Վահան Տերյանը ծնվել եւ մեծացել է այն սուրբ հողում, որտեղ դեռեւս երկու հազար տարի առաջ, քրիստոնեական հավատի քարոզչության նպատակով, խաղողի որթե խաչելիությունը ձեռքին մուտք գործեց Սուրբ Նինոն եւ առաջինն այստեղ քարոզեց քրիստոնեությունը եւ շուրջ երկու հազար տարի այս հավատին հավատարիմ են մնում երկու եղբայրական ազգերի՝ Հայոսի եւ Քարթլոսի սերունդները։
Հավանաբար հիշում եք, մի քանի տասնյակ տարիներ առաջ մեծ քաղաքագետ, ներկայումս արժանահիշատակ Էդուարդ Շեւարդնաձեն, վրացիների ու հայերի եղբայրության մասին խոսելիս, հայտարարեց՝ մենք գալիս ենք երկվորյակ եղբայրներից եւ այդ եղբայրությանը ոչ մեկը չի կարող խանգարել։Հենց դա է պատճառը, որ գրեթե կես դար մեծն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայրում նշվում է այս անմոռանալի տոնը, որը միանման հարազատ է մեր երկու բարեկամ ազգերի առօրյա կյանքին։
Մենք՝ վրացիներս, ձեզ հետ միասին հպարտանում ենք նրանով, որ այստեղ, վրաց հողում ծնվել ու մեծացել են բազում հայ գրողներ ու արժանավոր քաղաքացիներ, որոնք միանման բարձրացրին ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համբավը։ Դրա վառ վկայությունն է նաեւ Վահան Տերյանի պոեզիայի տոնը։
Ասում են, գրողը մարդու հոգու ճարտարապետն է եւ, իրոք, դա այդպես է։ Եվ իրականում, գրականությունն է ժողովուրդների միջեւ բարեկամության կամուրջը, որը սահման չունի եւ բարեկամության նման կամուրջները ապագայում էլ ավելի կգցվեն, որպեսզի է՚լ ավելի մերձենանք, միանման ընկալենք միմյանց ցավն ու ուրախությունը։
Վահան Տերյանը հայկական քնարերգությունը կատարելագործեց եւ հարստացրեց նոր հնարավորություններով, նա բանաստեղծական քնարերգության անզուգական վարպետ է։ Գիտենք, որ նրա ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն են գործել ինչպես եվրոպական, այնպես էլ արեւելյան պոեզիան, դրա համար էլ նա բոլոր ժամանակների համար մնում է որպես արդի մեծ բանաստեղծ եւ ստեղծագործող։
Հանճարները իրենց գլուխգործոցներն ստեղծում են երիտասարդ տարիներին։ Վահան Տերյանն էլ ապրեց ընդամենը 35 տարի եւ կարողացավ ստեղծել այնքան գլուխգործոցներ, որոնք կարող էին ստեղծել միայն հանճարները։
Այն, որ Վահան Տերյանի ստեղծագործությունները մոտ եւ հարազատ են վրաց մշակույթին ու գրականությանը, անտարակուսելի փաստ է։ Չէ՞ որ մեծ բանաստեղծն իր առաջին գիրքը հրապարակեց այստեղ, Վրաստանի մայրաքաղաքում, ինչով միշտ հպարտանում էր։ Իսկ նրա սեղծագործություններում վրաց-հայկական թեման այնքան խոր արմատներ ուներ, որ առանց դրա հաշվառման մեծ քնարերգուի ստեղծագործության մասին խոսելը, իմաստազրկվում է։
Հենց այդ պատճառով վրաց ճանաչված բոլոր բանաստեղծների թարգմանչական կենսագրությունում պատվավոր տեղերից մեկը զբաղեցնում է Վահան Տերյանից կատարած թարգմանությունները։ Վահան Տերյանն ինքն էլ տաղանդավոր թարգմանիչ էր, որը ժամանակին ձեռնամուխ եղավ վրաց գրականության հանճարի՝ Շոթա Ռուսթավելու աշխատության թարգմանությանը, սակայն անժամանակ մահը թույլ չտվեց այն հասցնել ավարտին։ Թեպետ թողեց հավիտենական անձեռակերտ ստեղծագործություն, որը հարազատ ու սիրելի է ինչպես ձեզ համար՝ իմ հայ բարեկամներ, այնպես էլ՝ վրացիներիս համար։
ԱՎԹԱՆԴԻԼ ԲԵՐԻՁԵ
Վրաստանի գրողների միության Սամցխե-Ջավախեթիի բաժանմունքի նախագահ, «Լիտերատուրուլի Մեսխեթի» ամսագրի խմբագիր