Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն «ԻՐ ԹՈՐԻԱՅԻՑ ԼԱՎ ՏԵՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱ»

«ԻՐ ԹՈՐԻԱՅԻՑ ԼԱՎ ՏԵՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱ»

Էլ.փոստ Տպել PDF

alt- Բջջային հեռախոսիս լղարիկ գումարը դեռ չսպառած` հայտնեմ, որ լրացել է մեր շրջանի լավագույն ուսուցիչներից մեկի` Տարիել Սեխլյանի ծննդյան վաթսուն եւ մանկավարժական գործունեության քառասուն տարին: Այս հրաշալի առիթով կուզենայի, որ դու հանդես գայիր ակնարկով,- լսափողի մեջ լսվում է «Արշալույս» թերթի խմբագիր Մանուկ Կարախանյանի ձայնը։
Ինքնասիրությունս, անշուշտ, շոյված է` մեծապես շնորհակալ եմ: Եվ ակամայից ժպտալով՝ հուշերիս կծիկն եմ քանդում:

 …Հազար ինն հարյուր վաթսունինը թվականի հունվարի քսանն է: Մեր՝ այն ժամանակ Բոգդանովկայի (այսօր՝ Նինոծմինդա¤ հայկական միջնակարգ դպրոցի մարզադահլիճում ուրորէ սկիզբ կառնի մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի շրջանային փուլը: Մի տեսակ անհանգիստ հոգեվիճակի մեջ ներքաշված՝ ամբարտավան ու հպարտ «տանտերերս», վերեւից նայելով գյուղերից շրջկենտրոն եկած մեր վեհերոտ հասակակիցներին, X3 + X2- 392=0 բարդագույն հավասարման շուրջն ենք գլուխ ջարդում՝ փորձելով այն լուծել ոչ գրաֆիկական եղանակով: Այստեղ է, որ մեզ մոտեցավ Հեշտիայի թիվ 1 միջնակարգ դպրոցը ներկայացնող տղաներից մեկը, որի անունը, ինչպես ծանոթանալուց հետո իմացա, Տարիել էր` Սեխլյան Տարիել: Նա էլ իրենն ասաց: Կրքերն է’լ ավելի բորբոքվեցին: Եվ մինչ հավաքական եզրակացության կհանգեինք, մեզ ներս հրավիրեցին:
Ի վերջո ավարտվեց մաթեմատիկայի օլիմպիադայի շրջանային փուլը: Հոգնաբեկ իններորդ դասարանցիներս արագորեն ցրվեցինք:


Տարիելին վերստին հանդիպեցի 1970-ի հոկտեմբերին, այս անգամ` Երեւանում: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի նորաթուխ ուսանողի հետ երկար թափառեցինք` միմյանց այնքան բան ունեինք պատմելու (իմիջիայլոց, նախորդ տարվա խորանարդ աստիճանի հավասարումն էլ հիշեցինք, որի ոչ գրաֆիկական լուծման բանալին, արդեն իսկ, երկուսիս ուղեղում էլ կար):
Մեր հանդիպումները հետագայում առավել հաճախակի դարձան` Տարիելին ու ինձ կապելով մտերմության ամուր թելերով:
Տարիները գլորվեցին աննկատ: Բուհն ավարտելուց հետո, Տարիելը 1974-ին հայրենի եզերք վերադարձավ` թողնելով մայրաքաղաքային փայլուն կարիերան: Օրերից մի օր էլ լսեցի, որ մաթեմատիկա եւ ֆիզիկա է դասավանդում իր ծննդավայր Թորիայի դպրոցում:
Անկեղծ ասեմ, որ տարածության ու ժամանակի բազմորոգայթ հեռուներում իմ հին ընկերոջը մի տեսակ մոռացա (ուր է, թե հաղորդակցման ժամանակակից միջոցները լինեի՜ն):
…Շարունակում եմ քանդել հուշերիս կծիկը գալար առ գալար եւ նոր  «հայտնագործություն» կատարում։
Ես` Երեւանի պետհամալսարանի նախկին մեխմաթցիս, նախախնամության կամոք, աշխատանքի անցա շրջանային «Արշալույս» թերթի խմբագրությունում:
Հազար ինն հարյուր ութսունն էր հյուսվում: Ծառայության լրագրողական պարտականությունս կատարելիս՝ մի օր եղա նաեւ Թորիայի միջնակարգ դպրոցում: Տարիելի հետ կարոտաբաղձ ողջագուրվեցինք, ապա քաշվեցինք կողքի եւ զրույցի բռնվեցինք` անցած-գնացած օրերը վերհիշելով: Հետո նստեցինք իրար կողքի եւ ակամայից լարեցինք ունկերը մեր. թեժ ու սահմռկեցուցիչ քաղպարապմունք էր ծավալվում` կոմունիստականին բնորոշ միջոցառումներից…
Ձանձրալի, ես կասեի` հոգի ծվատող ժամերը մի կերպ  անցան, փառք Աստծո: Իմ հին ընկեր Տարիելն ու նրա հետ մտերիմ ուսուցիչներից մի քանիսը ինձ ու խմբագրության անխոնջ վարորդ Աշոտին անտառ հրավիրեցին` մի պատառ հաց կտրելու: Չմերժեցինք:
Մեր փոքրիկ խումբը հանգրվանեց գյուղի գլխավերեւի սոճուտի փեշի տակից բխող սառնորակ կաթնաղբյուրի շուրթին: Մինչ տղաները «սուփրա» կբացեին, Տարիելի հետ առանձնացանք:
- Եղբայր,- ասացի հենց այնպես,- գյուղ վերադառնալդ արդյոք նահանջ չե՞ս համարում:
- Բնավ… Իմ բարձրիկ Թորիայից լավ տեղ աշխարհում չկա: Ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ ընտանիքը, իմ գյուղի մարդկանց` խոնջանքի բեռ շալակած շինականին, իմ սաներին, ծեր ու ջահելին… Սիրում եմ իմ հողը, քարն ու քռան, իմ հրաշագեղ անտառը, աղջկական աչքի նման զուլալ մեր աղբյուրը, մեր հուռթի արտերի հասկը, հավք ու թռչնի դայլայլն անուշ… Եվ սերն այդ, հավատա, արյանս բաղադրության մեջ է, իմ երակներում։ Դրախտը ամեն մարդ իր ծննդավայրում պիտի փնտրի…
- Ենթադրում եմ, որ ամուսնացել ես,- կանխելով ընկերոջս` զրույցն առաջ եմ տանում ես:
- Իհարկե: Կինս` Լիդա Մկրտչյանը, մեր դպրոցում ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդում: Հայրական արմատներով թորիացի հայուհի է, մայրականով` ստալինգրադցի ռուս։ Ամբողջ կյանքն ապրել է Բոգդանովկայում: Բայց առանց մեր քաղցրանուշ գյուղի իրեն պատկերացնել անգամ չի կարող։ Փոխադարձ սիրո ամրակուռ հիմքի վրա` ընտանիք ենք ստեղծել, երեխաներ ունենք: Հայրս չկա, իսկ մայրս մեզ հետ է ապրում` իր ավանդապաշտ կեցվածքը ներդաշնակելով ներկա խելառ ժամանակի հեւքին… Է՜, ախպերս, երջանիկ եմ…
