Դեկտեմբերի 24-ին Երեւանում անցկացվեց վրաց-հայկական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Վրացական կողմից աշխատանքային խումբը գլխավորում էր Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին, իսկ հայկական կողմից՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ, դեկտեմբերի 24-ին Հայաստանի կառավարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում, Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:2014թ. դեկտեմբերի 11-12-ը ՀՀ վարչապետի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաստորագրել էին վերոնշյալ համաձայնագիրը ու նաեւ ստորագրել էին արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչեւ 2015թ. համաձայնագիրը կստորագրվի, եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության կամուրջ»:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը հաջորդեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլու հետ, ով նաեւ առեւտրա-տնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի համանախագահն է: Հայաստանի վարչապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքից, կարեւորեց Վրաստանի հետ երկկողմ կապերի շարունակական ակտիվացումն ու սերտացումը: Երկուստեք հաջողված եւ արդյունավետ գնահատվեցին Հայաստանի վարչապետի Վրաստան կատարած պաշտոնական այցը, որը հնարավորություն տվեց կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նախանշեց համագործակցության զարգացման նոր ուղղությունները: