Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԹԲԻԼԻՍԻԻ ՉԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

ԹԲԻԼԻՍԻԻ ՉԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Էլ.փոստ Տպել PDF

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հայտարարության համաձայն, Թբիլիսիում չգործող հայկական տաճարների վերականգնումը եւ վերանորոգումը կկատարվի անհատույց։

Սույն որոշումն ընդունել է Վրաստանի վարչապետը եւ հայկական կողմին դրան ծանոթացրել Երեւան այցի ժամանակ։
«Ընդամենը մի քայլ տարբերությամբ, միմյանց կողքին կանգնած են մզկիթ, հայկական եկեղեցի եւ վրացական տաճար։ Մենք ավելի հարուստ կդառնանք, եթե ավելի սիրենք, ավելի հարգենք եւ ավելի շատ տանք։ Համարձակ քայլեր անելը միշտ էլ շահավետ է, եւ այսօր մենք պետք է ընթանանք հենց համարձակ քայլերով»,- հայտարարել է Գուրամ Օդիշարիան։
Նրա խոսքերով, վրաց փորձագետներն ուսումնասիրել են այդ հուշարձանները եւ դրանց թվում կան այնպիսիք, որոնց վերականգնմանը կարելի է ձեռնամուխ լինել արդեն մի քանի ամսից հետո։
- Թբիլիսիում գտնվող չգործող հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքներն սկսվել են,- մեզ հետ զրույցում ասաց խառը հանձնաժողովի անդամ,  «21դար» ոչ կառավարական կազմակերպության ղեկավարներից Պաատա Գաչեչիլաձեն։ - Այդ հանձնաժողովի կազմում են Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության, Վրաստանի Պատրիարքարանի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վիրահայ թեմի ներկայացուցիչները, փորձագետներ Հայաստանից եւ ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները։
Պաատա Գաչեչիլաձեն ասաց նաեւ, որ Նորաշեն եկեղեցուց արդեն դուրս են բերվել գրադարակները եւ գրքերը, մաքրվում է տարածքը։ Մշակույթի նախարարությունը վերակառուցման եւ շենքի ամրապնդման նախագիծը  արդեն հանձնել է «Քարթու» հիմնադրամին, որը ֆինանսավորում է աշխատանքները։ Իսկ Սուրբ Նշան եկեղեցում ամրապնդվում է հիմքը։ Այստեղ առկա են բարդացնող հանգամանքներ՝ տաճարի պատին կից բնակելի կառույց է, որտեղ գրանցված է 15 մարդ։ Հարակից տարածքը սեփականաշնորհված է։ Եկեղեցու տակ ստեղծվել է նկուղ։ Վիճելի հարցերի պատճառով հայց է ներկայացվել դատարան։ Ինչ վերաբերում է Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցուն, ապա ամրապնդվում է ցանկապատը։

 
< Հուլիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31