Հուլիսի 25-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նշվեց ջավախահայ հայտնի բանաստեղծ, գիտնական ու բարերար Օքրո Օքրոյանի (1939-2003 թթ.) 75-ամյակը։
Օքրո Օքրոյանը ծնվել է Ախալքալաքիի շրջանի Տուրցխ գյուղում, այստեղ ավարտել դպրոցը։ Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտն (բանասիրական եւ քիմիայի ֆակուլտետներ) ավարտելուց հետո, վերադարձել է հարազատ գյուղ, աշխատել՝ որպես հայոց լեզվի ու գրականության եւ քիմիայի ուսուցիչ, ապա դարձել է այդ դպրոցի տնօրենը, իսկ 1997 թվականից մինչեւ կյանքի վերջը գլխավորել է շրջանի ժողկրթբաժինը։ Այսօր Տուրցխի դպրոցը կրում է Օքրոյանի անունը, Ախալքալաքիի կենտրոնում կանգնեցված է նրա կիսանդրին, Երեւանում գործում են նրա անվան գրադարանը եւ «Աստված սեր է» գրական հիմնադրամը։ Երեւանում, Թբիլիսիում եւ Մոսկվայում հրատարակված են Օքրո Օքրոյանի 30-ից ավելի գրքեր (հայերեն, վրացերեն եւ ռուսերեն)։Հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցավ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, ով իր ելույթում մասնավորապես նշեց. «Այսօր Վրաստանի գրողների միությունը Օքրոյանին շնորհել է միության բարձրագույն՝ «Ակակի Ծերեթելի» մրցանակը։ Համոզված եմ, որ Օքրո Օքրոյանը վրաց-հայկական բարեկամության խորհրդանիշն էր, իսկ Ակակի Ծերեթելին՝ այդ բարեկամության մեծ երգիչը»։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր ելույթում մասնավորապես ասաց. «Այսօրվա միջոցառումը մեկ անգամ եւս հաստատեց, որ հայ-վրացական հարաբերություններն ամուր են»։
Վերջում նշենք, որ, բացի Մաղվալա Գոնաշվիլուց, միջոցառմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վաժա Ազարաշվիլին, Երեւանի «Օքրո Օքրոյան» հիմնադրամի Վրաստանի բաժանմունքի ղեկավար, Վրաստանի ու Հայաստանի գրողների միության անդամ Անահիտ Բոստանջյանը, հայտնի վրաց երգիչ Զուրաբ Կոբաշավիձեն եւ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը։
ԼԻԶԱ ԹՈՐՈՍՅԱՆ
Մեր հատուկ թղթակից