Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏՔ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏՔ

Էլ.փոստ Տպել PDF

«Վրաստան» թերթի ս.թ. մարտի 23-ի թիվ 21-22 համարում տպագրված «Ի՞նչ բախտ է վիճակվելու խորհրդային ավանդներին, եւ ո՞վ է պատասխանատու այդ հարցում» հոդվածը լայն արձագանք առաջացրեց։ Խմբագրության փոստով ստացվող նամակներում ընթերցողներն առաջադրեցին խորհրդային ավանդների հետ կապված հարցերի մանրամասն հարցը։ Ցավոք, խմբագրությունը դեռեւս ստույգորեն չի կարող պատասխանել ընթերցողների հարցերին (ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ համարժեքությամբ¤։ Թեպետ ընդառաջելով ընթերցողների խնդրանքին՝ մենք վերոնշյալ թեմայի առնչությամբ շարունակում ենք աշխատանքը։ Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեռեւս 1998 թվականին խորհրդային ավանդները պետության ներքին պարք ճանաչելու մասին խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինանախագծի հեղինակ, տնտեսական հարցերի փորձագետ ՄԻԽԵԻԼ ՋԻԲՈՒՏԻԻ հետ հարցազրույցը։

- Բատոնո Միխեիլ, նախ եկեք հստակեցնենք պետության ներքին պարտք հասկացությունը։
- «Պետական պարտքի մասին» օրենքով, որպես Վրաստանի ներքին պարտք, համարվում է բնակչության կողմից պետական նախկին կոմերցիոն բանկերում ներդրած ավանդների ինդեքսացմամբ ծագած պարտքերը, նախկին Խորհրդային Միության արտաքին քաղաքական գործունեության կողմից շրջափակված, նույն բանկի Թբիլիսիի մասնաճյուղի հաշվին ամրագրված, Վրաստանի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող  եւ չփոխհատուցված միջոցներից ծագած պարտքերը, Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից, այդ բանկի թղթակցային հաշիվներին ամրագրված Վրաստանի իրավաբանական անձանց պատկանող միջոցների պետության արտաքին պարտքի հաշվին ամրագրման արդյունքում ծագած պարտքերը, Թուրքմենստանից 1995 թվականից ներառյալ ներբերված բնական գազի սակագնի վճարման փոխարեն, Վրաստանի կառավարության հանձնարարությամբ երկրի արտադրությունների եւ կազմակերպությունների կողմից կուտակած եւ չփոխհատուցված արտադրանքից ծագած պարտքերը, Վրաստանի Հանրապետության 1992 թվականի ներքին շահման պարտատոմսերի (օբլիգացիա) պարտքերը, նախկին Խորհրդային Միության 1990 թվականի պետական, առանց տոկոսի, նպատակային պարտատոմսերի մարման պարտքերը, կոոպերատիվ բնակարանաշինության հետ կապված, պետության կողմից ստանձնած պարտավորությունները, մունիցիպալային «Թբիլտրանս» արտադրությունում պայմանագրով աշխատող վարորդների բնակարանների կապակցությամբ ծագած պարտքերը, բնակչության կողմից պետական վիճակախաղի տոմսերով շահած եւ չփոխհատուցված իրերի պարտքերը, նախկին Խորհրդային Միության «Ինդուստրիալբանկի» կողմից շրջափակված, նույն բանկի Բաթումիի մասնաճյուղի հաշվին ամրագրված, Վրաստանի իրավաբանական անձանց տարադրամային չփոխհատուցված միջոցներից ծագած պարտքերը։
