Օգոստոսի 21-ին Հայաստանի կառավարությունում կայացավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած կառավարական պատվիրակության հետ հանդիպումը:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո կայացավ ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են վրաց֊հայկական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:Ողջունելով Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար: «Մեր երկու երկրների բարեկամությունն անցել է ժամանակի փորձության միջով, եւ այսօր այն կայուն հիմք է համագործակցության եւ փոխվստահության ոգով մեր հարաբերություններն է՚լ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար: Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթություններից է, եւ Հայաստանի կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդվեն»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ ընդգծեց, որ Վրաստանը եւս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի խորացման եւ ընդլայնման գործում: Վրաստանի վարչապետը նշեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42 տոկոսով: «Վստահ ենք, որ առկա է երկկողմ տնտեսական կապերն է՚լ ավելի զարգացնելու մեծ ներուժ», - ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:
Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Թբիլիսիում կազմակերպել վրաց֊հայկական բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ գործարարների միջեւ համագործակցության սերտացմանն ու ընդլայնմանը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ նոր թափ հաղորդել վրաց֊հայկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին:
Հայաստանի կառավարության ղեկավարն, անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին, հիշեցրեց, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշեց, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների գործընթացին նոր ուժ հաղորդելու նպատակով: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը որեւէ կերպ չի անդրադառնա նաեւ Վրաստանի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը կարող են օգուտ քաղել տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցելու հանգամանքից:
Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին վստահություն հայտնեց, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որեւէ արգելք չի հանդիսանա վրաց֊հայկական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա: Վրաստանի վարչապետը նշեց, որ տարբեր միավորումներին անդամակցության հնարավորությունը Վրաստանն ու Հայաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների: Իրակլի Ղարիբաշվիլու համոզմամբ, դա լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար:
ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋԸ ԿԿՈՉՎԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ»
Վրաստանի եւ Հայաստանի վարչապետերի հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են առեւտրատնտեսական կապերի, կրթության, մշակութային, մարդասիրական ոլորտներում համագործակցությանը: Այս մասին օգոստոսի 21-ին Երեւանում հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ քննարկումներ են եղել սահմանային անցակետերի արդիականացման շուրջ: «Մասնավորապես, պայմանավորվածություն ենք ձեռք բերել Բագրատաշեն-Սադախլո նոր կամուրջի շինարարության վերաբերյալ: Քննարկեցինք նաեւ անցած գիշեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետեւանքների վերացման հետ կապված հարցեր: Ես իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը»,- ասաց Հայաստանի վարչապետը:
Երկուստեք կարեւորեցին նաեւ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ վերականգման խնդիրները:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության եւ ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ ուրախ է Հայաստանում լինելու հրավեր ստանալու համար: «Ինձ համար ուրախալի է լինել Հայաստանում, որի հետ մեզ կապում է բազմադարյա բարեկամությունը: Մենք բանակցությունների արդյունքում համաձայնության եկանք, որ պետք է ավելի խորացնենք Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Նա ընդգծեց, որ քննարկումներ են եղել նաեւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: «Պետք է նշեմ, որ մենք ունենք դինամիկ աճ նաեւ զբոսաշրջության ոլորտում եւ համաձայնության ենք եկել, որ կխորացնենք հարաբերությունները նաեւ այս հարցում: Մենք նաեւ պայմանավորվել ենք Բագրատաշեն անցակետում նոր կամուրջի կառուցման վերաբերյալ: Եվ ես իմացա, որ մեր հայ գործընկերների կողմից առաջարկ կա այն կոչել «Բարեկամության կամուրջ»: Ես սիրով տվեցի իմ համաձանությունը: Մենք քննարկել ենք նաեւ մշակութային եւ մարդասիրական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր»,- եզրափակեց Իրակլի Ղարիբաշվիլին:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Երեւան-Թբիլիսի եւ Երեւան-Բաթումի թռիչքների կանոնավոր չվերթերի գործարկման, ինչպես նաեւ մշակութային բնագավառում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին Հովիկ Աբրահամյանին հրավիրեց Վրաստան:
ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. «ՄԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ 2֊3 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ»
Վրաստանի իշխանությունները խոստանում են 2-3 օրվա ընթացքում վերականգնել Հայաստան գազ մատակարարող խողովակաշարը, որը վնասվել է Լարսում տեղի ունեցած սողանքի հետեւանքով, եւ վերականգնել գազամատակարարումը: Այս մասին Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Հովիկ Աբրահամյանը հանդիպման ընթացքում խոսեց նաեւ անցած գիշեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետեւանքով հայ-վրացական գազատարի վերականգման վերաբերյալ: Մենք խոստանում ենք 2-3 օրվա ընթացքում վերականգնել գազամատակարարումը»,- նշեց Իրակլի Ղարիբաշվիլին:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան այցելած Վրաստանի պաշտոնական պատվիրակության կազմում Երեւանում էր նաեւ Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախի Կալաձեն:
Օգոստոսի 21-ին, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում կայացավ Վրաստանի եւ Հայաստանի նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ գործընկերոջ հետ քննարկել են էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարներն ու խնդիրները: Նրա խոսքով, առաջիկա կարեւորագույն ծրագրերից մեկը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էներգամատակարարման ծավալների մեծացման ծրագիրն է, համաձայն որի՝ ներկայիս 200 մգվտ թողունակությունը հնարավոր կլինի հասցնել 700 մգվտ-ի, կառուցվելիք 400 կվտ բարձ լարման գծի եւ հաստատուն հոսանքի ներդիրի շնորհիվ:
Նախարարը կարեւորել է նաեւ վթարային իրավիճակների պայաններում երկու երկրների միջեւ էներգետիկ համագործակցության փորձը, եւ շնորհակալություն հայտնել վրացական կողմին գազատարի վթարների ընթացքում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար:
Ի դեպ, վերջերս Վրաստանում եւս տեղի ունեցավ էներգամատակարարման խափանում, որի ընթացքում Հայաստանն իր հերթին կարողացավ օգնության ձեռք մեկնել հարեւեւան երկրին:
Վրաստանի էներգետիկայի նախարարը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին համագործակցության համար եւ կարեւորեց Վրաստան-Հայաստան էներգետիկ կապերը: Նա նշեց, որ համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություն կա եւ երկու կողմերն էլ գործնական են տրամադրված դրանք զարգացնելու համար:
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կկառուցվի ոչ թե 400, այլ՝ 500 մեգավատտ լարման հզորությամբ: Այս պայմանավորվածության մասին Վրաստանի եւ Հայաստանի վարչապետեր Իրակլի Ղարիբաշվիլուն եւ Հովիկ Աբրահամյանին համատեղ հանդիպմանը տեղեկացրել են երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները` նշելով, որ դա կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման եւ արտահանման լավ հնարավորություն։ Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատտի փոխարեն կհասնի 300-ի: ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում գերմանական KfW բանկի հետ` երկրորդ փուլի աշխատանքները 2018 թվականին ավարտելու համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը կհասնի 700 մեգավատտի:
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՁԵՌԱԳՐԵՐԸ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իր գլխավորած պատվիրակության անդամների հետ այցելեց Երեւանի Մատենադարանը։
Վարչապետին ներկայացրին մատենադարանում պահվող, Վրաստանին եւ վրաց ժողովրդին վերաբերող հնագույն ձեռագրերը։ Իրակլի Ղարիբաշվիլին գրանցում կատարեց մատենադարանի պատվավոր այցելուների մատյանում։
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ
Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելեց Երեւանի կոնյակի գործարան: Վրացական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ուղեկցությամբ շրջեց գործարանով` ծանոթացավ կոնյակի արտադրությանն ու գործարանի պատմությանը:
ՄԵԿՆՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻՑ
Օգոստոսի 22-ի կեսօրին ավարտվեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու պաշտոնական այցը։
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի, պաշտոնական այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը:
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» - «ՎՐԱՍՏԱՆ»