Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՈՎ ԲԱՐԵԿԱՄ ՉԻ ՈՐՈՆՈՒՄ, ՆԱ ԻՆՔՆ Է ՀԵՆՑ ԻՐ ԹՇՆԱՄԻՆ

ՈՎ ԲԱՐԵԿԱՄ ՉԻ ՈՐՈՆՈՒՄ, ՆԱ ԻՆՔՆ Է ՀԵՆՑ ԻՐ ԹՇՆԱՄԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

altՆոր բարեկամներ ու հասակակիցներ ձեռք բերելը, մտերմություն հաստատելը, նաեւ՝ սեփական փորձի փոխանակումով եւ հաջողություններով կիսվելը, խորթ չէ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 դպրոցի համար: Դեռեւս 2010 թվականն էր, երբ Թբիլիսիի Խոջիվանքի եւ Մթածմինդայի մշակույթի եւ հասարակական գործիչների պանթեոններում իրենց խոնարհումը բերելու նպատակով, մեկօրյա շրջագայությամբ, Թբիլիսի ժամանած գանձացիները, այցելեցին մայրաքաղաքի թիվ 104 դպրոց: Եվ սկիզբ դրվեց ջեր փոխհարաբերությունների թե՚ երկու դպրոցների սաների եւ թե՚ տնօրինությունների միջեւ: Այսօր էլ, դպրոցն ավարտած սաներից շատերը եւ նրանց ուսուցիչները ոչ միայն պահպանում են այդ ձեռքբերումը, այլեւ շարունակում են շփվել ու համագործակցել՝ զարգացնելով այն նաեւ ընտանեկան միջավայրում:

Առաջնորդվելով Ռուսթավելու՝ «Ով բարեկամ չի որոնում, նա ինքն է հենց իր թշնամին» հայտնի տողերով, այս անգամ գանձացիները կապ հաստատեցին Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, իսկ առիթ հանդիսացավ Թբիլիսիի թիվ 24 դպրոցի նախաձեռնությամբ անցկացվող «Ընթերցում ենք Ռուսթավելի» նախագիծը, որը կայացավ ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին, Թբիլիսիում, որի մասին հաղորդել ենք «Վրաստան» թերթի  սեպտեմբերի 22-ի համարում: Հաջողությամբ մասնակցելուց ու մրցանակի արժանանալուց հետո, ետդարձի ճանապարհին սեբաստացիները կանգ առան Գանձայում, վայելեցին Տերյանի անմահ շունչն ու ոգին, գանձացիների լայն սիրտն ու հյուրընկալությունը: Ու այժմ էլ հանդիպումը Երեւանում էր՝ «Մխիթար Սեբաստացու օրեր» տոնի շրջանակներում: Ասենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ երեւանյան այս կրթահամալիրում դասավանդվում է վրացերեն: Սաներից բացի, վրաց լեզվի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ուսուցիչները:
Երեւան այցելության եւ եռօրյա միջոցառումների մասին մեզ հետ զրույցի ժամանակ, Գանձայի դպրոցի վրաց լեզվի վաստակաշատ ուսուցչուհի Նանա Բարջաձե-Միխանաշվիլին ընդգծեց՝ «որ տոնական օրերն սկսվեցին աշակերտական եւ ուսուցչական երգչախմբերի համերգով, այնուհետեւ բացվեց փոքրիկ համերգասրահ, որտեղ կայացավ դասական երաժշտության համերգ, արվեստի դպրոցում ցուցադրվեցին աշակերտների եւ ուսուցիչների նկարներն ու խեցեղեն իրերը: Կազմակերպվեց «Թթվի տոն», որին ընդգրկված էր ողջ դպրոցը: Շատ էին հյուրերը՝ Հայաստանում գործող հայտնի դեմքեր ու անուններ: Մեզ համար կազմակերպվեց նաեւ շրջայց Երեւանում եւ Էջմիածնում: Հրապուրված ու հիացած ենք այդ ամենով»:
Տիկին Նանան համոզված է, որ նորաստեղծ բարեկամությունը կշարունակվի ու կխորանա:
Չնշել այն, թե որքան մեծ ցանկություն եւ ձգտում ունեն ե՚ւ Գանձայի դպրոցի տնօրեն Սարգիս Դուրգարյանը, ե՚ւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ իրենց սաներին է՚լ ավելին տալու, նպաստելու նրանց համակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, անարդարացի կլինի:
Համոզված ենք, որ կրթօջախները կկարողանան իրագործել բազում նոր նախաձեռնություններ:

ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող

 
< Դեկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31