Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՉՄՈՌԱՑՎՈՂ ԳԼԱԽՈՆ

Էլ.փոստ Տպել PDF

Գլախո (Գեւորգ¤ Զաքարյան։ Երգիչ, արեւելյան հանրահայտ երգերի ինքնատիպ կատարող։ Ծնվել, ապրել, ստեղծագործել է Թբիլիսիում (1905-1992թթ.)։ Վրաստանի եւ Հայաստանի վաստակավոր արտիստ։ Վրաստանի Ֆիլհարմոնիայի մենակատար։ Սայաթ֊Նովայի «Դուն են գլխեն իմաստուն իս…» երգը՝ աշուղին նվիրված հեռուստաֆիլմում, հնչում է Գլախո Զաքարյանի կատարմամբ։ Ելույթներ է ունեցել ԽՍՀՄ֊ի տարբեր քաղաքներում՝ Երեւան, Մոսկվա, Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Վլադիվոստոկ, Միջին Ասիայի քաղաքներ…

Փաստերի այս դասական թվագրությանը դիմեցինք՝ հիշեցնելու կյանքը մի մարդու, ում Աստված օժտել էր երգելու փայլուն տաղանդով… Ցավոք, իր մահից հետո, մոռացության էր մատնվել թիֆլիսցիների, եւ ոչ միայն նրանց, սիրված ու հարգված, աշուղական ու ժողովրդական երգերի անզուգական մեներգիչը։
Երեկոն սկսված է։ Հնչում է Գլախոյին համբավ ու ճանաչում բերած Սայաթ֊Նովայի «Դուն էն գլխեն…»-ը…
Ժամանակի ամենակուլ հորձանքները, երբեմն, այո, ստվերում են արժանավոր անուններ, բայց Վերին կամքով, միշտ գտնվում է ազնվագույն այն հետնորդը, ով հանում ու սերնդին է փոխանցում պատմականորեն ձեռք բերված ազգային արժեքները։
Մեր օրերում այդ շնորհակալ առաքելությունը ստանձնեց ՀՀ արդարադատության նախարար, նախկինում՝ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը։ Նրա նախաձեռնությամբ Երեւանում լույս ընծայված Գլախո Զաքարյանի երգերը պարունակող «Գլախո-երկրորդ կյանք» խորագրով տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում, նոյեմբերի 9-ին։ Տեսահոլովակում ամփոփվել էին վեց հայերեն եւ վեց վրացերեն երգեր։
Երեկոյին, Հովհաննես Մանուկյանին ուղղված՝ «Ի՞նչը մղեց Ձեզ այդ քայլին» հարցին, հետեւեց անկեղծ մի պատասխան.
- Ես հիշում եմ, որ հայրս շատ էր սիրում Գլախոյի երգերը։ Թերեւս՝ իմ մանկության տարիների այդ հուշերը, գուցե՝ նաեւ իմ Թբիլիսիում աշխատելու հանգամանքը եւ այստեղ ավելի խորը ծանոթությունը նրա արվեստին, ստիպեցին անպայման մի բան մտածել՝ հավետ հավերժացնելու երգչի հիշատակը։
Իր ելույթում Հովհաննես Մանուկյանը մասնավորեց Գլախո Զաքարյանի՝ Սայաթնովյան երգերի ուրույն մեկնաբանությունները եւ՝ իր արվեստով հայ֊վրաց բարեկամության կամրջող օղակ դառնալը։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ծնունդով նինոծմինդացի Տաճատ Վարդապետյանի խոսքը՝ երգչի՝ ազգային արվեստին մատուցած ծառայությունների արժեւորումն էր։
Գլախոյի մասին հուշեր պատմեց բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը։
Տեսահոլովակի օգնությամբ ներկաները լսեցին Գլախո Զաքարյանի՝ հայ երգարվեստին մատուցած ծառայությունների շուրջ ՀՀ ժողովրդական արտիստներ  Ռուբեն Մաթեւոսյանի եւ Ջիվան Գասպարյանի խոսքը։ Երգչի հիշատակին իր խոնարհումը բերեց թբիլիսցի կոլորիտ համարվող, սպիտակ չոխա հագած, ոլորած սպիտակ բեղերով աչքի ընկնող 65 տարեկան Թեյմուրազ Ջալաղոնիան։
Հանդիսատեսը գոհունակ ծափերով ողջունեց Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ Ալեկո Էլիսաշվիլու հայտարարությունը՝ Սակրեբուլոյի՝ Գլախո Զաքարյանի աճյունը Խոջիվանքի հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում վերաթաղելու պատրաստակամության մասին՝ ի գնահատում նրա թբիլիսյան մշակույթում ներդրած ավանդի։ Իր երախտագիտությունը պարոն Հովհաննես Մանուկյանին, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին եւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնին, երեկոյի կազմակերպման բոլոր աջակիցներին հղեց Գլախոյի դուստր Ժասմինա Մդիվանին։ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ողջունելով Վիրահայոց թեմի եւ Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցությունը, որի արդյունքն էր նաեւ տվյալ երեկոն, իր հույսը հայտնեց այդ համագործակցության շարունակականության եւ հայ-վրաց բարեկամությունն ամրագրող նոր նախաձեռնությունների մասին։
Երեկոյի գեղարվեստական բաժնում մասնակցեցին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի դերասաններ, Վրաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանը, արտիստներ Ռոբերտ Աղաջանյանը, Սամվել Էլբակյանը, վիրահայ երգիչներ Աննա Պողոսովան, Նինա Կարապետյանը, Հենրիխ Պետրոսյանը, «Հայարտուն» կենտրոնի դուդուկի եւ դհոլի դասարանների սաները (ուսուցիչներ՝ Ի.Մկրտչյան, Ռ.Կաշավանիձե¤։
ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների Հայ համայնքների վարչության կովկասյան տարածաշրջանի բաժնի պետ Տարոն Շագոյանը ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգեւատրեց Վրաստանի հայ մտավորականների նախագահ Ենոք Թադեւոսյանին։
Ավարտին երեկոյի մասնակիցներին նվիրվեց «Գլախո-երկրորդ կյանք» տեսահոլովակը։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Նոյեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30