Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԼԵՎՈՆ ՕՍԻՊՈՎԻ ՆՈՐ ԿԵՐՊԱՐԸ

ԼԵՎՈՆ ՕՍԻՊՈՎԻ ՆՈՐ ԿԵՐՊԱՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

altՍտեղծագործող անհատը, նկարիչ կլինի նա, թե գրող-բանաստեղծ, երաժիշտ, թե դերասան, անկախ իր տարիքից, սկսնակ է նա, թե փորձ ուսած վարպետ, մշտապես ունի խրախուսման կարիք։

Դա նրա թթվածինն է, որը ապահովելու ուղղությամբ, վերջերս, իր պատշաճ դերակատարումն է բերում Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը։ Հենց այդ նպատակով էլ՝ հուլիսի 16-ին «Հայարտանը» բացվեց ցուցահանդես՝ նվիրված նախկին Խորհրդային նկարիչների միության անդամ, Վրաստանի նկարիչների միության անդամ, Վրաստանի հայ նկարիչների միության անդամ, խեցեգործ Լեւոն Օսիպովի ծննդյան 75-ամյակին։
Վերնիսաժին պարզվեց, որ ժամանակին պատանի Լեւոնին հայտնաբերել ու դեպի գեղանկարի աշխարհն է ուղղորդել ոչ այլ ոք, քան հռչակավոր, հայ քանդակագործությունը աշխարհին ներկայացնող Երվանդ Քոչարը… Որ Լեւոն Օսիպովի կերտած սկահակներից մեկը զարդարում է Ֆիդել Կաստրոյի գրասեղանը… Որ ինքը, իր մարդկային նկարագրով, կենսուրախ, մարդամոտ, հյուրասեր ու մարդամեծար ա՚յն թբիլիսցին է, ում դուռն ու սեղանը բաց ու լի են ծանոթ֊անծանոթի համար։
Հոբելյարի մարդկային նկարագիրը բացահայտող այս հետաքրքիր, նաեւ կոլորիտային  մանրամասները, նրա ստեղծագործական աշխարհը ներկայացնող տեսագրությունը, իրենց հերթին, նպաստեցին զգալու այդ երեկո ցուցադրված, մի քանի տասնյակ քանդակների, անշուշտ, ինքնատիպ ոճը։
Երեկոյի բացմանը Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի ողջույնի ջերմ խոսքին հետեւեց քանդակագործ Մերաբ Մետրեւելին՝ փոխանցելով գեղանկարչության ու կիրառական արվեստում ունեցած վաստակի եւ ծննդյան 75֊ամյակի առիթով Վրաստանի նկարիչների ֆեդերացիայի դիպլոմը։ Շնորհավորանքին հետեւեց նաեւ Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանի, արձակագիր Ռաֆայել Գրիգորյանի, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Աղաջանյանի, նույն թատրոնի դիմահարդար Ռոման Նուրալյանի, ֆոտո֊լրագրող Վալերի Հունանյանի, քանդակագործ Վլադիմիր Ավակովի, Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան բաժանմունքի նախագահ Ենոք Թադեւոսյանի շնորհավորանքի եւ գնահատանքի նույնչափ ջերմ խոսքերը։
Իր սրտագին բարեմաղթանքը հղելով հոբելյարին՝ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը եւ երեկոյի ավարտին իր օրհնությունը բերած Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շեշտեցին «Հայարտան» գործունեության օրինակելի դերը հայաբնակ շրջանների մշակութային կյանքի աշխուժացման գործում։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

 
< Հուլիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31