Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն «ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ. ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ»

«ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ. ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ»

Էլ.փոստ Տպել PDF

altԻնչպես հաղորդել ենք («Վրաստան» 35-36, 11 մայիսի 2013թ.), Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում անցկացվեց Միքայել Արամյանցի ծննդյան 170֊ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց նաեւ հայ մեծ բարերարի կյանքի ու գործունեությանը նվիրված գրքի հեղինակ Վահե Անթանեսյանը։ Գիրքը այսօր արդեն ընթերցողի սեղանին է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Երիցյանի՝ վերոնշյալ գրքի գրախոսականը։

Ընթերցողի սեղանին է դրված Վահե Անթանեսյանի «Միքայել Արամյանց. կյանքի եւ գործունեության դրվագներ» գիրքը։ Ազատ շարադրանքի ոճով հեղինակը ձգտել է ներկայացնել դրվագներ Միքայել Արամյանցի կյանքից ու գործունեությունից։ Ցավոք, այնպես է ստացվել, որ մինչեւ այժմ մենք որեւէ հիմնարար եւ ամբողջական ուսումնասիրություն չունենք մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ մեծ գործարար եւ բարերար Միքայել Արամյանցի մասին։
Այս բացը լրացնելու փորձ է արել Վահե Անթանեսյանը՝ օգտագործելով արխիվային նյութեր, դիմելով ժամանակի կենսագիրներին, մասնավորապես՝ Գրիգոր ավագ քահանա  Մանդակունու «Ոսկի բարեկամ հայ ընտանեաց» աշխատությանը։ Բազմաթիվ տեղեկություններ քաղված են ժամանակի մամուլից։ Սրանք են հիմնական աղբյուրները, մանավանդ, որ այդ ժամանակ ձեւավորված սկզբունք է գործել՝ չբարձրաձայնել, չթմբկահարել բարեգործությունը, այլ հնարավորինս աննկատ մնալ, ասելով, որ բարեգործությունը պետք է միայն բարձրյալին հայտնի լինի։ Թերեւս այդ պատճառով մինչ այսօր էլ Միքայել Արամյանցի բազմաթիվ բարեգործություններ այդպես էլ անհայտ են մնացել։ Բայց հայ մեծ բարեգործների համար դա չէր կարեւորը, այլ մարդկանց օգնության ձեռք մեկնելը, հասարակության կենսագործության համար կարեւոր մարմինների բնականոն ընթացքին աջակցելը։ Եթե անգամ այս առումով դիտարկենք հեղինակի  հավաքած նյութերը, ապա կտեսնենք Միքայել Արամյանցի բարեգործության լայն շրջանակը եւ նրա գործուն, կոնկրետ եւ հասցեական քայլերը։
Միքայել Արամյանցի նման մարդ-անհատականությունը չէր կարող անտարբեր լինել իր համար այնքան սիրելի քաղաքի՝ Թիֆլիսի հիմնախնդիրների նկատմամբ։ Նա չէր կարող չհասկանալ, որ ազգային մարմինների բնականոն գործունեության համար ներդրումներ են պետք, եւ դա պետք է անեն հենց իրենք՝ գործարար-բարեգործները, բարերարները։ Ինչպես վկայում են ժամանակակիցները՝ նա երբեք իրեն հեռու չդրեց նաեւ ազգային խնդիրներից ու ցավերից, ընդհակառակը, դրան ծառայեցրեց իր ունեցածը։ Այս ամենը հստակ, կարմիր թելի պես անցնում է Վահե Անթանեսյանի կողմից ներկայացվող շարադրանքում։ Հեղինակը կարողացել է փնտրել, գտնել տարբեր նյութեր, նամակներ, փաստաթղթեր, որոնք բնութագրում են նաեւ Միքայել Արամյանց մարդուն, ներկայացնում նրա ապրումներն ու հույզերը։ Այս առումով հատկանշական են նրա նամակները՝ ուղղված դստերը՝ Աննային եւ փեսային՝ Հովհաննես Ղորղանյանին։ Այստեղ վեր է հառնում մեծ հայը իր ողջ էությամբ՝ մարդասիրությամբ, հոգեկան խռովքով, ծնողական ջերմ վերաբերմունքով,  հայրենասիրությամբ։  Ի դեպ՝ նա այն մեծահարուստներից ու բարերարներից էր, ով հավատում էր խորհրդային իշխանությանը, սակայն նա հուսախաբ եղած ու խռոված 1922 թվականի դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը հրաժեշտ տվեց այս աշխարհին։ Բայց ինչպես հեղինակն է ընդգծում, նա թողեց բարի անուն, առնվազն մի իր նմանը չունեցող առողջապահական հիմնարկ,  որը Վրաստանի մայրաքաղաքում սերնդից սերունդ փոխանցվում է որպես «Արամյանցի հիվանդանոց»։
Գրքում ջերմություն ու անկեղծություն, ուշագրավ դիտարկումներ եւ մտորումներ կան։ Տեղ են գտել լուսանկարներ, որոնք ներկայացնում են Միքայել Արամյանցի ընտանիքը եւ մերձավորներին։
