Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՆԱՐՑԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՇՐՋԱՆԻ 53 ԴՊՐՈՑՆԵՐՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆՈՐ ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻՆ»

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպե՞ս են դիմավորում նոր ուսումնական տարին Ախալքալաքիի շրջանի հանրային դպրոցներում։ Խմբագրության խնդրանքով պատմում է շրջանի ռեսուրս-կենտրոնի երկարամյա ղեկավար, բազմավաստակ մանկավարժ Նարցիս Կարապետյանը։

- Այսօր Ախալքալաքիի շրջանում գործում է 65 դպրոց, որոնցից 53-ը՝ հայկական, երկուսը՝ հայ-վրացական, մեկը՝ ռուսական եւ 9-ը՝ վրացական։ Հպարտությամբ նշում եմ, որ շրջանի կրթօջախները ձեռքբերումների հարուստ ավանդույթներ ունեն։ Բայց քիչ չեն նաեւ խնդիրներն ու հոգսերը, որոնք ռեսուրս-կենտրոնի (որտեղ իմ հետ միասին նվիրվածությամբ ու բարձր պրոֆեսիոնալիզմով աշխատում են գլխավոր մասնագետ Մանուչար Միքելաձեն, գլխավոր տնտեսագետ Թամար Ղարագուլյանը, Մայա Մացուկատովան եւ Եկատերինա Գաչեչիլաձեն) մշտական հոգածության եւ ուշադրության կենտրոնում են։ Մեծ ուշադրություն ենք բեւեռում աշակերտների կրթության իրավունքի ապահովմանը, հնարավորինս կանխում ենք անհարգելի բացակայությունները, աշակերտներին ապահովում դասագրքերով, բարձրացնում ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը, սերտ կապ պահպանում շրջանի հասարակական կազմակերպությունների հետ։ Ընդգծումով նշեմ, որ մենք ուշադրության կենտրոնում ենք պահում պետական լեզվի ուսուցումը՝ այն զուգակցելով մայրենի լեզվի ուսուցման հետ։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք նոութբուքերի արդյունավետ օգտագործումը կրտսեր դպրոցականների կողմից, որոնք ամեն տարի անհատույց ստանում են ինչպես անվճար դասագրքեր, այնպես էլ՝ նոութբուքեր։ Նշենք նաեւ, որ կրթօջախներն ամեն տարի հարստացվում են դպրոցական գույքով, գրենական պիտույքներով, ծրագրերով… Այս իմաստով պետք է երախտագիտությամբ նշեմ նաեւ Հայաստանի Հանրապետության ամենամյա աջակցությունն ու օգնությունը հանրապետական բոլոր հայկական դպրոցներին։
Ասեմ նաեւ, որ 2013-2014թթ. ուսումնական տարվա ավարտին մեր շրջանի շրջանավարտները բավական հաջողությամբ հանձնեցին ավարտական քննությունները։ Շրջանավարտների մեծ մասը հաջողութամբ հանձնելով ազգային միասնական քննությունները՝ ստացան հնարավորություն անվճար սովորելու Վրաստանի բուհերում։
Շրջանի դպրոցականները մեծ ակտիվությամբ եւ գիտելիքների զգալի պաշարով մասնակցեցին հանրապետական առարկայական օլիմպիադաներին, տարբեր մրցույթների, մարզական միջոցառումների ժամանակ շահելով դիպլոմներ, պատվոգրեր ու դրամական պարգեւներ։ Նրանցից մի քանիսը հաղթել են Լեոնարդո դա Վինչիի անվան կոնկուրսին եւ «Իմ սիրած սպորտը» մրցույթին։ Այդ մրցույթների առաջատարներից 12-ը շահել են ճամբարների ուղեգրեր։
Ավանդաբար շրջանի ուսուցիչներն ակտիվորեն մասնակցում են առարկայական վարժանքների՝ տարրական կրթության, վրաց եւ մայրենի լեզուների, օտար լեզուների եւ այլ առարկաների գծով։
Շրջանում վրաց լեզվի ուսուցմանը ակտիվ բնույթ հաղորդելու նպատակով՝ մեր դպրոցներում աշխատում են վրաց լեզվի 54 որակյալ մասնագետներ, ովքեր հաջողությամբ աջակցում են աշակերտներին՝ պետական լեզվի յուրացման գործին, օգնում սկսնակ ուսուցիչներին։
Այս եւ ուսումնական հաջորդ տարիներին մեր դպրոցներում արդեն բացվում եւ բացվելու են բուժկետեր՝ առաջնային բուժսպասարկումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով։
Ուրախությամբ նշեմ նաեւ, որ շրջանի դպրոցները, սեփական միջոցներով ենթարկվել են ընթացիկ վերանորոգման։ Գազիֆիկացվել են քաղաքի թիվ 1, 4, 5, Ագանայի, Ալաստանի դպրոցական շենքերը։ Ավարտին են մոտենում Խորենիայի, Բուռնաշեթի, Մաջադիայի դպրոցական շենքերի գազիֆիկացումը։ Ռեսուրս-կենտրոնի ղեկավարը անսքող հպարտությամբ է նշում, որ շուտով կավարտվի Բուղաշենի երկհարկանի դպրոցական շենքի կառուցումը։ Նույն դպրոցին նախարարության կողմից արդեն հատկացվել է դպրոցական ժամանակակից գույք՝ բոլոր հարմարություններով։
Օգտվելով առիթից, շնորհավորում եմ մեր դպրոցների բոլոր մանկավարժներին, աշակերտներին, նախադպրոցական տարիքի երեխաներին, ծնողներին եւ բոլոր, բոլոր նրանց, ովքեր կապված են կրթության բնագավառի հետ եւ այս կամ այն կերպ անդամակցում են նրան։

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
< Սեպտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30