- Այսպիսով, ստացվում է, որ պետությունը ստանձնել է նախկին Խորհրդային Միության ժամանակների ավանդների պարտքը, հետեւաբար, ծագում է ոչ պակաս հրատապության հարց՝ ինչպե՞ս եւ ի՞նչ մեխանիզմներով է իրականացվելու այդ պարքի մարումը։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Նախ ասեմ, որ վերոնշյալ ներքին պարտքի ճանաչումը պետության կողմից քաղաքականապես արդարացված քայլ էր։ Իսկ ինչ վերաբերում է ինչպե՞ս եւ ե՞րբ հարցերին, ապա դրանք բավականին բարդ են, եւ խորհրդային նախկին յուրաքանչյուր հանրապետություն դրանք կարգավորում է տարբեր մեթոդներով։ Օրինակ, խորհրդային ավանդների գործընթացը Ուկրաինայում ներկայումս էլ շարունակվում է, ինչը, կարելի է ասել, նույնիսկ քաղաքական բովանդակություն է ստացել։ Գործընթացը իրականացվում է նաեւ Ադրբեջանում, իսկ Ռուսաստանն արդեն 15 տարի է, ինչ այդ պարտքը մարում է, թեպետ տվյալ պարագայում էլ բարդություններն ավելի քան շատ են։
Մինչեւ 1998 թվականը, այսինքն՝ վերոնշյալ օրենքի ընդունումը, Վրաստան պետությունը  խորհրդային ավանդները որպես ներքին պարտք չէր ընդունում, ինչը յուրատեսակ անհարգալից վերաբերմունք էր սեփական ժողովրդի նկատմամբ։ Խորհրդային ավանդների վերաբերյալ կոնկրետ ոչինչ չի ասում նաեւ 1998 թվականից անցած 15 տարվա ընթացքում, ինչը նույնպես անհարգալից վերաբերմունք կարելի է որակավորել։
- Բայցեւայնպես, հետաքրքիր է՝ պետությունը ներքին պարտքը ճանաչել է, իսկ պարտքը, առաջին հերթին, խորհրդային բանկերում պահվող մարդկանց ավանդները, մարել է պետք, ուստիեւ, ի վերջո, չէ՞ որ պետք է մշակվի պարտքի մարման որոշակի մեխանիզմ։ Ի՞նչ կարող էիք առաջարկել այս առումով։
- Ավանդների մարումը կարելի է իրականացնել մի քանի տարբերակներով, թեպետ միանգամից նշեմ, որ թվերը, որոնք կներկայացնեմ, զուտ պայմանական են։
Նախ ասեմ, որ ցանկացած իշխանություն հստակորեն գիտի, թե երկիրը ինչ եկամուտներ ունի եւ ինչ պարտավորություններ է ստանձնել ժողովրդի հանդեպ։ Գերադասելի կլիներ, եթե պետությունը իր քաղաքացիներին խորհրդային ավանդների մարման մի քանի տարբերակներ առաջարկեր։ Եթե, օրինակ, անհատը ցանկանում է խորհրդային իր ավանդն ստանալ անմիջապես, այդ դեպքում, պետությունը կարող է նրան առաջին 1000 ռուբլու դիմաց առաջարկել 100 լարի։ Եթե մարդը ցանկանում է իր գումարը ստանալ հինգ տարի անց, ապա առաջին 1000 ռուբլու դիմաց նրան կարելի է առաջարկել 150 լարի։ 30 կամ 50 տարի հետո ավանդները ստանալ ցանկացողներին պետությունը կարող է առաջարկել 30 կամ 50 տարվա պարտատոմս, որի դեպքում, մարդիկ խորհրդային յուրաքանչյուր 1000 ռուբլու դիմաց կստանան 900 լարի։
Պարտքերի մարման մյուս տարբերակն այն է, որ պետությունն ավանդատուներին պարտքի դիմաց ակտիվներ է առաջարկում, ինչը, բնականաբար, ավելի բարդ տարբերակ է։
- Խորհրդային ավանդների հարցի կարգավորման ձգձգումը բազում ասեկոսեներ է առաջացնում՝ կապված կոնկրետ ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձությունների մասին թյուր տեղեկատվության հետ։
