Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

60 ՏԱՐԻ՝ ՍԻՐՈՎ, ՀՈՒՅՍՈՎ ՈԻ ՀԱՎԱՏՈՎ

Էլ.փոստ Տպել PDF

Եսայի Աբովյանը դարձավ 60 տարեկան, եւ այսօր նա մեր ամանորյա հյուրն է։

Եսային ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ Դաշնակահար-ուսուցչի մասնագիտությամբ աշխատել է Գորիի երաժշտական ուսումնարանում, Թբիլիսիի 3-րդ երաժշտական դպրոցում, Մոսկվայի՝ Գլինկայի անվան դպրոցում եւ Ել.Գնեսինի անվան ինստիտուտում։ Եղել է Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Դասական երաժշտության՝ «Դաշնակահարների հանրապետական» (Վրաստան, 1984-85-86թթ.), «ԱՊՀ երկրների միջազգային» (Ռուսաստան, 1999թ.), «Մեկ ազգ, մեկ մշակույթ» (Հայաստան, 2006թ.) մրցույթների դափնեկիր է։ Թբիլիսիի հանդիսատեսի համակրանքը նվաճել է մենահամերգների, ինչպես նաեւ համայնքի միջոցառումներին ունեցած ելույթների շնորհիվ։
Արդեն մեկ տարի՝ ղեկավարում է Վիրահայոց թեմի Առաջնորդարանի՝ Պատմա-մշակութային ժառանգության կենտրոնը, բայց, նախեւառաջ, նա մեր քաղաքի երաժշտական կյանքի անբաժանելի մասն է։
- Եսայի, «Վրաստանի» ընթերցողների անունից շնորհավորում ենք Ձեր հոբելյանը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական բերկրանքներ։ Եվ՝ մեր առաջին հարցը՝ ինչպե՞ս է Եսայի Աբովյանը բաժանվում 2014թ.-ից։
- Շնորհակալություն՝ շնորհավորանքի համար։ Ես, պետք է որ, գոհ լինեմ 2014-ից, քանի որ Հայոց Առաջնորդարանի՝ Պատմա֊մշակութային ժառանգության կենտրոնում ունեցա մի գործ, որը ինձ շատ հաճելի է։ Պատմությունը եւ ճարտարապետական արվեստն իմ նախասիրած ոլորտներն են եւ, օգտվելով առիթից, շնորհակալությունս եմ բերում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ում վստահությամբ էլ այսօր զբաղված եմ՝ Թբիլիսիի հայկական եկեղեցիների, այստեղ ապրած հայ մեծահարուստների երբեմնի բնակարանների, նրանց կառուցած՝ ճարտարապետական արժեք ունեցող, շենքերի ստեղծման պատմությունների հավաքագրմամբ։
2014-ին ունեցա մենահամերգներ, մասնակցեցի մեր համայնքի համերգներին, այնպես որ, անցնող տարուց բարեկամաբար եմ բաժանվում։
- Դուք այսօր մասնագիտությամբ չեք աշխատում, Ձեր նոր աշխատանքը Ձեզանից մեծ ժամանակ է խլում։ Նման պարագայում դաշնամուրը եւ բեմը որքանո՞վ է անհրաժեշտ Ձեզ։
- Նոր աշխատանքս չի խանգարում իմ ելույթներին, դաշնամուրը մշտապես եղել է իմ կյանքի բաղկացուցիչը։ Իմ կարծիքով, համերգային կյանքը շատ կարեւոր է՝ իր ասելիքն ունեցող երաժշտի համար, քանի որ՝ ցույց է տալիս նրա աշխատանքը, ստեղծագործական աճը։ Բեմը երաժշտի ինքնաարտահայտման ճանապարհն է։
- Ձեզ ավելի ռեալիզացված եք զգում իբրեւ ուսուցի՞չ, թե՞ իբրեւ կատարող։
- Թեպետ ուսուցիչ աշխատելիս, մշտապես, մեծ հաճույք եմ զգացել ու բավականություն, եւ ցանկալի արդյունքներն ընդունել եմ՝ որպես աշխատանքիս վարձատրություն, բայց ավելի սիրում եմ ինձ կատարող զգալ…
Ի դեպ, իմ աշակերտներից Աննա Վարդանովան Վրաստանի հանրապետական մրցույթների դափնեկիր է։ Մոսկվայում՝ երաժշտական տարբեր մրցույթների դափնեկիր էր Վիտալի Լոպատինը…
- Ի՞նչ եք կարծում, Ձեր մարդկային հատկանիշների ձեւավորման հարցում երաժշտությունը դերակատարում ունեցե՞լ է եւ օգնու՞մ է Ձեզ կյանքում…
