած նախագիծը։

Հաշվի առնելով թեմայի հրատապությունը՝ մենք զրուցեցինք նախարարության կողմից մշակված եւ կառավարության կողմից արդեն հաստատված «2014 թվականի գարնանային աշխատանքների կատարման համար սակավահող ֆերմերների աջակցության» նախագծի մենեջեր Դավիթ Կիկնաձեի հետ։
- Բատոնո Դավիթ, երկրի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ, այս տարի ֆերմերներին, գարնանային աշխատանքների կատարման նպատակով, անցյալ տարվա համեմատությամբ, առավել ձեռնտու պայմաններ են առաջարկվում։ Ի՞նչ նորամուծություններ են ներառված նախագծում, եւ որքա՞ն է հատկացված նախագծի իրականցման համար։
- «2014 թվականի գարնանային աշխատանքների կատարման համար սակավահող ֆերմերների աջակցության» նախագծի իրականացման համար հատկացվել է շուրջ 90 միլիոն լարի։ Նախագիծը ֆինանսավորվելու է պետական բյուջեից եւ հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԱ) «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից», իսկ դրա իրականացումն հանձնարարվել է ՀԻԻԱ Գյուղատնտեսական նախագծերի կառավարման գործակալությանը։
- Անցյալ տարի համանման նախագծի իրականացման ժամանակ պարզվեց, որ նախօրոք կազմված ցուցակները հստակեցված չէին, եւ շատերը գյուղատնտեսական տոմսակներ չստացան։
- Ցավոք, անցյալ տարի նման փաստեր վավերացվեցին։ Անցյալ տարի մունիցիպալիտետների վարչությունների կողմից տոմսակների հանձնման գործընթացում տեղ գտան թերացումներ։ Այս տարի ցուցակների հստակեցման ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարվեցին, եւ արդյունքում՝ ցուցակների հստակեցումից հետո այս տարի գյուղատնտեսական աշխատանքների աջակցության նախագծից կկարողանա օգտվել ավելի քան 800 հազար սակավահող ֆերմեր։ Ավելացնեմ, որ այս տարի նախագծի մասնակիցների թիվը շատ ավելի մեծ կլինի։
- Ըստ նախագծի, նվազագույնը ի՞նչ մեծության հողամաս պետք է ունենա ֆերմերը, որ կարողանա օգտվել նախագծով նախատեսված արտոնություններից։
- Հողատարածքների մեծության տեսանկյունից ֆերմերները բաժանվել են երկու կատեգորիաների՝ ֆերմերներ, ովքեր ունեն մինչեւ 0,25 հեկտար հողամաս, եւ ֆերմերներ, որոնց տնօրինության տակ կա 0,25-ից մինչեւ 1,25 հեկտար հողամաս։ Ընդհանուր առմամբ, «2014 թվականի գարնանային աշխատանքների կատարման համար սակավահող ֆերմերների աջակցության» նախագծին կարող են մասնակցել բոլոր այն ֆերմերները, ովքեր իրենց սեփականության ներքո կամ վարձակալության կարգով ունեն մինչեւ 1,25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ աճեցնում են միամյա կամ բազմամյա մշակաբույսեր։
- Իսկ նախագծով ի՞նչ օգնություն է ցուցաբերվելու ֆերմերներին, ի՞նչ վաուչերներ կտրվեն նրանց։
- Այս տարի «2014 թվականի գարնանային աշխատանքների կատարման համար սակավահող ֆերմերների աջակցության» նախագծին մասնակից ֆերմերները կօգտվեն երկու տեսակի տոմսակներից։ Առաջինը հերկի տոմսակն է, երկրորդը այսպես կոչված «ագրոտոմսակը»։
