Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

Մայիսի 24-ին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի բնակչությանը ներկայացրեց հունիսի 15-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից առաջադրվող շրջանային վարչությունների ղեկավարների թեկնածուներին։

Ինչպես հայտարարեց Իրակլի Ղարիբաշվիլին, կոալիցիան տարածաշրջանի բնակչությանն է ներկայացրել բոլորին քաջ հայտնի թեկնածուներ։ Նա համոզվածություն հայտնեց, որ կոալիցիան հաղթանակով կավարտի ընտրությունները։ Վարչապետը Ախալցիխեի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար ներկայացրեց Գիորգի Կապանաձեի, Ախալցիխեի քաղաքապետի պաշտոնի համար՝ Զազա Մելիքիձեի, Ախալքալաքիի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Էդուարդ Աղասարյանի, Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Գագիկ Կարսլյանի, Բորժոմիի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Դմիտրի Ղիփիանու, Ադիգենիի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Զաքարիա Էնդելաձեի, Ասպինձայի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Լեւան Ցաբաձեի թեկնածությունները։
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան կատարած ուղեւորությունը Վրաստանի վարչապետը սկսեց Ախալքալաքիի շրջանի Կարծախ գյուղում գտնվող մաքսակետ կատարած այցելությամբ։ Վարչապետը տեղի բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ այս շինարարության վրա ծասվել է շուրջ 10 միլիոն լարի, եւ ներկայումս այստեղ աշխատող 100 մարդուն, մաքսակետի գործարկումից հետո, կավելանան եւս 70-ը, հիմնականում՝ տեղացիներ։
Վրաստանի կառավարության ղեկավարը ծանոթացավ նաեւ Մարաբդա-Ախալքալաքի-Կարծախ երկաթուղու շինարարության ընթացքին։ Շինարարների հետ հանդիպմանը նշվեց, որ նախագծի իրականացման դեպքում զգալիորեն կաճի ապրանքաշրջանառությունը, ինչը կնպաստի տնտեսական աճին։
Տարածաշրջան կատարած այցի շրջանակներում, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եղավ Ախալքալաքիի շրջանի Չամդուրա գյուղում։ Տեղի բնակիչների հետ հանդիպմանը  բարձրացվեց հողերի ոռոգման եւ ճանապարհների վերանորոգման հարցը։ Կառավարության ղեկավարի խոսքերով, գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում, վերոնշյալ աշխատանքներն արդեն սկսվել են եւ կավարտվեն տարվա վերջին։ «Հիմնախնդիրներ ամենուրեք կան, սակայն պետք է կարողանանք հստակեցնել առաջնահերթությունները եւ կատարել իրատեսական քայլեր։ Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի, եւ մեր կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի»,- հայտարարեց վարչապետը։
Անդրադառնալով տարածաշրջանի ոչ վրաց բնակչության պետական լեզվի ուսուցման թեմային՝ Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է վերոնշյալ հիմնախնդրի կարգավորման եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին ակտիվ ներգրավման համար։ «Այսօր մեր շրջապատում շատ կան այնպիսի մարդիկ, ովքեր չեն տիրապետում պետական լեզվին։ Մենք պարտավոր ենք օգնել, որ յուրացնեն վրաց լեզուն եւ ակտիվորեն ներգրավվեն մեր երկրի շինարարության ու զարգացման գործում։ Այս երկրամասի բոլոր բնակիչները պետք է իրենց զգան վերջնականապես ինտեգրված վրացական պետության մեջ։ Մենք նաեւ աջակցելու ենք ձեր մայրենի լեզվի պահպանության գործին եւ խոստանում ենք, որ այն կպաշտպանենք»,- հայտարարեց վարչապետը։
Ախալքալաքիից վարչապետը ուղեւորվեց Ասպինձա։ Տեղի բնակիչների հետ հանդիպմանը, Իրակլի Ղարիբաշվիլին շեշտը դրեց գյուղատնտեսության զարգացման վրա՝ նշելով, որ ոլորտի առաջընթացի ապահովումն իր գլխավորած կառավարության առաջնահերթությունն է։
Տարածաշրջանային այցի ավարտին վարչապետը եղավ Ախալցիխեում։ Ախալցիխեի բնակիչների հետ հանդիպմանը վարչապետը նշեց, որ կառավարության առաջնահերթությունը գյուղատնտեսության վերածնունդն է։ «Մենք սկսել ենք հանձնել ագրովարկեր, որոնք դրական արդյունք են բերում։ Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագիրը, ինչը երկրի բոլոր տարածաշրջաններում նախատեսում է տեղական արտադրության վերականգնում։ Արդյունքում՝ կառաջանան նոր աշխատատեղեր, կբարելավվի տեղական արտադրանքի որակը»,- հայտարարեց վարչապետը։

 
< Հունիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30