Ինչպես հայտնի է, Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Վրաստանում դեղորայքը չափազանց թանկ է եւ պետական ապահովագրման պետական ծրագիրը չի կարողանում լուծել այդ հիմնախնդիրը։
Երիտասարդ ֆինանսիստների եւ գործարարների ասոցիացիայի նախագահ Նոդար Ճիճինաձեի խոսքերով՝ երկրի ապահովագրային եւ դեղագործական շուկաները չի կարելի քննարկել համատեղ եւ միակ բանը, որ կարող է նվազեցնել դեղորայքի գները, մրցակցային միջավայրի ստեղծումն է։ Սակայն, նրա կարծիքով, այդ ուղղությամբ երկրում դեռեւս ոչինչ չի փոխվել եւ մինչեւ այժմ դեղագործական շուկայում աշխատում են այն ընկերությունները, որ աշխատել են նախկինում։
«Եթե վերջին ժամանակներս դեղորայքի գները չնչին չափով նվազել են, ապա դա ավելի շուտ բիզնեսի բարի կամքի դրսեւորում է, ուրիշ ոչինչ»,- հայտարարել է Ճիճինաձեն։ Նրա խոսքերով՝ երկու տարի առաջ Ասոցիացիան իրականացրել է ուսումնասիրություն, եւ այն ցույց տվեց, որ դեղագործական ընկերությունները դեղամիջոցները վաճառում են 100 տոկոս շահով։
Վերջին ուսումնասիրությունը տվյալ շուկայում անցկացվեց 2012 թվականի հունիսին, «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության կողմից։ Պարզվեց, որ գների նվազեցումը վերաբերել է առավել կարեւոր դեղորայքի 27 տոկոսին եւ էժան «գեներիկ» դեղամիջոցների 21 տոկոսին։ Նույն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վրացական դեղագործական ընկերություններում հավելարժեքը կազմում է 102 տոկոս, այն ժամանակ, երբ, օրինակ, Իտալիայում դա 49 տոկոս է, Հունգարիայում՝ 27։ Դա վկայում է, որ վրացական ընկերություններն աշխատում են շատ բարձր շահույթի ուղղությամբ։ Դեղամիջոցների գների նվազերման մասին խոսում են նաեւ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարները։ Դեղագործական ճյուղի փորձագետ Թինա Թուրձելաձեի կարծիքով, վերջին ժամանակներս դեղորայքի գների կապակցությամբ զգալի փոփոխություններ չեն կատարվել եւ ընկերությունների շահույթի նորման նույնպես մնացել է անփոփոխ։
ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