Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍՎԵՏԼԱՆԱ

Էլ.փոստ Տպել PDF

ՅՈԹ ԶԱՎԱԿԻ ՄԱՅՐ ԵՎ ՀԻՆԳ ԹՈՌԱՆ ՏԱՏ ՈՒ ԸՆԴԱՄԵՆԸ…

Հիմա երեւի պատկերացրեցիք պատկառելի հասակում ապրող երջանիկ ամուսինների, որ վայելում են իրենց վարուցանած այգու քաղցրահամ բերքը։ Մասամբ, չեք սխալվում։ Քանի որ իսկապես, անսահմա՜ն երջանիկ են, քանի որ այժմ արդեն իսկապես վայելում են, բայց ահա տարիքի հարցում, կարծում եմ, սխալվում եք։ Որովհետեւ ընտանիքի մայրը, Սվետլանա Զաքարյանը, ընդամենը 42 տարեկան է։ Շատ կենսուրախ, հանգիստ ու հմայիչ անձնավորություն…

- Ա՚յ, այս սեղանի շուրջ, որ հավաքվում, 16 հոգի ենք դառնում։ Քիչ առաջ թոռնիկներիս էլ ճանապարհեցի,- ուրախ-ուրախ պատմում է Սվետան, երբ ես, անկոչ հյուրս, ժամը 21։00 անց եկել էի հարցազրույցի (պատրաստելու էի մեր երկրում մարտի 3-ին տոնվող Մայրերի օրվա վերաբերյալ նյութը¤։ Իսկ նա, հոգսառատ առօրյայից ընդհանրապես չհոգնած, ամենայն անկեղծությամբ, սիրալիր ու անտրտունջ ընդունել էր ինձ, նորից սեղան գցել ու ասես նոր ամուսնացած ու դեռ նոր մայրացած կնոջ նման պատրաստվել զրույցի։ Այնինչ, ամուսնացել էր նա 16 տարեկան հասակում, առաջին անգամ մայրացել 26 տարի առաջ։ Որդիներից երկրորդը, դեռ մի քանի ամսեկան լքել էր մեր աշխարհը, ինչպես Սվետան ինքն է ասում, Աստծու մոտ գնացել։ Բայց հուսառատ մայրիկը շարունակել էր մեկը մյուսից գեղեցիկ բալիկների լույս աշխարհ բերելու շնորհակալ առաքելությունը։ Մայրության բերկրանքն ամեն անգամ նորովի էր զգացել, մինչեւ ամենափոքրիկի, Թբիլիսիի թիվ 104 դպրոցի առաջին դասարանի սան Մարիամիկի ծնունդը։ Իսկ ընդամենը 38 տարեկանում Սվետան «արժանացել էր» նոր «կոչման», ասել է թե՝ տատիկ էր դարձել։ Հիմա ավագ թոռնիկը Մարիամիկ հորաքույրից փոքր է մեկ տարով։ Դժվար է ասել նաեւ, թե երկար կմնա, արդյո՞ք, Մարիամիկը ամենակրտսերի կարգավիճակում…
- Եթե Աստծու կամքն է, նորից կմայրանամ, - հաստատեց Սվետան,- ամնեւին, որեւէ աղանդի հետեւորդ չեմ, մենք Հայ Կաթողիկե եկեղեցու հավատավոր ենք եւ ես, դեռ հայրական ու այժմ իմ տանը, բարեխիղճ քրիստոնյայի նման ու աստվածաշնչյան պատվիրաններին հավատարիմ եմ մեծացել, ապրում եւ դաստիարակում իմ բալիկներին։ Երեխաները գիտեն, եթե հայրիկն ու մայրիկը նույնիսկ իրենց սխալը չեն տեսնում, ապա Բարձրյալն անպայման ականատեսը կդառնա։ Շատ անգամ հենց այդ համոզումն է նրանց հեռու պահում սխալ քայլերից։ Ավանդապաշտ ենք նաեւ ու ժողովրդական հայտնի ասույթի նման, ես ու ամուսինս պահում ենք մեր օջախը. նա դրսի, ես՝ ներսի պատ դառնալով։
