Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Եվս մի քանի օր, եւ սեպտեմբերի 15-ին Վրաստանում կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Երկրի հանրային դպրոցներում ուսումնական տարվան ընդառաջ, ընդունված նախագծերի շրջանակում, դպրոցներում ս.թ. ապրիլից սկսվեց առաջին դասարան ընդունվողների գրանցման գործընթացը, որն իրականացավ երեք փուլով (1-ին՝ ապրիլի 23-մայիսի 5, 2-րդ՝ մայիսի 20-հունիսի 6, 3-րդ՝ հուլիսի10-8)։
Ի՞նչ արդյունքներով են գրանցման երրորդ փուլը փակել Թբիլիսիի հայկական թիվ 104, վրաց-հայկական թիվ 103 եւ թիվ 132 վրաց-ռուս-հայկական դպրոցները, նրանցում նախապատրաստական ի՞նչ բնույթի աշխատանքներ են կատարվել նոր ուսումնական տարվա նախօրեին։
Հարցումներին պատասխանում են այդ դպրոցների ղեկավարները։

ԻՐԻՆԱ ԺԱՄԿՈՉՅԱՆ (թիվ 104 դպրոցի տնօրեն).
- Այս ուսումնական տարվա վերջին, Վրաստանի գիտության եւ կրթության նախարարության որոշումով, երկրում անցկացվեց առաջին դասարան ընդունվողների գրանցումը։ Ներկա տվյալներով, մեր գրանցման ցուցակը ներառում է 21 երեխա։ Ընդ որում, ունենք եւս հինգ աշակերտի գրանցման հնարավորություն։ Այդ թվաքանակը կարող ենք լրացնել եւ ապա նոր գրանցումներ իրականացնել միայն նախարարության որոշմամբ։ Ի դեպ, նշված 21-ից բացի, դիմորդների մեջ կա մեկ Հայաստանի բնակիչ։ Տվյալ երեխայի ընդունման հարցը նույնպես կլուծվի նախարարության համաձայնությամբ։ Առաջիկա ուսումնական տարին դիմավորում ենք մասնակի վերանորոգումներով։ Մասնավորապես, վերանորոգվել է դպրոցի ճաշարանը, նորոգվում է հանդիսասրահը։ Վերանորոգումներն իրականացվել են դպրոցի որոշ ծնողների ֆինանսական օժանդակությամբ, ինչի համար մեր շնորհակալությունն ենք բերում նրանց։
Ասեմ նաեւ, որ Վրաստանի կրթության եւ գիտության գերատեսչության ներկայացուցիչները, տարվա ավարտին կատարած այցելության ժամանակ՝ նկատի առնելով դասասենյակների վերանորոգման անհրաժեշտությունը, խոստացան այդ աշխատանքներն իրականացնել հաջորդ ուստարվա համար։
ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ (թիվ 103 դպրոցի փոխտնօրեն).
- Ինչպես գիտեք, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ, մեր դպրոցի համար կառուցվելու է նոր շենք։ Հին շենքն արդեն քանդել են, եւ նույն տեղում սկսվել է նոր դպրոցի շինարարությունը, որը կգործարկվի հաջորդ ուսումնական տարվանից։
Իսկ առաջիկա ուսումնական տարվա համար կրթօջախի հայկական բաժինն ունի 8 դասարան (3-րդ, 4-րդ, կոմպլեքս՝ 5-6-7-8 եւ՝ 10-11)։ Վիճակը, ինչպես տեսնում եք, փայլուն չէ, բայց դա բխում է որոշ պատճառներից։
Բանն այն է, որ մեր՝ թիվ 103 դպրոցի աշակերտները սովորում են մեր դպրոցից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիվ 157 վրացական դպրոցի շենքում, ինչի պատճառով դպրոցում երկհերթ ռեժիմ է, ու մենք հաճախում ենք երկրորդ հերթ։ Այս հանգամանքը, ցավոք, դժվարացնում է նաեւ առաջին դասարանի աշակերտների ապահովման հարցը. ծնողներին, տարբեր պատճառներով, հարմար չէ երեխային երկրորդ հերթ բերելը, քանի որ օրվա երկրորդ կեսին են գործում երգի, պարի, նկարչության, մարզական եւ այլ խմբակներ, ուր կարող են հաճախել նրանց զավակները։
Ահա, հիմնականում, հենց այս պատճառով էլ մեզ մոտ առաջին դասարանի համար գրանցվել են ընդամենը հինգ աշակերտ։
Հուսով ենք՝ նշված խնդիրներն իրենց դրական լուծումները կստանան հաջորդ ուսումնական տարում մեզ Մետրոշինարարների թաղամասի նոր դպրոցը տեղափոխելու հարցի լուծման միջոցով։
ՀԱՍՄԻԿ ԴՈՆԱԿԱՆՅԱՆ (թիվ 132 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի).
