Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՆՈԴԱՐ ԽԱԴՈՒՐԻ. «ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ»

ՆՈԴԱՐ ԽԱԴՈՒՐԻ. «ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ»

Էլ.փոստ Տպել PDF

altԷներգետիկական նախագծեր, գյուղատնտեսություն, սննդամթերքների վերամշակման արտադրություն, զբոսաշրջություն եւ տրանսպորտային փոխադրումներ՝ ահա այն ոլորտները, որոնցով հետաքրքրվում են տեղական եւ օտարերկրյա ներդրողները։ Այդ մասին «Վրաստանի» թղթակցի հետ զրուցելիս՝ հայտարարեց Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին։ Նախարարի հավաստմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրում իրականացվել է 240 միլիոն դոլարի ներդրում, իսկ ինչ վերաբերում է երկրորդ եռամսյակի տվյալներին, ապա Նոդար Խադուրու խոսքերով, դրանք կհրապարակվեն սեպտեմբերին։ Խադուրին վստահեցրեց, որ սեպտեմբերին տեղի կունենա նաեւ ներդրումային հիմնադրամի շնորհանդեսը, ինչն է՚լ ավելի կնպաստի գործարարության ակտիվացմանն ու տարբեր տեսակի ներդրումների գրավմանը։

 - Բատոնո Նոդար, ասացեք խնդրեմ, վերջին մի քանի ամիսներին կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացվել ներդրումների գրավման եւ ընդհանրապես, երկրում գործարար սեկտորի ու Վրաստանի քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
- Նախ, մենք անմիջականորեն քայլեր ձեռնարկեցինք բյուջեի առավելագույն թափանցիկության ապահովման ուղղությամբ։ Դրանք ուղղված էին մեր եւ ձեր կողմից տրված հարկերից պետության կողմից իրականացվող ծախսերի արդյունավետության բարձրացմանը։


Երկրորդ նշանակալից քայլն այն էր, որ մենք բյուջեից վերացրինք այն ծախսերը, որոնց արդյունավետությունը, հաճախ լուրջ կասկածներ էին առաջացնում։ Հենց այդ գումարների հաշվին մենք սկսեցինք սոցիալական բավականին լուրջ նախագծերի իրականացումը։ Այդ նախագծերից հատկանշական են կենսաթոշակները, բնակչության համընդհանուր ապահովագրությունը, սոցիալական նպաստների ավելացումը, փախստականների կենսապայմանների բարելավումը։ Միաժամանակ նշեմ, որ բավականին լուրջ հիմնախնդիրներ էին առաջացել գործարարության ոլորտում։ Դրանց թվում ամենանշանակալիցը ոլորտում արդարության վերականգնումն էր, եւ ֆինանսների նախարարությունը այդ ուղղությամբ նշանակալից քայլեր է կատարում։ Դյուրացվել է առկա վեճերի կարգավորման գործընթացը, բարձրացվեց այդ գործընթացի թափանցիկության մակարդակը, ինչը գործարարներին թույլ է տալիս անմիջականորեն ֆինանսների նախարարությունում կարգավորել հիմնախնդիրները։

