Ինչպես հայտնել են «Ղազտրանսգազ-Թբիլիսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, մարտի 1-ից Թբիլիսիում իրավական անձանց համար բնական գազը կթանկանա եւ, ներկայիս 0,75֊ի դիմաց, կկազմի 0,9 լարի (շուրջ 0,45 դոլար)՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Տեղեկատվության համաձայն, սակագնի բարձրացումը կապված է դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի զգալի փոփոխման հետ: Ֆիզիկական անձանց համար բնական գազի սակագնի բարձրացում չի սպասվում:
Միաժամանակ, «Ղազտրանսգազ-Թբիլիսի» ընկերությունը սպառողներին տեղեկացնում է, որ մինչեւ փետրվարի 7-ը կնքեն նոր պայմանագիր, հակառակ դեպքում, ընկերությունը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը։Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 5-ին փոխվարչապետերին հանձնարարել է բանակցություններ սկսել Ադրբեջանի SOCAR նավթի-գազի ընկերության հետ՝ խուսափելու երկրում բնական գազի սակագների բարձրացումից։
«Կարծում եմ, որ մենք պետք է ուղիներ գտնենք՝ գազի գնի բարձրացումից խուսափելու համար, համենայնդեպս, թեկուզեւ այս փուլում: Մենք հանդիպումներ ենք ունեցել SOCAR-ի ներկայացուցիչների հետ: Նրանք միանգամայն պատրաստ են այս թեմայի շուրջ բանակցություններ վարելուն, ուստի, ես ցանկանում եմ մեկ անգամ եւս կոչ անել երկու փոխվարչապետերին՝ Տնտեսական խորհրդի հետ մեկտեղ, որն այդ գործընթացի մեջ կներգրավվի իմ անունից, ամենակարճ ժամկետում լուծել այդ հարցը»,- կառավարության նիստում հայտարարեց Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանի հացամթերքների արտադրողների ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեն, իրավաբանական անձանց համար բնական գազի սակագնի ավելացման պայմաններում, չի բացառում հացի թանկացման հնարավորությունը։ Նրա խոսքերով, հացի գինը, նախնական հաշվումներով, կկազմի 0,9-1 լարի։ Նրա հետ համաձայն չէ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան։ Նախարարի խոսքերով, գազի սակագնի ավելացումը ոչ մի ազդեցություն չի գործի առանձին մթերքների, մասնավորապես՝ հացի գնի վրա։ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլու հայտարարությամբ, առանձին արտադրատեսակների գների վրա բնական գազի սակագնի ավելացումը, իրոք, ազդեցություն կգործեի, թեպետ, փոխնախարարի հավաստմամբ, դա հացի արտադրական գործընթացի վրա ոչ մի ազդեցություն չի գործի։ «Ինչ վերաբերում է հացի գործարաններին, ապա դրանք միշտ ունեցել են արտոնյալ գներ, այսինքն՝ նրանց սակագները նկատելիորեն տարբերվում էին կոմերցիոն մյուս օբյեկտների համար սահմանված սակագներից։ Որքանով տեղեկացված եմ, վերոնշյալ ընկերությունների համար սույն արտոնությունը կպահպանվի»,- հայտարարեց Մարիամ Վալիշվիլին։
Վրաստանի էներգետիկայի նախարարությունում նաեւ նշեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ բնական գազի գների վերանայումը չի վերաբերի հացի գործարաններին:
Հիշեցնենք, որ ներկայումս սովորական սպառողի համար Թբիլիսիում բնական գազի սակագինը կազմում է 0,4562 լարի (շուրջ 0,23 դոլար)՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ադրբեջանն ապահովում է Վրաստանի կողմից սպառվող գազի ավելի քան 80 տոկոսը:
ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