Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի, այդ համաձայնագրում ազգային փոքրամասնություններին նվիրված բաժնի, ազգային փոքրամասնությունների ինտեգրմանն ուղղված միջոցառումների մասին մեր հարցերին պատասխանում է Վրաստանի հաշտեցման եւ իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։
- Բատոնո Պաատա, բնականաբար, առաջին հարցը վերաբերում է հունիսի 27-ին ստորագրած Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրին։ Ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ համաձայնագրի կիրարկումից։- Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի նշանակության մասին շատ է գրվել ու ասվել։ Այն ներառում է երկրի կյանքի բոլոր ոլորտները։ Համաձայնագրով անմիջականորեն ազատ առեւտրի մասին պայմանավորվածությունն ինքնին վիթխարի նշանակություն ունի երկրի էկոնոմիկայի ու առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացու համար։
Ասոցիացման համաձայնագրում առանձին բաժին է հատկացված ազգային փոքրամասնությունների հարցին։ Այս տեսակետից հատկանշական է մի հանգամանք։ Եվրոպական մեր գործընկերները ազգային փոքրամասնությունների հետ հարաբերություններում երկրին շատ ավելի մեծ պարտավորություններ են պարտադրում, քան դրանք նախատեսված են համաձայնագրով։ Ներկայացվող պարտավորությունները բազմաբնույթ են, ներառում են կրթության ու մշակութային ոլորտները։ Բնականաբար, նաեւ առանձնակի ուշադրություն է հատկացվում զբաղվածության թեմային։ Այնպես որ, Ասոցիացման համաձայնագիրն է՚լ ավելի է ընդգծում ազգային փոքրամասնությունների ինտեգրման նշանակությունը։ Բնականաբար, պետությունն ինքն էլ հնարավոր ամեն ինչ անում է ինտեգրման գործընթացի լիարժեք համընդգրկուն անցկացման համար։ Ազգային փոքրամասնություններով հոծաբնակ տարածաշրջաններում մշակվում են բազում նախագծեր, որոնցից, հավանաբար ամենանշանակալիցը պետական լեզվի ուսուցման մակարդակի բարձրացմանն ուղղված նախագիծն է։ Համոզված եմ, որ առաջիկայում ազգային փոքրամասնություններով հոծաբնակ տարածաշրջաններում՝ Սամցխե-Ջավախեթիում եւ Քվեմո Քարթլիում, վերոնշյալ նախագծերն է՚լ ավելի լայն կիրարկում կունենան։
- Վերջին ժամանակներս բավականին քննարկվելիք թեմայի է վերածվել մի քանի վիճարկելի եկեղեցիների թեման։ Խոսքը վերաբերում է ինչպես այդ եկեղեցիների պատկանելությանը, այնպես էլ՝ վերոնորոգման ու վերականգնման աշխատանքներին։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Ընդհանրապես, հարկ եմ համարում նշել, որ Վրաստանի տարածքում առկա բոլոր եկեղեցիներն ու պաշտամունքային հուշարձանները Վրաստանի մշակութային ժառանգությունն են, եւ Վրաստանի պետությունը պարտավոր է հավասարապես տնօրինել եւ խնամել դրանք։
Ինչ վերաբերում է վիճարկելի այդ մի քանի եկեղեցիներին, ապա, իմ խորին համոզմամբ, տվյալ պարագայում առաջնային պլան պետք է մղել դրանց փրկելու, վերանորոգելու հարցը։ Նախ եկեղեցիները փրկենք, ապա որոշենք, թե ում են պատկանում։ Եվ դա ակնհայտ է։ Այդ նպատակով հիմնվել է վրաց-հայկական հանձնաժողով։ Վրաստանի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների մասնագետներն աշխատում են հենց այդ հարցի շուրջ՝ երկրորդային պլան մղելով դրանց պատկանելության հարցը։ Եկեք եկեղեցիները վերականգնենք, փրկենք կործանումից, ապա որոշենք դրանց պատկանելության հարցը։ Ուրախալի է, որ այդ հարցի քննարկմանն արդյունավետորեն ներգրավվել են նաեւ միմյանց հանդեպ բարեկամաբար տրամադրված Հայաստանի եւ Վրաստանի պատրիարքարանները։ Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ապա համոզված եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ համատեղ ջանքերով մենք հստակություն կմտցնենք եկեղեցիների պատկանելության հարցում։ Համոզված եմ նաեւ, որ այդ եկեղեցիները կվերադարձվեն իրենց օրինական տերերին։
- Վերջերս ազգային կամ կրոնական հողի վրա լսվում են ոչ կոռեկտ հայտարարություններ։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Իրավացի եք, նման հայտարարություններ եւ անգամ գործողություններ, իրոք, տեղ են գտել։ Թեպետ դրանց դեմ ակտիվորեն հանդես են գալիս վրաց հասարակության մեծամասնությունն ու քաղաքագետները։ Իրոք, եղել են դեպքեր, երբ ազգային կամ կրոնական հողի վրա, իմ խորին համոզմամբ, տգետ մարդիկ իրենց թույլ են տվել ոչ կոռեկտ, վիրավորական արտահայտություններ անել։ Սակայն հավատացնում եմ, մեր հասարակայնությունը մեծ մասամբ բաղկացած է սթափ մարդկանցից, ովքեր նման դեպքերում կտրուկ եւ խիստ արձագանքում են։ Վստահեցնում եմ, որ ատելության լեզվով արված յուրաքանչյուր հայտարարություն իշխանությունների կողմից անպատասխան չի մնա։ Պետությունն իր ոչ մի քաղաքացուն սահմանափակումներ չի պարտադրում։ Գլխավորն այն է, որ քաղաքացիների գործողություններն ու հայտարարությունները վրացական պետության դեմ ուղղված չլինեն։
ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