Սվետան հարս է եկել Հայաստանի Կալինինոյի շրջանից։ Հենց սկզբից, ամուսնու՝ Գեւորգի հետ բնակություն հաստատել մայրաքաղաքի արվարձաններից՝ Դամպալո կոչվող թաղամասում, խրճիթի նմանվող շա՜տ փոքրիկ տան մեջ։ Ու ընդամենը մեկ տարի ապրել տան մեծերի հետ։ Հետո երեխաների խնամքն ամբողջովին ընկել է դեռատի կնոջ փափուկ, բայց իրականում ամուրից էլ ամուր ուսերին։ Տնակն, ուր ապրել են, ընդամենը երկու սենյակ է ունեցել, որի յուրաքանչյուր անկյունում մեկ դույլ է եղել դրված՝ կտուրից ծորացող անձրեւաջրի դեմ։ Տունը նույնիսկ հիմք չի ունեցել։ Աշխատանքին զուգահեռ անասնապահությամբ են զբաղվել, հող մշակել, մրգատու այգուց օգտվել։ Այդպես ապրել են մինչեւ հինգերորդ երեխայի ծնունդը։ Մինչեւ, հավանաբար արժանիի հատուցումը, մինչեւ հին տան տեղում այս նորի, հսկայական բակ ունեցող եռահարկ հրաշալի տան դեռեւս ընթացքի մեջ կառուցումը, որի մաքրությունն ու կոկիկությունը միշտ ապահովում է Սվետա անունով ժրաջան մեղուն։
- Մայրանալուց հետո ամեն ինչ մոռանում ես,- ասում է նա,- առաջնահերթորեն ինքդ քեզ, համենայնդեպս մի քանի տարի դու պատասխանատու ես նրա կյանքի, նրա արարքների համար, ով քո կարիքն ունի։ Իսկ ես առանց որեւէ պարտադրանքի հստակ գիտակցում եմ, որ տան տնտեսուհի, կին ու մայր լինելը իմ առավելությունն ու առաքելությունն է։ Ինձ համար կնոջ ամենամեծ շնորհը ոչ միայն մայրանալն է, այլեւ ծնելիության այդ գործընթացին հաջորդող մայրական խնամքը, գուրգուրանքը, պատասխանատվությունը։
Առավոտյան վեցից շուտ է արթնանում։ Լինում է այնպես, որ ընդհանրապես չի քնում. մեկը բանակ պիտի գնա, մյուսը՝ դպրոց, երրորդն՝ աշխատանքի, չորրորդը՝ ուսումնարան, հինգերորդը դեռ նոր պիտի քնից արթնանա… Պետք է բոլորին ճանապարհել, տեղավորել, կերակրել, տունը կարգի բերել, ճաշ եփել, թեկուզ հյուր ընդունել… երբեք չի տրտնջում, ասում է դա բացասաբար է ազդում տան մթնոլորտի վրա, եւ որի պատճառով տունը հաստատ կռիվ է ընկնում։ Ոչ էլ զլանում է, ասում է, երեւի կոփվել եմ։
- Հետո, գիտե՞ս,- շարունակեց նա, - ամեն մի երեխա իր հետ մեկ այլ տիպի ուրախություն է բերում, օգնում մյուսին պահել։ Չնայած, ես չեմ պարտադրում, միաժամանակ ուրախանում եմ, որ փոքրին խնամելու ցանկությամբ են լցվում։ Երբ մտերիմներս հարցնում են, թե ո՞նց եմ, պատասխանս նույնն է՝ բոլորից էլ լա՚վ։ Հետո, ինքնաբերաբար այդպես էլ ստացվում է։ Ես շնորհակալ եմ Աստծուն իմ զավակների համար,- հուզմունքը համակեց նրան։ - Նրանց գոյությունը, առողջ կեցվածքը, գուրգուրանքն ու հոգատարությունը իմ, հայրիկի հանդեպ, նրանց ազնիվ ու կարգապահ մարդ լիելու ցանկությունը, իմ ամենամեծ նվաճումն են, ամենախոսուն երջանկությունս։
Ես լսում էի Սվետային ու մոռացած լրագրողիս հարցերը, պարզապես դասեր քաղում՝ որպես կին, որպես մայր, որպես հարս, մի կնոջից, ում բարձրագույն կրթությունը՝ կյանքն էր, մասնագիտությունը՝ Մայրություն։ Ես միայն առողջություն մաղթեցի նրան, որպեսզի երկա՜ր ու երջանի՜կ ապրեր իր իսկ նախընտրած եւ ոչ թե պարտադրված կյանքը։ Շնորհավոր տոնդ, Սվետա, շնորհավոր բոլոր մայրերի տոնը, եւ մասնավորապես նրանց, ով այս պահին ընթերցում է մեզ։

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Մարտ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31