Ինչպես երեւում է անվանումից, առաջին տոմսակը նախատեսված է հերկի աշխատանքների իրականացման, իսկ երկրորդը գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերման համար։ Վերջինս, ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի կտրվի բանկային պլաստիկ քարտերի տեսքով։ Յուրաքանչյուր քարտը նախատեսված է 50 միավորի համար։
- Գուցե մանրամասնեք, թե ինչո՞վ է պայմանավորված բանկային պլաստիկ քարտի առավելությունը։
- Միանգամից նշեմ, որ «Լիբերթի բանկի» կողմից պատրաստած պլաստիկ քարտով ֆերմերը շատ ավելի ճկուն եւ փոխշահավետ հարաբերություններ կկարողանա հաստատել գյուղատնտեսական ապրանքների մատակարարների (խանութների¤ հետ։ Պլաստիկ քարտով ֆերմերը, ի տարբերություն անցյալ տարվա պրակտիկայի, ցանկալի ապրանքները կարող է գնել տարբեր խանութներում մաս-մաս եւ ժամանակի ավելի երկար հատվածում։
- Անցյալ տարի գործարկված նախագիծը ֆերմերներին հնարավորություն տվեց ձեռք բերել գյուղատնտեսական գործիքներ։ Այս տարի ի՞նչ է նախատեսված այդ տեսանկյունից։
- Իրոք, անցյալ տարվա նախագծով ֆերմերներին ընձեռվեց 53 միլիոն լարիի գյուղատնտեսական գործիքներ գնելու հնարավորություն։ Այս տարի նման ոչինչ նախատեսված չէ, քանի որ անցյալ տարի գնված գործիքներից ֆերմերները կարող են օգտվել ե՚ւ այս, ե՚ւ հաջորդ տարիներին։
- Անդրադառնանք «հերկի տոմսակին»։ Վրաստանի տարածաշրջաններում հերկի աշխատանքները սկսվում են տարբեր ժամանակներում։ Առանձին վայրերում դրանք արդեն սկսվել են։ Ինչպե՞ս է նախատեսվում «Հերկի տոմսակի» օգտագործման ընթացակարգը։
- Հաշվի առնելով ընթացիկ տարվա սառնամանիքները՝ երկրի տարածքի նշանակալի մասում հողային աշխատանքները չեն սկսվել։ Մասնակիորեն, դրանք մեկնարկել են Քվեմո Քարթլիի տարածաշրջանում։ Մենք հաշվի ենք առել այդ ֆերմերների դրությունը, եւ բոլոր ֆերմերները, ովքեր հերկը սկսել են, «Հերկի տոմսակներն» արդեն ստացել են։ Նրանք, ովքեր ուշացումով են ստացել այդ տոմսակները, իրավասու են դրանք վերադարձնել եւ այդ տոմսակներով նախատեսված գումարը, ավտոմատորեն կավելացվի «Ագրոտոմսակի» գումարին։
Նշեմ, որ վերոնշյալ գործընթացը մեր կողմից մշտական մոնիտորինգի կենթարկվի, եւ հուսով եմ, որ ֆերմերները նախագծի կիրարկումից դժգոհ չեն մնա։
- Իսկ ի՞նչ է ձեռնարկվում ֆերմերներին գյուղատնտեսական տեխնիկայով ապահովելու ուղղությամբ։
- Սակավահող ֆերմերներին գարնանային աշխատանքների, այն է՝ հողամասերի հերկման իրականացման եւ գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման գործում, երկրի ողջ մասշտաբով օգնություն կցուցաբերեն «Մեխանիզատոր» ՍՊԸ-ն եւ 117 կոնտրակտորները։
- Վերջում նախագծի կիրարկման ժամկետների մասին։ Ի՞նչ ժամկետով է այն նախատեսված եւ ե՞րբ է մեկնարկելու։
- Միանգամից ասեմ, որ «2014 թվականի գարնանային աշխատանքների կատարման համար սակավահող ֆերմերների աջակցության» նախագիծը, բերքահավաքի բացառությամբ, ներառում է գյուղատնտեսական աշխատանքների կատարման ամենաեռուն ժամանակահատվածը։ Այն մեկնարկել է փետրվարի 1-ին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջը։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Փետրվար 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28