Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԿՐՔԵՐ ՄԻՆԱՐԵԹԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՌԹԻՎ

ԿՐՔԵՐ ՄԻՆԱՐԵԹԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՌԹԻՎ

Էլ.փոստ Տպել PDF

altՍամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Ադիգենիի մունիցիպալիտետի Ճելա գյուղում մեկուկես ամիս կանգնեցված 24 մետր բարձրության մինարեթի շուրջ բորբոքված կրքերը հանգեցրել են մի շարք ընդհարումների եւ բողոքի ակցիաների։

Մինարեթի ապամոնտաժման պաշտոնական որոշման կատարումը իրականացրել է Վրաստանի ֆինանսների նախարարության պետեկամուտների վարչությունը` այն հիմնվորմամբ, որ անհրաժեշտ է ստուգել, թե մինարեթի կառուցման ժամանակ օգտագործված մետաղը պատշաճ մաքսային ստուգում անցել է, թե ոչ:
Մինարեթի կառուցվածքները Վրաստան էին բերվել Թուրքիայից, հուլիսի 14-ին, Ճելա գյուղի անհատական ձեռներեց գրանցված մի բնակչի կողմից եւ դրվել նրա, որպես մզկիթ ծառայող մասնավոր տան բակում: Բայց օգոստոսի 20-ին Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը որոշում էր ընդունել, որի համաձայն` մինարեթի տեղադրումն անօրինական է եւ տեղական իշխանությունների կողմից չարտոնված: Արդյունքում, օգոստոսի 26֊ին իրավապահներն արդեն կանգնեցված մինարեթը ապամոնտաժել եւ դուրս էին բերել գյուղից։ Գործընթացը ուղեկցվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ տեղի մուսուլմանների ընդհարումներով։ Բախումների արդյունքում ծեծի են ենթարկվել 6, իսկ ոստիկանության բաժանմունք են տարվել 11 տեղի բնակիչներ։
Մինարեթի ապամոնտաժումը հանգեցրեց ինչպես տեղի, այնպես էլ Վրաստանի մուսուլմանների միության դժգոհության։ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն հասցեագրված դիմումում, միության ղեկավար Տարիել Նակաիձեն պահանջում է պաշտպանել Վրաստանի մահմեդականների սահմանադրական իրավունքները եւ պարզել Ճելա գյուղի մինարեթի ապամոնտաժման օրինականությունը։
Մինարեթի ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաներ անցկացվեցին՝ ինչպես Ախալցիխեում, այնպես էլ Բաթումիում։ Օգոստոսի 27-ին մինարեթի ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա անցկացվեց նաեւ Թբիլիսիում, կառավարության գրասենյակի մոտակայքում։
Ճելա գյուղում մինարեթի ապամոնտաժման հետեւանքով սկսված զարգացումների կապակցությամբ Վրաց Ուղղափառ եկեղեցին օգոստոսի 28-ին հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ բռնկված ընդվզումները հատուկ հրահրվել են «որոշ ուժեր»-ի կողմից, որոնց նպատակն է իրար դեմ հանել երկրի մուսուլման եւ քրիստոնյա բնակչությանը:
«Այն, ինչ հիմա կատարվում է, կրոնական թշնամանք հրահրելու փորձ է` որոշ չափով նման այն գործողություններին, որ կատարվել են Նիգվզիանի, Ծինծղարո եւ Սամթածղարո գյուղերում»,- նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերից մուսուլմաններով եւ քրիստոնյաներով խառը բնակեցված մի քանի գյուղերում քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ արդեն տեղի էին ունեցել ընդհարումներ։ Թեպետ ի տարբերություն այդ գյուղերի` Ճելայի մուսուլմաններն ու քրիստոնյանները հակասություններ չեն ունեցել:
Վրաց եկեղեցին նաեւ դիմել է Վրաստանի մուսուլման հոգեւոր առաջնորդներին` խնդրելով «չօժանդակել եւ պայքարել այդ սադրիչ գործունեության դեմ՝ ինչպես Ադիգենիում, այնպես էլ Վրաստանի մյուս շրջաններում»:
 Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի հայտարարության մեջ նշված է, մինարեթը պետք է վերադարձվի Ադիգենիի Ճելա գյուղ, սակայն այն չպետք է տեղադրվի, մինչեւ համապատասխան օրենք չմշակվի եւ չքննարկվի հարցը Վրաց Ուղղափառ եկեղեցու հետ:
Տեղի ունեցածը դատապարտել է նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այդ քայլը որակելով «վրաց մուսուլմանների դեմ կատարված ապօրինություն»:
 Նախագահը կառավարությանը երկխոսություն սկսելու կոչ է արել. «Վրաստանում ապրում են հարյուր հազարավոր մուսուլմաններ, իսկ արտերկրում՝ միլիոնավոր մուսուլման վրացիներ, ուստի չի կարելի վիրավորել նրանց կրոնական զգացմունքները, դա անթույլատրելի է: Այդ քայլի համար պատասխանատուները պետք է օրենքի առաջ պատասխան տան»,- հավելել է Վրաստանի նախագահը:
Ի պատասխան մինարեթի ապամոնտաժման դեմ անցկացվող ակցիաների, Ախալցիխեից Ադիգենիի շրջան տանող ճանապարհին օգոստոսի 29-ին, տեղի է ունեցել հանրահավաք ընդդեմ մինարեթի վերադարձման եւ վերականգնման: Հանրահավաքի մասնակիցները ուղղափառ եկեղեցու դավանորդ վրացիներն էին, որոնց կարծիքով անթույլատրելի է, որ մինարեթը վերականգնվի։ Ցույցի մասնակիցների հետ Վրաց Ուղղափառ եկեղեցում բարձրաստիճան հոգեւորականների հանդիպումից հետո, ակցիայի մասնակիցները ցրվել են, սպասելով երկրի իշխանությունների որոշմանը։
Ավելացնենք, որ երեկ, օգոստոսի 30֊ին մինարեթը վերադարձվեց Ճելա գյուղ, կնքվել ու պահվել է, մինչեւ իշխանությունների կողմից դրա տեղադրման կամ չտեղադրման մասին որոշման ընդունումը։

ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ

 
< Սեպտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30