Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՆԻՆՈԾՄԻՆԴԱ ՔԱՂԱՔԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ 150-ԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ

Էլ.փոստ Տպել PDF

2014-2015 ուսումնական տարին կրկնակի հոբելյանական է մեր մայր դպրոցի` Նինոծմինդայի թիվ 1 հայկական կրթօջախի համար: Լրանում է հիմնադրման 150 եւ միջնակարգ որակավորման 80-ամյակը:

Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված տոնական միջոցառումների հարուստ շարքը մեկնարկեց: Դպրոցի անգլերենի ուսուցչուհիներ Գոհար եւ Լաուրա Վարդանյանների նախաձեռնությամբ անցկացվեց բովանդակալից միջոցառում: Ներկա էին դպրոցի մանկավարժներ, շրջանավարտներ, ծնողներ, վետերաններ, աշակերտներ:
Վրաստանի օրհներգի հնչյունների ներքո` դպրոցի ձոներգով ազդարարվեց միջոցառման մեկնարկը: Ռուբեն Վարդանյանը հանգամանորեն ներկայացրեց կրթօջախի հիմնադրման պատմությունը, որը սկսվում է 1865 թվականից, երբ ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցու տեղում՝ փայտաշեն եկեղեցուն կից գործել է եկեղեցական-ծխական դպրոց՝ մեկ ուսուցիչ, 11 աշակերտ: Նրա բազայի վրա էլ 1922 թվականին ստեղծվել է Խոջաբեկի տարրական, իսկ 1930-ից՝ ութամյա դպրոցը: 1935-ից դարձել է միջնակարգ՝ առաջինը տարածաշրջանում: 1936-37 ուսումնական տարում Խոջաբեկի հայկական միջնակարգ դպրոցը թողարկել է առաջին շրջանավարտներին: 1938 թվականից շահագործման է հանձնվել ներկայիս երկհարկանի շենքը՝ շրջկենտրոնում, ուր տեղափոխվել է Խոջաբեկի միջնակարգը եւ վերանվանվել Բոգդանովկայի (այժմյան Նինոծմինդայի) հայկական միջնակարգ դպրոց: 40-ականների կեսերից մինչեւ 1965 թվականը դպրոցն ունեցել է ռուսական բաժին, որի հիման վրա էլ ստեղծվել է Նինոծմինդայի ներկայիս ռուսական միջնակարգ դպրոցը:
150-ամյա դպրոցը տվել է ավելի քան 4 հազար շրջանավարտ` 90 ոսկե եւ արծաթե մեդալակիրներով: Մոտ 1000-ը ստացել են բարձրագույն կրթություն, եղել են գիտությունների դոկտորներ եւ թեկնածուներ:
Դպրոցի ամբողջ պատմության ընթացքում ուսումնադաստիարակչական աշխատանքներով զբաղվել են 11 տնօրեն, 16 փոխտնօրեն, շուրջ 400 ուսուցիչներ… Ներկայումս դպրոցում աշխատում է 50 մանկավարժ, սովորում` 351 աշակերտ, որոնցից 38-ը՝ առաջին դասարանում: Դպրոցն ունի նաեւ Կենաց ծառ՝ 150 տերեւներով, որոնց վրա գրված են նրա պատմությունը կերտած վաստակաշատ մանկավարժների անունները, եւ կան տերեւներ, որոնց վրա դեռ գրվելու են նվիրյալների անուններ…
Բեմում իրար էին հաջորդում 8-րդ դասարանի (դասղեկ՝ Օֆելյա Ղարսլյան) սաների` Սյուզաննա Էլոյանի, Անի Սանոսյանի, Ռուբեն Սարգսյանի, Վարազդատ Դարբինյանի եւ մյուսների ելույթները հայերեն, վրացերեն, անգլերեն լեզուներով: Այս ամենին զուգահեռ ցուցադրվեցին դպրոցի կյանքին նվիրված հետաքրքիր ու հիշարժան լուսանկարչական ու տեսաձայնագրային դրվագներ՝ հյուսված վաստակած հանգստի անցած մանկավարժներ Բուրաստան Հանեսյանի, Ռոզա Բայրամյանի, Հայաստան Խոդիկյանի, Զոյա Աբելյանի հուշերից: Միջոցառումն ավարտվեց դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանի ելույթով.
- Շնորհավորում եմ մեր բոլոր ժամանակների սաներին եւ ուսուցիչներին: Մենք հիրավի հպարտանալու մեծ առիթ ունենք` մեր դպրոցով եւ նրա հարուստ պատմությունով,- ասաց նա՝ հորդորելով աշակերտներին լավ սովորել եւ է՚լ ավելի բարձրացնել դպրոցի հեղինակությունը:

ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ք.Նինոծմինդա

 
< Մարտ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31