Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՆՐԱ ՊՈԵԶԻԱՆ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

Էլ.փոստ Տպել PDF

Ո՞ւր ասես, որ չեն տանում ճամփաները, անգամ՝ աշխարհի ծայրը: Բայց այդ օրը` 2014-ի հուլիսի 20-ին, բոլոր ճամփաները տանում էին Գանձա, մեծ պոետի` Վահան Տերյանի ծննդավայր:

Մարդիկ գալիս էին հեռու-մոտիկ վայրերից, քաղաքամայր Թբիլիսիից ու Երեւանից, Ախալցիխեից ու Գյումրիից, Ծալկայից, Ասպինձայից, Նինոծմինդայի շրջանից ու հարակից բնակավայրերից: Գալիս են մասնակիցը դառնալու Պոեզիայի տերյանական օրվա տոնակատարության։ Ներքին ուրախությամբ, սրտի դողով են պոեզիայի սիրահարները մտնում անմահ բանաստեղծի հայրենի օջախ, նրա տուն-թանգարան, հուշամատյանում գրառումներ անում: Շատերը մտնում են հարեւան Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցվում…
Այս էլ 48-րդ անգամն է նշվում Տերյանական օրը իր հարազատ Գանձայում: Այն սկիզբ է առել անցյալ դարի 60-ական թվականների կեսերին, երբ շրջանային «Արշալույս» թերթի փոքրաթիվ աշխատակիցները եւ պոեզիայի սիրահարները, մեկ խոսք արած, եկան Գանձա, ուղիղ պոետի տուն-թանգարան: Մեր հավաքը գանձացիների հետաքրքրությունն էլ շարժեց: Խոսք ու զրույցը Տերյանի, նրա ստեղծագործությունների մասին էր, իսկ տարեց տեղաբնակներն իրենց հիշողություններն էին պատմում տերտերանց տոհմի մասին:
Այդ օրվա, այն է` 1967 թվականի հուլիսի նախավերջին կիրակիի օրվա հավաքը կարծես մի մեխ էր, որ խփվեց նպատակակետին: Համաձայնություն կայացվեց, որ Վարդավառն ու Տերյանին նվիրված միջոցառումը միատեղել, եւ ամեն տարի այդ օրը վերածել Պոեզիայի տերյանական օրվա:
…Սկսվում է դաշտահանդեսը:
- Ողջունում եմ բոլորիդ, բոլոր ներկաներիդ, տերյանական ջերմ սիրով, Տերյանի ծննդավայրում,- բացելով հանդեսը, ասում է շրջանի մշակույթի ու սպորտի ծառայության պետ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Թող հավերժի այսօրվա պոեզիայի հանդեսը: Ապա միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք է հղում Վրաստանի գրողների միության քարտուղար, գրող, բանաստեղծ Թեմուր Չալաբաշվիլին եւ արժեւորում հայ-վրացական  բարեկամական ամուր կապի ամրապնդումը:
- Մեզ բոլորիս Տերյանը հավաքել է այստեղ, հարգելի բարեկամներ, հավաքել, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք մեծ պոետին, որ լեգենդ է դարձել իր ծնունդով, մանկությունով, պատանեկությամբ ու երիտասարդությամբ, անգամ մահով,- իր ելույթում շեշտեց Երեւանի «Վահան Տերյան» մշակույթի կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, բանաստեղծ Տաճատ Վարդապետյանը չի կարող իր հուզմունքը թաքցնել ամբիոնից ու սրտանց, տերյանական տողերով ողջունում է հայրենակիցներին։
Այնուհետեւ ելույթ են ունենում «Լիտերատուրուլի Մեսխեթի» ամսագրի խմբագիր, ՎՀԳ տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Ավթանդիլ Բերիձեն, Հայաստանի գրողների պատվիրակության ղեկավար Ղուկաս Սիրունյանը, Վահան Տերյանի տուն-թանգարանի աշխատակցուհի, բանաստեղծ Նարինե Սիրականյանը, բանաստեղծուհի Նազելի Նաիրին: Հանդեսը ավելի գրավիչ դարձնելու համար ելույթներն ընդմիջվում են երգով, պարով ու ասմունքով: Ընդսմին, բեմից հանդես եկան գեղարվեստական յոթ խմբերի ներկայացուցիչներ:
Հանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը եւ Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքիի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Հովհաննես Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թարգմանիչ Գիվի Շահնազարը, Թբիլիսիի բարերար, Համաշխարհային հայկական կոնգրեսի վարչության անդամ Ռաֆիկ Աղաջանյանը, «Հայարտան» համակարգող Լեւոն Չիդիլյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենիկ Թադեւոսյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը եւ ուրիշներ։
Բեմից հանդես եկան գեղարվեստական յոթ խմբերի համույթներ, այդ թվում` Երեւանի մշակույթի նախարարության «Նազանի» համույթը` գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանի ղեկավարությամբ, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի երգիչ-երգչուհիներն ու ասմունքողները, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային կենտրոնի սաները, Ծալկայի շրջանի Նարդեւան գյուղի պարային համույթները, Նինոծմինդայի  մանկատան երգի-պարի խումբը:
Երեկոյանում է ամառային երկար օրը, ավարտվում է հանդեսը, բազմությունը ցրվում է, բայց տպավորությունը խորն է, մարդիկ հեռանում են, իրենց հետ տանելով անմահ պոետի երկերի թովչանքը, նրա շունչն ու ոգին:

ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
Նինոծմինդայի շրջան
գ.Գանձա

 
< Հուլիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31