Այս լուսանկարների մեծ մասը արվել են Թիֆլիսից 80 կմ հեռավորության գտնվող, մինչեւ Ալավերդի չհասած, Ախթալայի կալվածքում, ուր սիրում էր լինել Միքայել Արամյանցը՝ իր ընտանիքի անդամների հետ։
Հեղինակը պատմում է, որ Միքայել Արամյանցը Լոռվա աշխարհի այս գողտրիկ վայրում մի իսկական «Հայկական Շվեյցարիա» էր ստեղծել եւ մեծ սիրով հյուրընկալում էր ազգի մեծերին։ Եվ ոչ միայն նրանց։ Ժամանակի աղբյուրները վկայում են, որ այստեղ են եղել Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը, Ալեքսանդր Մանթաշյանցը, Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Վարդգես  Սուրենյանցը, Ֆեոդոր Շալյապինը, վրաց մեծահարուստներ եւ շատ ուրիշներ։
Անթանեսյանի վկայությամբ՝ նա մեծ սեր ուներ այս բնաշխարհի նկատմամբ։ Այնպես էր ստացվել, որ  նրա կյանքի եւ գործունեության հիմնական քաղաքները Թիֆլիսն ու Բաքուն էին դարձել, եւ նա մեծ կարոտ ուներ Հայաստանի նկատմամբ։ Դա դրսեւորվեց նաեւ Ախթալայի կալվածքի ձեռքբերմամբ եւ Հաղբատավանքի կալվածքների՝ Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձով։ Միքայել Արամյանցը, այս կալվածքներում օգնության ձեռք է մեկնում տեղի բնակչությանը՝ երեխաների համար դպրոցներ կառուցելով, սերմացու, աշխատանքային գործիքներ բաժանելով տարածաշրջանի գյուղերի բնակիչներին։ Այդ տարիներին Ախթալայում եւ շրջակա վայրերում ապաստան էր տալիս նոր սկսվող եղեռնից արդեն մազապուրծ եղած եւ այդ տարիներին «տաճկահայ փախստականներ» անունն ստացած մարդկանց։ Նրանց համար տներ էր կառուցում, անգամ փոքրիկ բնակավայրեր։
 Օգտվելով առիթից՝ ուզում եմ եւս մեկ անգամ ողջունել նման գրքի ծնունդը, ասելով, որ այս գործը պետք է շարունակել։ Պետք է ծնվեն գրքեր, ուսումնասիրություններ այն մարդկանց կյանքի եւ գործունեության մասին, ովքեր բարի հետք են թողել մարդասիրության ասպարեզում եւ մինչեւ այժմ էլ սերնդեսերունդ խոսում են այդ մասին։ Երբ մենք տեսաֆիլմ էինք նկարահանում Թբիլիսիում, կենտրոնական փողոցներում նաեւ տեսահարցախույզ անցկացրինք, թե ի՞նչ գիտեն Միքայել Արամյանցի մասին։ Մեր բոլոր ավագ զրուցակիցները հիշում էին նրա բարեգործության մասին, ձգտում ինչ-որ բան մտաբերել նրա կյանքից, անգամ լեգենդներ պատմել։ Պետք էր տեսնել այն ոգեւորությունը, երբ լսում էին մեծ բարերարի մասին։ Եվ կարեւոր չէր, թե ովքեր էին ազգությամբ։ Թբիլիսիում մեզ տարբեր հետաքրքիր պատմություններ էին ներկայացնում ինչպես Միքայել Արամյանցի եւ Ալեքսանդր Մանթաշյանցի, այնպես էլ մեր մյուս հայ մեծահարուստների մասին։ Նրանք ընդգծում էին, որ Թիֆլիսը Թիֆլիս չի լինի, եթե նրանից ոգին չփոխանցվի սերնդեսերունդ։ Եվ կուզենային, որ նոր, մատաղ սերունդը ավելի ու ավելի շատ բան իմանար նրանց մասին։ Ցավոք, հարցախույզի ժամանակ երիտասարդները քիչ էին հիշում մեծ բարերարին։ Այս խնդիրը հրատապ է նաեւ մեզ համար՝ մենք պետք է կարողանանք մեր երիտասարդներին փոխանցել տեղեկություններ այդ մարդկանց գործի, նրանց վեհ հոգու, կատարած բարեգործությունների մասին։ Դրան հասնելու համար տարբեր ճանապարհներ կան։ Թերեւս այդ գործին նպաստած կլինենք, եթե տարեկան մեկ անգամ նշենք «Բարերարի օրը» եւ հիշենք իրենց բարի գործերով։ Այս ճանապարհին կարեւոր քայլ է կատարված սփյուռքի նախարարության կողմից. քաղաքամայր Երեւանում ստեղծվել է բարերարների ճեմուղին՝ հայ երեւելի գործարարների կիսանդրիներով։ Նման քայլերն ավելի ու ավելի շատ պետք է լինեն։ Անկասկած իրազեկման խնդիր գոյություն ունի։ Չպետք է մոռանալ այդ մարդկանց հոբելյանները, ինչը թույլ կտա եւս մեկ անգամ վերադառնալ մեր ակունքներին։ Չէ՞ որ մեր անվանի մեծահարուստները եւ բարերարները երբեք չկտրվեցին իրենց ակունքներից։ Ընդհակառակը, ձգտեցին միշտ կենսունակ պահել այդ ամենը։ Ընդհանրապես, նրանց նվիրված ուսումնասիրությունների պակաս կա։
Առիթն  օգտագործենք եւ ոչ միայն ողջունենք գրքի հրատարակությունը, այլ ասենք. «Ծնունդդ շնորհավոր, մեծ  հայ Միքայել Արամյանց, 170 տարեկան դարձար»։

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 
< Օգոստոս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31