Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 175-ԱՄՅԱԿԸ ՆՇՎԵՑ ՆՐԱ ՀԱՅՐԵՆԻ ԲՈԼՆԻՍ-ԽԱՉԵՆՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Բոլնիս-Խաչենում այդ օրն էլ հավաքվածները ծաղկեփնջերով պատեցին Ղ.Աղայանի (1840-1911) կիսանդրին։ Զիզի քարի հենց ստորոտին, Մեծ դասականի 50-ամյա թանգարանի մոտ, խոսքով, երգով, բանաստեղծությամբ, պարով ու գրքերով մեծարեցին նրան՝ այս անգամ ի պատիվ նրա 175-ամյակի։ Արեւ էր շուրջը, եւ արեւի մեջ ասես ավելի էին լուսավորվում Աղայանի անմեռ գրական հերոսները՝ Անահիտը, Արեգնազանը, Հարությունը, Մանվելը, ճախարակը… Ներկաներն ասես տեսնում էին նրա անցած կյանքի ուղին՝ Բոլնիս-Խաչենից մինչեւ Թբիլիսի, գրաշար բանվորից մինչեւ մեծ գրող ու մեծ մանկավարժ։

Գրող, որը հատկապես մանկագրության մեջ իր երեւելի հետքը թողեց հայ գրականության ու մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում։ Մանկավարժ, որի դասագրքերը չորս տասնամյակից ավելի ուղենիշ-ուղեցույցներ եղան Վրաստանի հայկական դպրոցների համար։ Մարդ, որի կենսակերպը հիանալի օրինակ է նաեւ ներկա ու գալիք սերունդների համար։ Ազգային հասարակական գործիչ, որի գործը ներծծված է հանուն ազգի ու լեզվի պահպանման, պաշտպանության նշանակալից էջերով, որի գործունեությունը, որ ծավալվել է Թբիլիսիում (ուր, Խոջիվանքում հանգչում է նրա մամինը) հայ-վրաց դարավոր բարեկամության մատյանի լուսավոր էջերից է:
Ահա այս ամենի առկայությունն է, որ ամեն տարի Բոլնիս-Խաչեն է բերում ու հավաքում ե՚ւ հայ, ե՚ւ վրացի գրողների, մտավորականների, հողի աշխատավորների, լրագրողների, բազմաթիվ երկրպագու ընթերցողների։ Մեծերը չեն մեռնում։ Իրենց բարձունքից նրանք մեզ շարունակում են դասեր տալ, օգնում ճիշտ ապրել, սեմանում սեր ու բարիք:
…Այս տարի նույնպես բազմամարդ էր աղայանական հանդեսը։ Բացելով ավանդական միջոցառումը եւ ներկայացնելով Թբիլիսիից, Երեւանից, Վրաստանի այլ վայրերից ժամանած, ինչպես նաեւ տեղացի մեծարգո հյուրերին՝ «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը ներկայացրեց Աղայանի գրական գործունեության ուղղությունները՝ արժեւորելով նրա վիթխարի դերը հայ գրականության անդաստանում։ Նա նշեց, որ ընթացիկ միջոցառումը ինչպես վերջին տարիներին, այնպես էլ՝ այս տարի, տեղի է ունենում «Հայարտուն» կենտրոնի եւ Քվեմո-Քարթլիի նահանգապետարանի ու Բոլնիսիի մունիցիպալիտետի հոգածությամբ։ Այնուհետեւ, նա խոսքը փոխանցեց շրջանի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գոգիտա Մեշվելիանուն, որը ողջունեց ներկաներին եւ «Աղայանի ավանդական օրը» համարեց մեծ պատիվ ոչ միայն Բոլնիս-Խաչենի, այլեւ շրջանի համար։
Աղայանի մասին խոսքով հանդես եկան «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանը, պրոֆեսոր Էմմա Ախտյանը, երկարամյա մանկավարժ Նորայր Բաղդասարյանը, «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանը, երեւանցի երգահան Արսեն Համբարյանը, Բոլնիս-Խաչենի դպրոցի տնօրեն Մեխակ Սարգսյանը, թբիլիսցի գրողներ Արտեմ Կիրակոզովը, Գարրի Ղալամքարովը, երեւանցի գրող, հրապարակախոս Վանիկ Սանթրյանը։ Վերջինս ընթերցեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ուղերձը։ Գրողներից մի քանիսը թանգարանին ու դպրոցին նվիրեցին իրենց գրքերից, իսկ երեւանցի նկարիչ Մաքսիմ Գիքինյանը՝ Բոլնիս-Խաչեն գյուղը պատկերող կտավ, ինչպես նաեւ մեզ՝ մեծ շրջանակով լուսանկարները։
Միջոցառմանը ներկա էին Քվեմո Քարթլիում պետական լիազորի առաջին տեղակալ Կախաբեր Գուգեշաշվիլին, Հայաստանի «Բոլնիս-Խաչեն» հայրենակցական միության փոխնախագահ Աշոտ Շահբազյանը, թբիլիսցի գործարար, Հայերի համաշխարհային կոնգրեսի վարչության անդամ Ռաֆիկ Աղաջանյանը, Վիրահայոց թեմի հոգեւոր հայրեր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը։
Միջոցառման գեղարվեստական մասը, որին մասնակցեցին Թբիլիսիի, Երեւանի, Նինոծմինդայի եւ Բոլնիս-Խաչենի պատանի պարողներն ու ասմունքողները, ովքեր ասմունքեցին նաեւ Ղազարոս Աղայանի պոեզիայի էջերից, հնչեցրին նրա խոսքերով գրված երգեր, վարեց թբիլիսցի վաստակաշատ մանկավարժ, «Վերնատուն» միության անդամ Ռոզա Զոհրաբյանը։
Օրը Աղայանինն էր, եւ մինչեւ ուշ երեկո գյուղի երկնակամարում սավառնում էր նրա բարի ու լուսառատ ոգին։

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Բոլնիս-Խաչեն - Թբիլիսի

 
< Մայիս 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31