Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳԱԳԻԿ ԿԱՐՍԼՅԱՆ. «ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄՆ Է»

Էլ.փոստ Տպել PDF

Ահա եւ եկավ սեպտեմբերը` աշնան առաջին ամիսը, երբ կրթօջախներում սկսվում են ուսումնական պարապմունքները: Հազարավոր պատանիներ ու աղջիկներ, մանկահասակ երեխաներ գրքերով ու գրենական պիտույքներով, աշնան գույներին վայել հագուստներով բռնում են դպրոցի ճամփան, ուսման ու կրթության ճամփան, ճամփա, որը տանում է գիտելիքների աշխարհ:
Դպրոցներում նոր ուսումնական տարվա պարապմունքների նախապատրաստության շուրջն է «Վրաստանի» թղթակցի զրույցը Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ (գամգեբելի) Գագիկ Կարսլյանի հետ:

- Նախեւառաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ տեղական ինքնակառավարման վերջին ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ շրջանային վարչության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու համար:
- Իմ եւ իմ գործընկերների կողմից շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընտրողներին ցուցաբերած վստահության համար, ուժ ու եռանդ չեմ խնայի շրջանի զարգացման, հետագա առաջընթացի համար: Նշենք, որ ընտրողների շարքում զգալի էր նաեւ մանկավարժների թիվը, որոնք երկու ամիս առաջ անցած տեղական ընտրություններում իրենց վստահության քվեն տալով արժանավոր թեկնածների օգտին, լավատեսական բարեփոխումներ են ակնկալում: Մենք զգում ենք մեր ընտրողների, հատկապես մեր մանկավարժների, բոլոր մտավորականների գալիքի հույսերը եւ հուսախաբ չենք անի:
Ինչ վերաբերում է առաջին կարեւոր իրադարձությանը, նոր ուսումնական տարվա մեկնարկին, ապա սրտանց շնորհավորում ենք մեր մանկավարժներին, դպրոցականներին, ծնողներին, բոլոր-բոլորին նոր ուսումնական տարվա առթիվ, ցանկանում սովորողների կրթամակարդակը բարձրացնելու կարողություն, կրթական համակարգի շարունակական կատարելագործում:
- Աշակերտների թվաքանակի ավելացում նկատվո՞ւմ է նոր ուստարում:
Այո, որոշակի առաջընթաց կա: Ինչպես ասում են, ճգնաժամային տարիները հետեւում են մնացել: Բնակչության նկատելի աճին համապատասխան, ավելանում է նաեւ աշակերտների թիվը: Ներկա ուստարում շրջանի 38 հանրային դպրոցներում ընդգրկված է 956 մանկավարժ, հիմնականում բարձրագույն կրթությամբ: Աշակերտների թիվը հասնում է 3787-ի, որից 329-ը առաջին դասարանցիներ են:
- Ուսմանն առնչվող ուրիշ ի՞նչ տվյալներ կասեիք:
- Նախորդ ուստարում հանրային դպրոցները տվեցին 260 շրջանավարտ, որոնցից բարձրագույն հաստատություններ ընդունվեցին 109-ը: Բնորոշ է այն փաստը, որ եթե մի քանի տարի առաջ մեր պատանիներն ու աղջիկները բարձրագույնը շարունակում էին Վրաստանի եւ Հայաստանի ու մյուս երկրների հաստատություններում, հատկանշական է, որ վերջին տարիներին մեր շրջանավարտները հիմնականում Վրաստանի բուհերում են սովորում եւ, ուրախությամբ նշեմ, որ տարեցտարի գնալով ավելանում է երկրի բարձրագույն հաստատություններում սովորողների թիվը: Դա, անշուշտ, ունի իր առավելությունները, այն, որ ուսանողներն ուսման ընթացքում սովորում եւ տիրապետում են երկրի պետական լեզվին, որի առավելություններն ակնբախ են:
- Դասագրքերի եւ տեխնիկական միջոցների մասին եւս հոգ տարվո՞ւմ է:
- Իհարկե: Մի բնորոշ փաստ: Միայն վերջերս շրջանի դպրոցներն ստացան տարբեր առարկաների 35.601 դասագիրք` Թբիլիսիից, կրթության եւ գիտության նախարարության կողմից: Դա երկրի կողմից սովորողների հանդեպ ցուցաբերվող հոգատարության ցայտուն օրինակ է եւ մեկնաբանությունն այստեղ ավելորդ է: Բացի դասագրքերից, դպրոցները տարեցտարի հագեցվում են տեխնիկական միջոցներով, առավելապես համակարգիչներով: Հիմա մեր երեխաներն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի համակարգիչները եւ մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում դրանց տիրապետելու համար: Դրանում դժվար չէ համոզվելը: Այսօր դիմիր ցանկացած աշակերտի, եւ նա գլուխ կհանի այսպես ասած «NOTEBOOK»-ից: Հիմա մեծահասակները փոքրերից են սովորում:
- Ինչպե՞ս է դպրոցների մանկավարժների կադրերի համալրման հիմնախնդիրը:
- Ինչպես հայտնի է, ամեն տարի կրթօջախները համալրվում են երիտասարդ, թարմ ուժերով, զինված գիտելիքների նորագույն պաշարներով: Մանկավարժներից շատերը պարբերաբար անցնում են մասնագիտական որակավորումը բարձրացնելու դասընթացներ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պետական լեզվի ուսուցմանը եւ այդ գործում լուրջ ձեռքբերումներ կան: Ավելի լայն տեղ է տրվում նաեւ օտար լեզուների ուսուցմանը: Բայցեւայնպես, ինչ էլ որ լինի, դպրոցներում էլ հարթ ու հանգիստ, ուզածիդ պես աշխատանքները չեն ընթանում: Զգալի տոկոս է կազմում չհասցնողների թիվը, շատ դեպքերում դասերը արդյունավետ չեն անցնում, ուսման գործում առկա են բացթողումները: Երեւի քիչ է պահանջկոտությունը դպրոցների տնօրինություններից, նրանց աշխատանքը առանձին դեպքերում,  ասում են, կրում է հայեցողական բնույթ: 
Այդ գործում քիչ է տեղական ղեկավարների միջամտությունը: Ասել կուզի, որ ուսման գործընթացը մունիցիպալիտետների սակրեբուլոների ու գամգեբելիների ուշադրության կենտրոնում գտնվի, որը իր դրական ներգործությունը կունենա: Դա անվիճելի է:
- Կարեւոր խնդիրներից մեկն էլ ձմռան շրջանում դպրոցական շենքերի ջեռուցումն է:
- Մեր երկրամասի, հատկապես մեր շրջանի սառնաշունչ ձմռան պայմաններում պարապմունքների նորմալ անցկացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է` դպրոցական շենքերի տաքացումը: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ գործում խնդիր չկա: Ընդ որում դպրոցների մի մասը տաքացվում է գազով, այսինքն գազիֆիկացված է, իսկ մյուս մասը` վառելափայտով: Նշենք որ, այս տարի վերանորոգվել եւ նորմալ տեսքի են բերվել դպրոցական 5 շենք (Դիլիֆ, Ղուլալիս, Փոկա եւ այլն): Այս գծով եւս բացթողումներ գրեթե չկան:
Եվ վերջում նորից ու նորից ուսման բնագավառում ցանկանում եմ նորանոր հաջողություններ, նոր առաջընթաց, առողջ եւ խելացի սերունդ:

Հարցազրույցը վարեց ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ
ք. Նինոծմինդա

 
< Սեպտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30