Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանում կայացավ «Եվրոպական մտածելակերպը արեւմտահայ գրողների ստեղծագործությունում՝ 20-րդ դարի  սկզբին» գիտագործնական խորհրդաժողովը։ Այն  անցկացվեց Թբիլիսիի հայկական հասարակական կազմակերպությունների միջոցառումների ձեւաչափով՝ նվիրված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին։ Այն նախաձեռնել էր «Թբիլիսիի հայերի ասամբլեան»՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Վիրահայոց թեմի աջակցությամբ։

Միջոցառումը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիկոպոս Միրզախանյանի աղոթքով՝ հղված արյունոտ հանցագործությունների բոլոր զոհերի հիշատակին։
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Գրադարանի գիտության, մշակույթի եւ քաղաքացիական կրթության դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Էմզար Ջղերենաիան։ Նկատի ունենալով խորհրդաժողովի մարդասիրական ուղղվածությունը՝ նա ընդգծեց, որ Վրաստանում ինտելեկտուալ գիտությունների ամենախոշոր գրապահոցը երկրի բազմազգ ժողովրդի սեփականությունն է եւ ծառայում է առաջադիմությանը, քաղաքակրթությանը։
- Ցավալի է,- ասաց Ջղերենաիան,- որ սրահում հավաքվածների մեծամասնության համար, առավել եւս, որ կրթություն են ստացել խորհրդային եւ ներկա ժամանակներում, դեռեւս անհայտ են այնպիսի ականավոր բանաստեղծների ու արձակագիրների անուններն ու ստեղծագործությունը, ինչպիսիք են Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սեւակը եւ այլք։ Իրենց ստեղծագործության ծաղկուն շրջանում նրանք դարձան ահավոր ողբերգության զոհ՝ չհասցնելով լրիվ չափով մարդկությանը նվիրաբերել իրենց ձեւով ու բովանդակությամբ եզակի գրական-հրապարակախոսական ստեղծագործության նմուշները։
Խորհրդաժողովում ելույթ ունեցողներից շատերը խոստովանեցին, որ այդ բանաստեղծներին իրենք ծանոթացել են բոլորովին վերջերս։
Խորհրդաժողովը վարում էր գրող Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենց)։ Զեկուցումներով եւ մտքերի փոխանակությանը հանդես եկան բանասիրության դոկտոր, բանաստեղծ եւ դրամատուրգ Իրենա Կեսկուլը, բանաստեղծ եւ արձակագիր, «Կույրերը՝ առանց սահմանների» ընկերության նախագահ Բեսո Սոլողաշվիլին, Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետհամալսարանի պրոֆեսոր, ռուսագետ Մարիա Ֆիլինան, Վրաստանի ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Զազա Ալեքսիձեն, ճանաչված բանաստեղծներ Մզիա Խեթագուրին, Պաոլա Ուրուշաձեն, Գիվի Շահնազարը, անցյալում «Լիտերատուրնայա Գրուզիա» հանդեսի փոխխմբագիր Քամիլա Կորինթելին եւ ուրիշներ։ Վարուժանի եւ Սիամանթոյի բանաստեղծությունների արտասանությամբ հանդես եկան Մոնիկա Քուրքչյանը եւ Վրաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանը։ Բանաստեղծությունների վրացերեն եւ ռուսերեն թարգմանությամբ ելույթ ունեցան հենց թարգմանիչները՝ Գարրի Ղալամքարովը, Արտեմ Գրիգորենցը, Վլադիմիր Սարիշվիլին, նաեւ թատերական ինստիտուտի պրոֆեսոր, ռեժիսոր Թենգիզ Ավալիշվիլին։
Երախտագիտության խոսքով եւ բարեմաղթություններով խորհրդաժողովի մասնակիցներին դիմեցին Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակից Լեւոն Թորգոմյանը, իսկ վերջում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բոլորին մաղթեց խաղաղություն եւ միաբանություն։

ՄՈՆԻԿԱ ՔՈՒՐՔՉՅԱՆ

 
< Ապրիլ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30