Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴԸ

Էլ.փոստ Տպել PDF

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՀՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակի փոփոխումը խստացվում է։ Խորհրդարանի նախաձեռնությամբ կառավարությունը կընդունի հատուկ որոշում, որտեղ նշված կլինի, թե ինչ պայմաններում է հնարավոր հողի կարգավիճակի փոփոխումը։ Խորհրդարանը նման որոշմանը հանգեց ելնելով վերջին իրադարձություններից, երբ, չնայած հայտարարված մորատորիումի, գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակը փոխվում էր եւ իրականացվում էր դրանց վաճառքը։

Կարգավիճակը փոխած հողերը շատ ավելի թանկ են վաճառվում։ Մասնագետների հայտարարությամբ, վերոնշյալ փաստը կրկին անգամ ցուցադրում է նախորդ իշխանության անհամապատասխան վերաբերմունքը վերոնշյալ հարցի նկատմամբ։ Մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնց նկատմամբ պահանջարկը մեծ է, վաճառվում էին անհամեմատ նվազ գներով։
 Վրաստանի խորհրդարանի ճյուղային էկոնոմիկայի եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Զուրաբ Տղեմալաձեի հայտարարությամբ՝ օտարերկրացիների եւ արտասահմանյան ֆերմերների կողմից որպես սեփականություն հողի հանձնումն արգելող օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, հողերի կարգավիճակի փոփոխումը զանգվածային բնույթ ստացավ։ Նրա տեղեկատվությամբ՝ միայն երկու օրվա ընթացքում քննարկման էր ներկայացվել նման 61 դիմում։
«Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի արժեքը շատ ավելի բարձր է, թեպետ գնորդները պատրաստ են դրանից ավելին վճարել։ Հետեւաբար, փնտրեցին եւ գտան հողերի սեփականաշնորհման տարանցիկ ուղիներ»,- խորհրդարանի նիստին հայտարարեց Տեղմալաձեն։
Պատգամավորն օրենսդրական նախաձեռնությամբ արդեն դիմել է խորհրդարանին, ըստ որի՝ օտարերկրացիների կողմից գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհման վրա հայտարարված մորատորիումի ժամկետի շրջանակներում պետք է դադարեցվի հողերի կարգավիճակի փոփոխումը։
Խորհրդարանի ագրարային կոմիտեի նախագահ Գիգլա Ագուլաշվիլու հայտարարությամբ, որպեսզի արգելքներ չհարուցվեն ներդրողներին, կհրապարակվի կառավարության հատուկ որոշում, որտեղ նշված կլինի, թե որ դեպքում կարող է իրականացվել գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակի փոփոխումը։
Այսօրվա դրությամբ, հողերի կարգավիճակի փոփոխումն իրականացվում է ավելի քան պարզունակ, հանրային ռեեստր ներկայացված դիմումի հիման վրա։ Իմիջիայլոց, սույն ընթացակարգը Վրաստանում արդեն բավականին ժամանակ է, ինչ գործում է։ Մասնավորապես եղել են դեպքեր, երբ նպատակամղվածորեն փոխել են արոտավայրերի կարգավիճակը, ապա՝ վաճառել որպես վարելահող։
Գիգլա Ագուլաշվիլու հայտարարությամբ, չնայած նրան, որ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը անհամեմատ ավելի թանկ է, սակայն գյուղատնտեսական նշանակության հողերի պահանջարկը այնքան բարձր է, որ գնորդը համաձայնվում է վճարել ավելի շատ, իսկ վաճառողին ձեռնտու է թանկ արժեցող հողի հաշվով ավելի մեծ հողահար վճարելը։
Գյուղատնտեսական նշանակության մեկ քառակուսի մետր հողամասի միջին արժեքը 0,24 լարի է, այն դեպքում, երբ ոչ գյուղատնտեսական նշանակության հողի մեկ քառակուսի մետրի արժեքը սկսվում է երեք լարիից եւ հասնում մինչեւ 100 լարիի։
«Գյուղատնտեսական նշանակության հողերի պահանջարկը շատ մեծ է, չնայած դրան, այդ հողերը աննշան գումարներով վաճառվում են։ Սույն փաստը մեկ անգամ եւս հաստատում է, թե իշխանությունն ինչ անտարբեր վերաբերմունք էր դրսեւորում հողերի կառավարման հարցում։ Այդ գործընթացը, անտարակույս պետք է կարգավորվի»,- հայտարարեց Գիգլա Ագուլաշվիլին։
Գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակի փոխման կապակցությամբ, խորհրդարանն արդեն ձեռնամուխ է եղել համապատասխան օրինանախագծի քննարկմանը։
Հիշեցնենք, որ, վերջերս խորհրդարանի որոշմամբ, մինչեւ 2014 թվականի վերջը արտասահմանյան երկրների քաղաքացիներին եւ արտասահմանյան երկրներում գրանցված իրավաբանական անձանց արգելվում է որպես սեփականություն Վրաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի հանձնումը։
Բացի այդ, Վրաստանի կառավարությունը վեց ամսում պետք է ապահովի հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման եւ պաշտպանության նպատակով միասնական պետական քաղաքականության մշակումը, գյուղատնտեսական նշանակության հողային ֆոնդի օգտագործման եւ պաշտպանության պետական կարգավորման սահմանումը, հողերի հետ կապված հարաբերությունների հանրային իրավական կարգավորումը։
Վերոնշյալ ժամկետում կառավարությունը ապահովելու է նաեւ հողային կադաստրի եւ հողերի դասակարգման միասնական համակարգի կարգավորումը Վրաստանի ողջ մասշտաբով։ Օրինանախագծի հեղինակների հայտարարությամբ, նախագծի նպատակը երկրի տնտեսական անվտանգության, ինքնիշխանության, մշակութային եւ պատմական ժառանգության պաշտպանության ապահովումն է։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Օգոստոս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31