Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԹԱՄԱՐ ՍԱՆԻԿԻՁԵ. «ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է»

Էլ.փոստ Տպել PDF

Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն ներկայացրեց իր գլխավորած գերատեսչության երկու տարվա աշխատանքի արդյունքները։

Նախարարի խոսքերով, գերատեսչության գլխավոր ձեռքբերումը համակարգի ապաքաղաքականացումն ու դպրոցական մանդատուրների ծառայության բարեփոխումն է։
«2012 թվականի դեկտեմբերին «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին մանդատուրների գործառույթներին վերաբերվող կետում։ Փոփոխություններն առնչվեցին նրանց պարտավորություններին, իրավասություններին։ Փոփոխությունները փաստորեն հանգեցրին մանդատուրների համակարգի նորացմանը, ծագեց նրանց նախապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման անհրաժեշտություն։ Նման փոփոխությունը բարձրացրեց մանդատուրների նկատմամբ պահանջարկը, եւ այսօր ավելի քան 400 դպրոցներից պահանջում են ներդնել մանդատուրների համակարգը։ Պահանջարկի բավարարման համար մշակել ենք եռամյա ծրագիր»,- հայտարարեց Թամար Սանիկիձեն։

Նրա խոսքերով, մանդատուրների ծառայության բազայի վրա հիմնվել է նաեւ հոգեբանական ծառայություն, որն արդեն գործում է չորս տարածաշրջանում։ «Այդ ծառայության ներդրման ցանկություն է հայտնել ավելի քան 700 դպրոց, ուստի մենք ծրագրում ենք ընդլայնել հոգեբանական կենտրոնների ցանցը»,- հայտարարեց նախարարը։
Կրթության նախարարի խոսքերով, համակարգում շարունակվում է քաղաքական շարժառիթներով աշխատանքից ազատված մանկավարժների վերադարձման գործընթացը։ «Համակարգի ապաքաղաքականացման գործընթացին նշանակալի օգնություն ցուցաբերեց հատուկ հանձնաժողովը, որն ուսումնասիրում է քաղաքական շարժառիթներով ազատված մանկավարժների ու տնօրենների դիմումները։ Հանձնաժողովը, որը կազմված է ոչ կառավարական կազմակերպությունների եւ ժողովրդական պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներից, արդեն քննարկել է հազարից ավելի դիմում։ Մոտ ժամանակներս հասարակայնությանը կներկայացվի մանրամասն հաշվետվություն»,- հայտարարեց Թամար Սանիկիձեն։
Նախարարության երկամյա գործունեության հաշվետվության ներկայացմանը Թամար Սանիկիձեն անդրադարձավ նաեւ մանկավարժների աշխատավարձի հարցին։ Նրա խոսքերով, 2016-2017 թվականներին մանկավարժների աշխատավարձը կգերազանցի միջին ցուցանիշը։ Նրա խոսքերով, մանկավարժների աշխատավարձի առաջիկա բարձրացումը ծրագրված է 2015 թվականի սեպտեմբերին։ Գործընթացը կշարունակվի 2016 թվականի ապրիլին, իսկ 2017 թվականի հունվարին այն վերջնականապես կավարտվի։ Նախարարի խոսքերով, ուսուցիչների բազիսային աշխատավարձը 2013 թվականին ավելացել է 70 լարիով։ Ինչպես նշեց Թամար Սանիկիձեն, բազիսային աշխատավարձի ավելացումը 100 լարիով ծրագրված է իրականացնել երկու փուլով, եւ արդյունքում՝ այն կավելանա 70 տոկոսով։
Երկամյա հաշվետվությունը ներկայացնելիս՝ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն խոսեց նաեւ բարձրագույն կրթության մասին։ Նրա խոսքերով, գերատեսչության կողմից մշակված ծրագրերի, բուհերի ֆինանսավորման շնորհիվ կտրուկ նվազել է այն ուսանողների թիվը, ում ֆինանսական բարդությունների պատճառով ուսանողի կարգավիճակը կանգնեցվել էր։ Միաժամանակ, նախարարի խոսքերով, ծրագրված է մշակել համապատասխան ծրագրեր, որպեսզի ֆինանսավորումը լինի սոցիալապես առավել կողմնորոշված, եւ ուսման վարձը չվճարելու պատճառով ուսանողի կարգավիճակի սառեցում չլինի։ «Բնականաբար, մենք հնարավոր ամեն ինչ անում ենք ֆինանսավորմանը առավել սոցիալական կողմնորոշում վերապահելու համար, եւ ես խստորեն հետեւում եմ այդ գործընթացին։ Գերատեսչությունը հնարավորինս կօգնի այն ուսանողներին, ովքեր աչքի են ընկնում ակադեմիական բարձր առաջադիմությամբ, որպեսզի նրանց համար ֆինանսական հիմնախնդիրները հասցվեն նվազագույնի»,- հայտարարեց Թամար Սանիկիձեն։

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
< Փետրվար 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28