Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԳՈՂԳՈԹԱՆ. ՆԻՆՈ ՓԻՐՑԽԱԼԱԻՇՎԻԼՈՒ ԳԾԱՆԿԱՐԸ»

«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԳՈՂԳՈԹԱՆ. ՆԻՆՈ ՓԻՐՑԽԱԼԱԻՇՎԻԼՈՒ ԳԾԱՆԿԱՐԸ»

Էլ.փոստ Տպել PDF

Թբիլիսիի «Կովկասյան տանը» տեղի ունեցավ վրացի նկարչուհի, բանաստեղծուհի Նինո Փիրցխալաիշվիլու (1970-2012) «Հայ ժողովրդի Գողգոթան. Նինո Փիրցխալաիշվիլու գծանկարը» 80 էջ ներառող կատալոգի շնորհանդեսը: Հրատարակությունը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Հրատարակման նախաձեռնությունը պատկանում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը եւ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմին: Տպագրությանը նյութապես աջակցել է նինոծմինդացի գործարար Արամ Սանոսյանը: Կատալոգի համակարգողն է նկարչուհի Իրենա Օհանջանովան, տեքստի հեղինակը՝ արվեստագիտության դոկտոր Մարինա Մեձմարիաշվիլին, խմբագիրը՝ Մարամ Գաչեչիլաձեն, հայերեն տեքստի թարգմանիչը՝ Անահիտ Բոստանջյանը, վրացերենինը՝ Մարի Առաքելովան, լուսանկարների հեղինակը Յուրի Ակուլյանն է, դիզայնի հեղինակը՝ Գոգա Դավթյանը:

Գծանկարները դասակարգված են կատալոգի երեք բաժիններում՝ «Մուսա լեռան պաշպանության 40 օրը», «Մուսա լեռան 40 օրը. Յոհաննես Լեփսիուս» եւ «Կոմիտաս»:
Բոլոր գծանկարներում վրացի նկարչուհու խոր ցավն է հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ 1915-ի Հայոց ցեղասպանության հանդեպ, մեր անկեղծ ու ճշմարիտ բարեկամի ցասման ձայնը Օսմանյան կայսրության անօրինակ ոճրագործությունների դեմ: Կոմպոզիցիաների գունային գամման կառուցված է սեւի ու սպիտակի համադրությամբ։ Չկան ստվերներ, թափանցիկ տարածքներ… Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հանրաճանաչ գիրքն ու նրա հոգու ցավը խորապես ցնցել են վրացի նկարչուհուն, ու գրքի մեջ (կյանքում էլ նա միշտ արցունքաչք էր խոսում մեր ողբերգության մասին) քանի գնում, այնքան ավելի է երեւում կարեկցանքի զգացումը, միաժամանակ հայ ժողովրդի ոգեղեն ուժի ու հաղթանակի հանդեպ Նինոյի խոր հավատը: Բոլոր գծանկարներում տիրապետող է սեղմ լակոնիզմը, ինչը պահպանվում է եւ գերմանացի միսիոներ ու հասարակակն գործիչ Լեփսիուսի ու Կոմիտասի կերպարները կերտելիս։ Ու թվում է, թե ամբողջ կատալոգում կյանքից վերջերս անժամանակ հեռացած հեղինակի դառնությամբ լի սիրտն է բաբախում՝ անարդարության, ոճիրի, չարության, մեղսագործության հանդեպ ըմբոստությամբ լի...
Ավելացնենք, որ հայ ժողովրդին Նինոն նվիրել է նաեւ մի շարք քերթվածներ, որոնց մեջ եւս վեր է հանում եռագույնի թեման՝ «ծիածանը՝ եռագույն լուսատու»... «Եվ սա, ինչպես նշում է Մ.Մեձմարիաշվիլին, տեսողական ու բանավոր ընկալման պատահական սինխրոնիզմ չէ: Սա Նինոյի աշխարհազգացողության գեղարվեստական արտացոլքն է, նրա ներաշխարհը, որտեղ ամեն ինչից անկախ հաղթում են Հավատը, Հույսը եւ Սերը»…
Եվ գրքի շնորհանդեսը ու ընդհանրապես հրատարակությունը հարկավ այդ անկեղծ սիրո բարի ու անկեղծ, անշահախնդիր պատասխանն էր… Սիրո հանդեպ սեր... Հետեւաբար՝ երախտագիտություն, շնորհակալություն, գնահատանք... Դեսպանության, Վիրահայոց թեմի ու անձամբ Վրաստնում ՀՀ մեծարգո դեսպան Հովհաննես Մանուկյանի այս շնորհակալ գործը ու շնորհանդեսին՝ թե՚ Փիրցխալաիշվիլու, թե՚ կատալոգի հրատարակմանը աջակցած նվիրյալների հանդեպ երախտագիտությամբ ու հարգանքով լի նրա խոսքը լավագույնս է ապացուցում այս ճշմարտությունը...
Շնորհանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը. Վրաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավոր, անվանի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, արվեստագիտության դոկտոր Մարինա Մեձմարիաշվիլին։
Ավելացնենք, որ միջոցառումը կազմակերպել էր ու վարեց Կովկասյան տան համակարգող Վիկա Մաքսոեւան (անպայման շնորհակալություն նրան), խոսքով հանդես եկան Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գրողներ Գիվի Շահնազարը, Անահիտ Բոստանջյանը, Փարաջանովի ֆոնդի նախագահ Մանանա Ճղոնիան, համակարգող Իրենա Օհանջանովան, միջոցառման կազմակերպիչ Վիկա Մաքսոեւան։ Միջոցառումը ուղեկցվեց արհեստավարժ երաժշտական համարներով՝ ջութակ, դաշնամուր, երգ…
Երեկոն Սիրով էր լի, Սրտով էր լի.... «զբարի խոսքով» էր լի… Ու դա ծնվել էր, դարձյալ Շնորհալու խոսքով ասած, «զբարի մտքից, զբարի գործից…

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Հոկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31