- Անշուշտ։ Հատկանիշներից, երեւի, ամենակարեւորը կազմակերպվածությունն է։ Գործը կամ խոսքը՝ ինչից սկսելու, ինչով ավարտելու կարողությունն ինձ, համոզված եմ, տվել է երաժշտությունը, քանի որ ցանկացած երաժշտական կոմպոզիցիա, ցանկացած մեղեդի կատարյալ է, երբ ունի համաչափ, ներդաշնակ կառուցվածք՝ սկիզբ, ընթացք, ավարտ…
- Համաձա՞յն եք, որ լավ երաժիշտ լինելու նախապայմանը վերուստ տրված տաղանդն է։
- Միայն տաղանդով լավ երաժիշտ չես դառնա։ Դրա համար անհրաժեշտություն են՝ Աստծուց եկող սերը՝ գործի հանդեպ եւ՝ կատարողի ներքին հարստությունը, այսինքն՝ հուզական կատարման կարողությունը…
- Նոր տարվանից Եսայի Աբովյանի կյանքում ի՞նչը կսկսվի, եւ ի՞նչը կավարտվի՝ լավ իմաստով։
- Ունեմ ցանկություն՝ 2015֊ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված մենահամերգ տալ, կարծում եմ, դա կլինի Սուրբ Էջմիածին եկեղեցում։ Մյուս ամեն ինչ, թող Աստծո կամքով, իմ կյանքում շարունակվի իր հունով…
- Գիտենք, որ սիրում եք լուսանկարել, մասնակցում եք լուսանկարչական ցուցահանդեսների, նաեւ ասում են, որ վարպետ խոհարար եք, ինչո՞վ են այդ զբաղմունքները Ձեզ հաճելի։
- Երեւի նրանով, որ դրանք էլ արվեստ են եւ պահանջում են ստեղծագործել։ Լուսանկարչությունը ստիպում է նկատել եւ ցույց տալ բնության գեղեցիկ անկյուններն ու պահերը… խոհարարությունը՝ հաճախ քո երեւակայությամբ ստեղծված ուտեստով, հաճույք է պատճառում սեղանակցիդ… Այդ ծառայություններից դու էլ ես երջանկանում։
- Դուք հաճախ ուխտագնացության եք գնում Հայաստանի ու Վրաստանի եկեղեցիներ ու պատմական վայրեր, դա զուտ տեղանքը ճանաչելու հետաքրքրասիրության բավարարո՞ւմ է…
- Մեծերն ասել են՝ «Ճարտարապետությունը քարի երաժշտությունն է, իսկ երաժշտությունը՝ կենդանի ճարտարապետություն»։ Պատմական հուշարձաններ եւ եկեղեցիներ շրջագայելու սիրուս համար էլ, նորից ու նորից, պարտական եմ երաժշտությանը, ինձ համար այդ երկուսը լրացնում են իրար…
- Ձեր օրվա մեջ կա՞ հատված՝ աղոթքի համար։
- Այո, անպայման, եւ իմ հավատքն առ Աստված հեռու է ցուցադրականությունից։ Ինձ թվում է՝ աղոթելու պահանջը ծնվեց հենց եկեղեցիներն ուխտագնացության գնալիս… Այդ հեռավոր շրջագայությունների ժամանակ, հաճախ, բախվում ես դժվարանցելի կամ բարձրադիր տեղանքի, նման պահերի ես միշտ զգացել եմ Աստծո զորակցությունը եւ՝ անվնաս հաղթահարել հանդիպած դժվարությունները։
- Ի՞նչ կցանկանաք Նոր տարում անձամբ Ձեզ եւ Ձեր ընտանիքին։
- Այն, առանց ինչի մարդ չի կարող լիարժեք կյանքով ապրել՝ առողջություն, բարօրություն, երջանկություն։
Ուզում եմ շնորհակալությունս հայտնել «Վրաստան» թերթին՝ հոբելյանս հիշելու համար եւ շնորհավորել «Վրաստան» թերթի ողջ աշխատակազմի Նոր տարին։
Ձեզ քաջառողջություն, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, թանկագի՚ն բարեկամներ։
Շնորհավոր Վրաստանում բնակվող բոլոր ժողովուրդների Նոր տարին։
Սեր, հույս ու հավատ բոլորիս։

Զրուցեց ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ

 
< Հունվար 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31