- Բնականաբար, դա այդպես է։ Օրինակ, 1991 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցածը, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, դրանից հետո այսպես կոչված խորհրդային ավանդները չձեւավորվեցին։ Կամ 1992 թվականի հունվարի մեկը, երբ իր գոյությունը դադարեցրեց խորհրդային բանկային համակարգը՝ «Սբերբանկը», կամ նույն թվականի նույն ժամանակահատվածը, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ ծագեց, ինչը հանգեցրեց պետական հեղաշրջման։ Այդ ամենին ավելացրեք Ցխինվալիի, Աբխազիայի հակամարտությունները։ Մի խոսքով, դա այն ժամանակահատվածն է, երբ խորհրդային ավանդներով զբաղվելու ո՚չ ցանկություն կար եւ ո՚չ էլ ժամանակ։
- Կոնկրետ վերցնենք 1992 թվականի հունվարի մեկը եւ դրան հաջորդած ժամանակահատվածը։ Ինչպե՞ս կբնութագրեիք դրանից հետո տեղի ունեցածը։
- Նշեմ, որ «Սբերբանկը», որպես խորհրդային բանկ, վերանալուց հետո գործունեությունը շարունակեց որպես կոմերցիոն կառույց։ Թեպետ պետք է ասել, որ խորհրդային ավանդները, որպես դրամական գումար, կուտակվում էր ոչ թե «Սբերբանկում», այլ պետության բանկում, իսկ պետությունը փողը դուրս չէր բերում։ Գումար չստացավ նաեւ Վրաստանը, քանի որ արդեն ընդունած քաղաքական անկախությունը դեռ չէր հանգեցրել ֆինանսական անկախության։ Ավելացնենք, որ «Սբերբանկը» ձեւավորվել էր որպես մարդկանց խնայողություններով կուտակված գումարների գանձարկղ, մյուս 14 հանրապետություններում գործող մասնաճյուղերը ենթարկվում էին կենտրոնական «Սբերբանկին», որը, իր հերթին, գտնվում էր «Գոսբանկի» վերահսկողության ներքո։
- Դեռեւս Խորհրդային Միության փլուզումից առաջ, մի շարք իրադարձությունների եւ քաղաքական սխալ որոշումների արդյունքում, խորհրդային ռուբլին կտրուկ արժեզրկվեց, ինչը զգալի հարված հասցրեց մարդկանց խնայողություններով կազմված ավանդներին։
- Իրավացի եք։ Այդ առումով կցանկայի նշել 1991 թվականի հունվարի երեք օրերը, երբ ՌԴ վարչապետ Պավլովը երեք օրվա ընթացքում բարձր արժողության թղթադրամների փոխանակման գործընթաց իրականացրեց։ Այդ «բարեփոխումը» մեծ իրարանցում առաջացրեց Վրաստանում։ Գործարարները պարկերով փողերը չգիտեին ինչպես փոխանակել։ Ակնհայտ էր, որ փողերի փոխանակման համար երեք օրերը չէին կարող բավարարել։ Պավլովյան «բարեփոխման» նպատակն այն էր, որ մեծ գումարներ ունեցող գործարարների միջոցների մեծ մասը բանկերից դուրս էր, եւ նրանք երեք օրվա ընթացքում ֆիզիկապես չէին հասցնի դրանք փոխանցել բանկեր։ Բավական է նշել, որ միայն Վրաստանում կանխիկ գումարի տեսքով մեջտեղ բերվեց ավելի քան 14 միլիարդ ռուբլի, ինչն էլ հանգեցրեց 300 տոկոսանոց արժեզրկման։ Ճիշտ է, այն ժամանակ դա միայն մեր երկրի հիմնախնդիրը չէր, քաոսային վիճակի մեջ հայտնվեց խորհրդային ողջ բանկային եւ ֆինանսական համակարգը։ Լուրջ ճեղքվածք առաջացավ խնայողական գրքույկում գրանցված եւ իրական շրջանառության մեջ գտնվող փողերի արժեքավորման միջեւ։ Թեպետ դա արդեն ետին պլան էր մղվում, քանի որ, ինչպես արդեն ասացի, մեր ավանդատուների՝ բանկերին վստահված միջոցները պահվում էին ոչ թե Վրաստանում, այլ ուղղակի գրանցված էին խնայողական գրքույկում։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Հունիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30