Նշանակալից են նաեւ մեր նախաձեռնությամբ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք զգալիորեն բարելավեցին մեր գործարարների վիճակը։ Գյուղատնտեսության մեջ գործող ձեռներեցների համար ներդրվել է հարկման նոր կարգ, սոցիալապես անպաշտպան բնակչության համար եկամտահարկից ազատված նվազագույնը ամսական հասցվել է 150 լարիի։ Արտոնություններ են սահմանվել նաեւ նրանց համար, ում տարեկան եկամուտը 6000 լարիից չի անցնում։ Լրացուցիչ արտոնություններ են սահմանվել նաեւ սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար։ Նրանք, նախկին 3000-ի փոխարեն, հարկադրումից ազատվում են 6000 լարի եկամտի պայմաններում։
Ինչպես տեսնում եք որոշակի քայլեր կատարվել են, թեպետ չի կարելի ասել, որ դրանք կարճ ժամանակում կարող են արմատապես փոխել գործարարության կամ մարդկանց սոցիալական վիճակը։ Սակայն այն փաստը, որ արդեն սեպտեմբերի մեկից Վրաստանում կենսաթոշակը կհասցվի կենսական նվազագույնին, որ սոցիալական նպաստները կկրկնապատկվեն, որ գործարարությունը լրիվ ազատություն է ստանում, եւ մասնավոր հատվածի հետ հարաբերություններն իրականացվելու են միայն ու միայն հարկային օրենսդրությամբ, Վրաստանում գործարարության հզորացման նախադրյալ է։
- Վերջին ժամանակներին տարբեր, այդ թվում՝ նաեւ միջազգային մակարդակներով հաճախ ասվել է, որ գործարարության եւ կառավարության միջեւ հաղորդակցման աստիճանը նվազել է։ Համաձա՞յն եք նման գնահատականի հետ։
- Բնականաբար չեմ կարող ասել, որ այդ ամենը սկսվել է նոր իշխանության գալու հետ միասին, թեպետ, օրինակ ֆինանսների նախարարի օրինակով կարող եմ ասել, որ անցած 19 տարիների ընթացքում այդ գերատեսչության ղեկավարն այնքան հանդիպում գործարարների եւ ներդրողների հետ չի ունեցել, որքան ես վերջին մի քանի ամսում։ Բավական է նշել, որ մոտ հինգ անգամ հանդիպում է անցկացվել բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ներդրողների ու հեռանկարային ներդրողների հետ։ Հաճախ լինում եմ արտադրություններում, տեղերում ծանոթանում ծագող հիմնախնդիրներին, հնարավորինս օգնում դրանց կարգավորման հարցում։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, հաղորդակցության աստիճանի նվազեցում չկա։
- Դուք ասացիք, որ փոփոխություններ են կատարվել հարկային օրենսգրքում, թեպետ դրանում տեղ են գտել հոդվածներ, որոնք երկակի մեկնաբանություն ունեն, ինչը հանգեցնում է գործարարների դժգոհությանը։ Ի՞նչ եք ծրագրում սույն հիմնախնդրի կարգավորման համար։
- Այս տարի արդեն հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ՝ ուղղված այդ հիմնախնդրի լուծմանը, թեպետ, ցավոք, նման հոդվածները շատ են եւ, դրանց կարգավորման համար ժամանակ է պահանջվում։ Բավական է նշել, որ օրենսգրքում կան հոդվածներ, որոնց բովանդակությունն իսկ լուրջ վիճաբանության առարկա է անմիջականորեն ֆինանսների նախարարությունում։ Ներկա դրությամբ, մեր գլխավոր խնդիրն է նման թերացումները կարգավորել բիզնեսի հետ համատեղ աշխատանքով, սակայն կրկնում եմ, դա բավականին աշխատատար գործընթաց է, եւ դրա համար բավականին ժամանակ է պահանջվում։ Թեպետ հարկ եմ համարում նշել, որ հարկային օրենսգրքի կատարելագործումը մշտական գործընթաց է, չնայած դա չի նշանակում, որ կատարվելիք փոփոխությունները չպետք է հաշվարկվեն ու հիմնավորվեն, եւ դրանք չպետք է կիրարկվեն անմիջապես ընդունելուն պես, այլ դրա համար պետք է սահմանվի որոշակի ժամանակ, որպեսզի գործարար աշխարհին հասցնի այն ընկալել եւ հարմարվել դրան։
Առաջին փոփոխությունները, որոնք կատարվեցին օրենսգրքում, վերաբերում էին ֆինանսների նախարարի իրավասությունների սահմանափակմանը։ Նշանակալից էին նաեւ հարկադրման գործընթացի վերահսկողության իրավունքները խորհրդարանին վերադարձնելու մասին փոփոխությունները։
- Ձեր ելույթներում Դուք բազմիցս հայտարարել եք, որ երկրորդ եռամսյակում տնտեսական տվյալները կբարելավվեն։ Որո՞նք են նման լավատեսության հիմքերը։
- Ցավոք, առաջին եռամսյակը, իրոք, այնքան էլ հուսադրող չէր, թեպետ դա ողբերգություն էլ չի կարելի անվանել։ Սովորաբար, որպես օրենք, ընտրություններից հետո, երբ երկրի իշխանությունը արմատապես փոխվում է, նման երեւույթներ պատահում են։ Օրինակ, 2003 թվականին Վրաստանում մոտավորապես 12 տոկոսանոց աճ էր գրանցված, իսկ 2004 թվականին այն կազմեց ընդամենը 4,5 տոկոս։ Աճի տեմպը գրեթե եռակի նվազեց։
