Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐՈՎԻ ՀՆՉԵՑ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ

Էլ.փոստ Տպել PDF

«Հայարտուն» կենտրոնում, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին նվիրված երեկո։

«Վահան Տերյանը եւ Հայոց ցեղասպանությունը» խորագրով նախաձեռնությունը պատկանում էր հայոց լեզվի եւ գրականության վաստակաշատ մանկավարժ, Վրաստանի «Պատվո» եւ Հայաստանի «Մովսես Խորենացի» մեդալի ասպետուհի, ներկայումս՝ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցուն կից Սբ. Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի երկարամյա ու սիրված ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանին։
Տերյանի պոեզիայի լուսե կամարի ներքո, մայրենի լեզվի սուրբ խորհրդով, նա, այդ երեկոյին, միավորել էր տարբեր տարիքի 22 պատանիների ու աղջիկների, որոնցից 19-ը քաղաքի՝ կրթական այլալեզու հաստատությունների հայ ուսանողներ էին, իսկ 3֊ը՝ թիվ 104 հայկական դպրոցի սաներ։
Մանկավարժական մեծ փորձ կուտակած Զոհրաբյան ուսուցչուհու ուսուցման ընդունված մեթոդներից է գեղարվեստական միջոցառումը, որը գեղագիտական ճաշակ ու մտածելակերպ ձեւավորելուց զատ, կապում է արվեստի աշխարհին եւ, մասնավորապես, գրականությանը եւ ասմունքին։
Ուստի, Տերյանի պոեզիան պատանի մասնակիցների շուրթերից հնչեց՝ իբրեւ ուշացած սիրո հավաստում հայ խոսքարվեստին։ Նրանցից շատերն առաջին անգամ էին հայերեն ասմունքում եւ դրանից ծնված «մեկ ուրիշ բերկրանքը» կարողացան շնորհալիորեն փոխանցել ունկնդրին։
Ոչ հայկական կրթությունը չխանգարեց Աննա Ղարիբյանին եւ Գիորգի Մինասովին հնչեցնել ժողովրդական՝ «Փնջերով վարդ եմ քաղել…» հոգեպարար երգը։ Երեկոյին իր մասնակցությունը բերեց Միջազգային փառատոների դափնեկիր, երաժիշտ-դաշնակահար Եսայի Աբովյանը։
Մանկավարժ Զոհրաբյանին եւ նրա սաներին խրախուսանքի, գնահատանքի, բարեմաղթանքի ջերմ ու տաք խոսքեր հղեցին Պ.Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Մելանյա Բարսեղյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, քանդակագործ Լեւոն Օսիպովը, ով իր քանդակը նվիրեց Ռոզա Զոհրաբյանին, նախկին մանկավարժ Միխայիլ Թադեւոսովը, գործարար Սամվել Աղեկյանը, այլոք։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Տեր եպիսկոպոս Միրզախանյանը, իր հայրական օրհնանքը բերելով երեկոյի պատանի հերոսներին ու նրանց մեղվաջան ղեկավարին, մաղթեց անձանձիր շարունակել՝ ազգապահպան ու մարդասիրական մղումներով իմաստավորված մանկավարժական առաքելությունը։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Ապրիլ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30