Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԻ ՏՈՆԸ

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԻ ՏՈՆԸ

Էլ.փոստ Տպել PDF

altԱհա նորից մենկնարկեց Նոր ուսումնական տարին: Եվ ավանդաբար, այն տոնական ու նշանավոր է դառնում հատկապես միջնակարգ հաստատություններում, քանի որ հենց այստեղ է սկիզբ առնում մարդկային կյանքի ամենապատասխանատու ու հետաքրքիր տարեգրությունը:

Սեպտեմբերի 16-ին դպրոցական առաջին զանգը հնչեց նաեւ հանրապետության 126 եւ Թբիլիսիի 3 հայկական դպրոցներում: Ու թեեւ «Գիտելիքների օր»-ն իր բովանդակությամբ նույնը պիտի լիներ մայրաքաղաքի հավասարապես երեք դպրոցներում (այս մասին նյութի ամենավերջում),  այդուհանդերձ, առավելապես հանդիսավորվեց թիվ 104-ում:
Նախքան ուսումնական առաջին օրվա սկիզբը, 290 դպրոցական գեղեցիկ շարքով հավաքվել էր բակում, ուր նրանց, նաեւ տնօրինությանն ու մանկավարժներին, շնորհավորելու էին եկել պատվարժան հյուրեր, մասնավորապես՝ Վրաստանի ռեինտեգրացիայի նախարար Պաատա Զաքարեիշվիլին,  Վրաստանի պատժակատարողական, պրոբացիայի եւ իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանը, կրթական ոլորտի երկար տարիների աշխատակից Նորայր Բաղդասարյանը, ինչպես նաեւ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը, «Օբյեկտիվի» հեռուստաընկերության հայկական հաղորդումների վարիչ Գիորգի Էլիբեկյանը եւ ուրիշներ:


Բացելով հանդիսավոր արարողությունն ու ողջունելով ներկաներին՝ դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն իր խոսքում նշեց, որ 75-ամյա դպրոցը հպարտության արժանի պատմություն ունի թե՚ մանկավարժական կազմի եւ թե՚ աշակերտների ներկա ու հետագա նվաճումների առումներով: Խաղաղություն եւ ուսման մեծ եռանդ մաղթելով մանկավարժներին, դպրոցականներին ու հատկապես 24 առաջին դասարանցիներին՝ նա ընդգծեց կրթօջախի պատասխանատու առաքելությունը ծննդավայր Վրաստանի ու նաեւ պատմական հայրենիք Հայաստանի հանդեպ:
Իր ելույթում, Պաատա Զաքարեիշվիլին մեծ ուրախություն հայտնեց դպրոցը շեն ու կանգուն եւ առաջադեմ աշակերտությամբ լի տեսնելու համար: Նա խոստացավ, որ ուսումնական տարվա ընթացքում դպրոցի տնօրինության հետ կունենա գործնական հանդիպումներ եւս:
- Վրաստանը միասնական ու հարուստ է ազգային իր բազմերանգությամբ,- շեշտեց նախարարը,- որը պահպանելու համար  փորձում է ստեղծել գոյատեւման նախադրյալներ ու կենսուղիներ, այս պարագայում հայկական դպրոց, ուր մայրենիով սովորելու եւ շփվելու, միաժամանակ, պետական լեզվին տիրապետելու լայն հնարավորություն ունեք: Հուսով եմ, հետագայում, որպես կատարյալ մասնագետներ, կինտեգրվեք Վրաստանի տարբեր ոլորտներ:
Հաջորդիվ օրհնության իր խոսքն ասաց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, այս անգամ ոչ միայն հյուրի, այլեւ ծնողի կարգավիճակով, քանի որ առաջին դասարանցիների շարքում նրա առաջնեկն է՝ դուստրը:alt

Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը շնորհավորանքի իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ դպրոցն իր պատմությամբ նմուշային է ոչ միայն հայկական, այլեւ վրացական դպրոցների շարքում, եւ ապա ուրախությամբ արձանագրեց 24 առաջին դասարանցիների ու նաեւ 12-րդ դասարանի 20 աշակերտների գոյությունը, որից առնվազն 19-ին մաղթեց դառնալ Վրաստանի ու Հայաստանի պետական բուհերի ուսանող:
- Մենք շնորհակալ ենք Վրաստանի կառավարությանը, ի դեմս այստեղ ներկա երկու նախարարների, ովքեր միշտ փորձել են կարգավորել մեզ հուզող խնդիրները նույնիսկ ոչ նախարար լինելու տարիներին,- շեշտեց Վ.Բայբուրթյանը:
Մանկավարժներին իր խոնարհումն ու երախտիքը հայտնեց նաեւ երիտասարդ խորհրդարանական Ռուսլան Պողոսյանը: Փաստելով դպրոցի կարեւոր դերն ու նշանակությունը մարդու ձեւավորման գործընթացում՝ նա աշակերտությանը կոչեց որակյալ հիմք ստանալ հենց դպրոցական տարիներին:
Նախարարության անունից, Գրի եւ դպրության առիթով, ներկաներին ողջունեց ու շնորհավորեց Կարինե Մանուկյանը, ով երկար տարիներ տնօրենն էր այս կրթօջախի, եւ հենց նրա ջանքերով դպրոցն ապրեց իր վերազարթոնքը հետխորհրդային շրջանում:
Եվ վերջապես, տնօրեն Իրինա Ժամկոչյանը խոսքը փոխանցեց, իր իսկ բնութագրմամբ «դպրոցի մուսային»՝ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանին, ում համար օրն առանձնակիորեն ջերմ էր, քանի որ դպրոցն այս տարի պիտի ավարտի ավագ թոռնուհին եւ առաջին դասարանում ուսանի կրտսեր թոռը՝ Ռուբեն Թորոսյանը:
Տիկին Բոստանջյանը դպրոցին նվիրեց նաեւ նորերս լույս տեսած 100-ամյա «Կամուրջ» տարեգիրքի վերջին համարը եւ ամերիկահայ բանաստեղծ Ավետիք Դերմերջյանի «Սեվդիս սուրնելի» («Կարոտաթախծի բուրմունք») բանաստեղծությունների վրացերեն ժողովածուն՝ իր թարգմանությամբ:
2013-2014 ուստարվա անդրանիկ միջոցառման ավարտին, 12-րդ դասարանցիներ Լիանա Մարգարյանը եւ Լիզա Թորոսյանը ավագի իրենց խոսքն ուղղեցին համադպրոցականներին ու նաեւ սիրելի մանկավարժներին: Խոսքին հաջորդեց գեղեցիկ ավանդությունը. Լիզա Թորոսյանը՝ ավարտական դասարանի սանը, կրթության բանալին փոխանցեց առաջին դասարանցուն, որ ճակատագրի բերումով իր կրտսեր եղբայրն է՝ Ռուբեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է թիվ, թիվ 103 եւ 132 դպրոցների հայկական բաժիններին (թեմային անդրադարձել ենք «Վրաստանի» նախորդ համարում): Օրերս համացանցում տեղադրված նյութերը, մասնավորապես՝ թիվ 103 դպրոցին վերաբերող, մեծ արձագանք ունեցան դպրոցին ոչ այդքան ծանոթ ընթերցողի մոտ: Ցավոք, շեշտը չդրվեց ուրախալի այն փաստի վրա, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այստեղ թեկուզեւ 10 (թիվ 132-ում՝ 6) աշակերտով, բայց բացվել է առաջին դասարան: Բացի այդ, անձամբ այցելել եմ դպրոց. այո՚, անհերքելի է, որ դպրոցն աննորոգ վիճակում է (մասնագետները դեռ հետազոտում են նրա վթարային վիճակը, որից հետո միգուցեեւ դպրոցը տեղափոխվի այլ մասնաշենք), եւ դասասենյակների մեծամասնությունը փակ վիճակում: Բայցեւայնպես, ուսման ընթացքը, թիվ 104 դպրոցի նման, իր հունի մեջ է մտել: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը Վան Բայբուրթյանի ուղեկցութամբ, եղել է դպրոցներում, շնորհավորել մանկավարժներին եւ աշակերտությանը, ծանոթացել խնդիրներին: Գլխավորը դրանցից դասագրքերի պակասն էր, որ դպրոցականները պիտի ստանային Հայաստանից: Այս հարցն, ըստ Կ.Մանուկյանի, նույնպես կարգավորվել է, գրքերը տեղ կհասնեն այս օրերին։
Ցավում եմ, որ գերկարեւոր խնդիրը թողած, մենք խոսում ենք վաղ թե ուշ կարգավորվող հարցերից: Իսկ օրինակ այն, որ թբիլիսահայ ծնողը համառորեն շարունակում է իր երեխային ռոսական բաժին տանել, դրան եզակիներն են անդրադառնում: Հասել ենք այն եզրին, որ թիվ 104 դպրոցի 24 առաջին դասարանցու գոյությունը նվաճում ենք համարում: Այն պարագայում, երբ օրինակ, Ախալցիխե փոքրիկ քաղաքի հայկական դպրոցում բացվում է միանգամից երեք առաջին դասարան՝ 55 աշակերտով:
Մեզ մնում է միայն խրախուսել ու շնորհակալ լինել բոլոր այն ծնողներին, ովքեր իրենց զավակներին բերել են հայոց դպրոցներ ու դրանով պայմանավորել Թբիլիսիում մայրենիով ուսանելու վաղվա օրը: Համոզված եմ, որ հաջորդ տարի մեր լրահոսը հարուստ կլինի հենց թիվ 103 ու թիվ 132 դպրոցների գրանցած նվաճումներով:

Խորագիրը պատրաստեց Գայանե Բոստանջյանը
Լուսանկարները՝  Վալերի Հունանյանցի

 
< Սեպտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30