- Թիվ 132-ը, ինչպես գիտեք, վրաց-ռուս-հայկական դպրոց է։ Ներկայումս դպրոցի վրաց-ռուսական բաժինների աշակերտության զգալի հատվածը կազմում են հայ երեխաները։ Բայց արի ու տես, որ ո՚չ այդ հանգամանքը, ո՚չ էլ քարոզչական աշխատանքները չեն շտկում վիճակը։ Արդյունքում՝ դպրոցն ունի մեկ առանձին (5-րդ) եւ վեց կոմպլեքս դասարաններ (2-4, 8-9, 10-11)։
Այս ուսումնական տարվա համար, նույն պատճառով, հայկական բաժինը առայժմ չունի առաջին դասարանի համար գրանցվածներ։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ, մեր դպրոցում կատարվել են մասնակի վերանորոգումներ։
Ավելացնենք, որ մեր զրուցակիցները հույս հայտնեցին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից առաջին դասարանցիների գրանցման չորրորդ փուլի ձեռնարկման հավանականության մասին։
Ինչպես գիտեք, կրթության եւ գիտության նախարարության որոշումով, առաջին դասարանցիների գրանցումը շարունակվեց սեպտեմբերի 1-2-ը։ «მთელი კვირა» թերթին տրված հարցազրույցում, կրթության եւ գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին այդ առումով ասաց, որ գրանցումը շարունակվեց այն երեխաների համար, որոնց ծնողները, տարբեր պատճառներով, մինչ այդ, չէին իրականացրել նրանց գրանցումը։
Փոխնախարարը նշեց նոր ուստարվա նորույթների մասին։ Այդ շարքում խոսեց աշակերտներին բաժանվող անվճար դասագրքերի, անցյալ տարիների համեմատությամբ այս տարի ավելի որակյալ թղթով եւ տառատեսակով կազմված ու շարված լինելու մասին։ Նաեւ այն, որ «բուկի» փոխարեն, արդեն կունենան անձնական համակարգիչներ, որոնք նախկին «բուկերից» կտարբերվեն ավելի լավ ցուցանիշներով եւ բեռնավորված ծրագրով։
Նորույթ է նաեւ՝ առաջին դասարանի «դասղեկի ժամին» շաբաթը մեկ ընթերցանության ժամի անցկացումը, որի ընթացքում կվերարտադրվի կարդացված նյութը։ Դա աշակերտի մեջ կզարգացնի արդեն բարձր դասարաններում անհրաժեշտ՝ տրամաբանելու եւ հիմնավորված մտածողության կարողությունները։ Նման ժամեր կլինեն նաեւ երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում։
Փոխնախարարը նշեց եւ այն, որ ներկայումս իրականացվում է 9-ը դպրոցի կառուցում, որոնցից 2-ի նախագծումը ավարտված է, իսկ մնացած յոթինը գրեթե մոտենում է ավարտին։ Որ միեւնույն ժամանակ իրականացվում է 100-ից ավելի դպրոցների վերանորոգում, ինչը մինչեւ ուստարվա սկսվելը կավարտվի։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Սեպտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30