Մինչ Տարիելը խոսքը կավարտեր, մեզ կանչեցին. կաթնաղբյուրի կողքին ծովացած ծիլ ու ծաղկի վրա բացված «սուփրան» մեզ էր սպասում (հարյուր տարի էլ անցնի, Տարիելի մոր` Նախշունի ձեռքով թխած փրփուր լավաշը, համադամ «կոխուկ պանիրը» եւ գարու սարթ ու արեւահամ ինքնաթոր օղին չեմ մոռանա¤:
Ժամերն անցան աննկատ: Մայիսյան շենշող օրը մթնշաղի կապտահմա պատմուճանն է հագնում:
Վարորդ Աշոտը կարգի է գցում խմբագրության հնամաշ «Վիլիսի» շարժիչը. մեր խումբը տունդարձի ճամփան է բռնում։
…Նորից եմ քանդում հուշերիս կծիկը եւ հանկարծ… Բջջայինս զանգում է: «Արշալույսի» խմբագիր Մանուկ Կյուրեղովիչն է` իմ պատվական ընկերը:
- Միքայել ջան,- ասում է,-մեր ազնվազարմ Տարիելի տվյալները մանրամասնորեն արդեն վերցրել են, այնպես որ, քեզ քիչ գործ է մնում` վաղն արի խմբագրություն…  
Սրանով իսկ, հարգարժան խմբագրի զանգազդի հավելյալ մասն էլ է ավարտվում։
…Ես` Փոքր Խանչալիի հանրային դպրոցի ուսուցիչ Միքայել Եսոյանս, հաջորդ օրն իսկ` առավոտ կանուխ, ներկայանում եմ խմբագրություն, ուր նվաստիս էին սպասում իմ հին ընկեր Տարիել Սեխլյանի ամբողջ հինգ-վեց էջ կազմող տվյալները, որոնք կարդում եմ: Եվ որպեսզի ակնարկս ավարտուն տեսքի գա, անհրաժեշտ եմ համարում քաղել այդ տվյալների որոշ մասը միայն ու դրանք ներկայացնել «Վրաստան» թերթի ընթերցողի ուշադրությանը: Հոգատար ու հնարագետ  Մանուկ Կյուրեղովիչին էլ՝ մեծ-մեծ շնորհակալություն:
Եվ այսպես, մի քանի խոսք՝ Տարիելի աշխատանքի մասին:
Մաթեմատիկայի ու ֆիզիկայի բազմափորձ մասնագետը, իր հիմնական գործին զուգահեռ, շուրջ յոթ տարի զբաղեցրել է հարազատ կրթօջախի ուսմասվարի պաշտոնը: Իննսունհինգից հետո դարձյալ շարքային ուսուցիչ էր: Ուսուցիչ` իր բոլորանվեր առաքելությամբ, իր կոչումով, իր էությամբ: Ուսուցիչ, որի նշանաբանը միջնադարի մեծ փիլիսոփա Եզնիկ Կողբացու խոսքերն էին. «Եթե անարժանին ինչպես պետք է չես կշտամբում, մի լինի ուսուցիչ…»:
Հպարտանալու այնքան բան ունի Տարիել Սեխլյանը: Նրա հարյուրավոր սաների աստղաբույլում քիչ չեն ինժեներները, մանկավարժները, բժիշկները, գործարար աշխարհի ներկայացուցիչները, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները: Նրա սաների մեջ եղել են նաեւ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի հանրապետական օլիմպիադաների հաղթողներ, որոնց մտավոր պաշարը խորացնելու գործում այնքան մեծ ներդրում ունի բազմավաստակ ուսուցիչը:
Մի քանի խոսք էլ՝ նրա ընտանիքի մասին:
Տարիել եւ Լիդա Սեխլյանները երեք երեխա են դաստիարակել (առաջ անցնելով ասեմ, որ երեքն էլ բարձրագույն կրթություն են ստացել¤: Նրանց ավագ որդին` Արմենը, մենեջեր է, ապրում եւ աշխատում է Բաշկիրիայի ոստան Ուֆայում` զբաղեցնելով տեղի «Նիսսան» ֆիրմայի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Աղջիկը` Մարիան, մանկավարժ է, կրտսեր որդի Հովսեփը՝ իրավաբան:
Վեց թոռ ունեն Սեխլյան ամուսինները (Տարիելը անսքող հպարտությամբ է ասում, որ Մարսելը երգարվեստի մեջ է խորանում հեռավոր Ուֆայում՝ բարձր պահելով զտարյուն հայուհու իր բարի անունը¤:
Ինչեւէ… Մանուկ Կարախանյանի բազմաէջ տվյալներից այսքանը: Եվ մնում է, որ, միանալով թորիացիներին, ծննդյան 60 եւ մասնագիտական աշխատանքի 40 ամյակների առթիվ շնորհավորենք հայրենի եզերքի նվիրյալ Տարիել Սեխլյանին` նրան ցանկանալով երկա՜ր-երկար տարիների կյանք եւ բեղուն գործունեություն…

ՄԻՔԱՅԵԼ ԵՍՈՅԱՆ
Վրաստանի ժուռնալիստների միության անդամ

 
< Հունիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30