Բնականաբար, գործարարները սպասում են մեր հրապարակած ծրագրերի հաստատմանը։ Օրինակ, վարչապետը հոկտեմբերի 5-ին գործարարներին հայտարարեց, որ նրանք ազատ են, նրանց չեն պարտադրի կառուցել որեւէ բան, իրականացնել առանձին օբյեկտների վերանորոգում, ֆինանսավորել առանձին կատարողների հյուրախաղերը եւ այլն։ Բնականաբար, մասնավոր հատվածը լավ հիշում եւ ներկայումս սպասում է մեր կողմից ընդունված ծրագրերի հաստատմանը։ Ըստ երեւույթին, անցած ժամանակը բավարար չէր նախորդ կառավարության կողմից գործարարների շրջանում ներդրած զգուշությունն ու վախը արմատախիլ անելու համար։ Իրոք, նախորդ կառավարությունը կիտրոնի նման քամում էր գործարարությանը, բյուջեն հագեցված էր նախնական հարկագանձնման գումարներով՝ շուրջ մեկ միլիարդ չորս հարյուր միլիոն լարիով։ Դրան ավելացրեք այն ոչ նպատակային ծախսերը, որոնք պարտադրվում էին գործարարներին, անկախ նրանից, թե այս կամ այն իրականացվելիք նախագծերը որքանով էին ձեռնտու գործին։ Բնականաբար, նման պայմաններում գործարարությունը հնարավորինս անում է «Ազգայինների» բռնաճնշումից վերջնականապես ազատվելու համար, եւ հույս ունեմ, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին դա իրեն զգացնել կտա, ու գործերի ընթացքը կբարելավվի։
Սակայն ցանկանում եմ ընդգծել հետեւյալը. անկախ նրանից, թե տնտեսական աճի ինչ տեմպեր կվավերացվեն Վրաստանում 2013 թվականին, բոլոր ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ սոցիալականները եւ մյուսները, առանց լրացուցիչ հատկացումների, բյուջեից կառանձնացվեն։
- Standard & Poor`s֊ի եզրակացությունում նշված էր, որ բյուջետային պակասորդը ծրագրվածից շատ ավելի բարձր է լինելու։ Ասացեք խնդրեմ, որքանո՞վ է իրատեսական նման վտանգը։
- Ներկա դրությամբ գտնում եմ, որ առավելագույնը կկազմի 2,9 տոկոս։ Թեպետ, ընդգծում եմ, որ բյուջետային պակասորդը բոլոր դեպքերում ողբերգական չի լինի։ Մենք այն ծրագրել ենք երեք տոկոսի սահմաններում, իսկ այսօր պետական բյուջեի դեպոզիտի վրա ունենք շուրջ 400 միլիոն լարի, ինչը, բնականաբար, կօգտագործի այն ծախսերի մարման համար, որոնք իրականացվելու են անմիջականորեն բյուջեից։ Ավելացնեմ նաեւ, որ բյուջետային եկամուտները, հարկերը փոխանցվում են այն էլ ավելի քաղաքակիրթ եւ հումանիտար վարչարարության պայմաններում, քան դա իրականացվում էր մինչ այդ։ Չեմ կարծում, որ երկրում կունենանք բյուջետային աղետալի պակասորդ։
- Ձեր կարծիքով, առաջիկա նախագահական ընտրությունների քաղաքական ֆոնը ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսական ծրագրված աճի գործընթացի վրա։
- Քաղաքական ֆոնը, բնականաբար, միշտ էլ ազդեցություն է գործել ոչ միայն տնտեսական, այլեւ մյուս, կենսական նշանակալից ոլորտների զարգացման գործընթացի վրա։ Առավել եւս, որ երկիրը գտնվում է ընտրությունների անցկացման ժամանակային ուղեծրի վրա՝ 2012 թվականին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, 2013-ին անցկացվելու են նախագահական, 2014-ին՝ տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Որոշակի ընդմիջում է նախատեսվում 2015-ին, թեպետ դրա հաջորդ տարում՝ 2016-ին, կրկին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Այնպես որ, ապրում ենք անընդմեջ ընտրությունների ուղեծրում գտնվող երկրում։ Թեպետ, չեմ կարծում, որ Վրաստանում որեւէ մեկը կասկածներ ունենա 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների հարցում։
Հնարավոր է՝ այն առաջացնի քաղաքական ճգնաժամ, որ նախագահը լինի մի թիմից, իսկ խորհրդարանն ու կառավարությունը՝ մյուսից։ Թեպետ, տվյալ պարագայում էլ բարդություններ չեն կարող լինել, առավել եւս, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընթացքի մեջ է նախագահի իրավասությունների լուրջ վերանայման եւ սահմանափակման գործընթացը։ Այս կապակցությամբ, սահմանադրությունում փոփոխություններն արդեն ընդունվել են։ Այնպես որ, չեմ կարծում, նախագահական ընտրություններին նախորդող կամ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքական առումով լուրջ ցնցումներ լինեն։ Բարեբախտաբար, նման զգացում ունեն նաեւ գործարարները։
- Ի՞նչ եք կարծում, քաղաքականությունից հեռանալու մասին վարչապետի հայտարարությունը բացասական ազդեցություն չի՞ գործի արդյոք Վրաստանում ներդրումների կլիմայի վրա։
- Անկեղծ ասած, չեմ կարող հասկանալ, թե մարդկանց ինչո՞ւ է այդքան զարմացրել վարչապետի հայտարարությունը։ Ժամանակին վարչապետը հայտարարել էր, որ մտադիր չէ երկար ժամանակով լինել քաղաքականությունում եւ ամենանշանակալին՝ կառավարության վրա հասարակական վերահսկողության խստացման ապահովում էր երաշխավորում։ Միաժամանակ վարչապետը նշել էր, որ նա քաղաքականությունից ու կառավարությունից կհեռանա միայն այն դեպքում, եթե նրա թիմը շարունակի իր կողմից սկսած գործը, միայն՝ հասարակության խիստ վերահսկողության ներքո։ Այնպես որ, չեմ կարծում՝ սույն հանգամանքը ինչ-ինչ խոչընդոտներ հարուցի գործարարության զարգացման համար։ Պետք չէ մոռանալ, որ ներդրողները սովորական մարդիկ են, թեպետ նրանց տեղաշարժելն այնքան էլ դյուրին չէ, դա հավասարազոր է վիթխարի գնացքը տեղաշարժելուն։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Հուլիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31