Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻ ԳԻՐՔԸ - ՆՈՐ ԱՂՅՈՒՍ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՒՄ

ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻ ԳԻՐՔԸ - ՆՈՐ ԱՂՅՈՒՍ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Այս օրերին Թբիլիսիում հայ-վրաց միասնական գրական հրապարակի վրա է հայտնվել նոր գիրք, ասել է թե նոր աղյուս հայ ու վրաց գրական կապերում: Դա ամերիկահայ ճանաչված բանաստեղծ, բոստոնաբնակ, 56-ամյա Ավիկ Դերենցի բանաստեղծությունների՝ բարձրաճաշակ տպագրական մակարդակով Վրաստանի մայրաքաղաքում հրատարակված վրացերեն թարգմանված գիրքն է՝ «Սեվդիս սուրնելի» («Կարոտաթախծի բուրմունք») վերտառությամբ: Այն տպագրվել է Թբիլիսիում գործող հայկական «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ, բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանի նախագծով ու թարգմանությամբ։ Գրքի խմբագիրն է Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, նկարիչը՝ Գիորգի Ավսաջանիշվիլին, առաջաբանների հեղինակներն են Մ.Գոնաշվիլին, Ս.Կիրակոսյանը, Ա.Բոստանջյանը:

Գրքում, որը լույս է տեսել «Կամուրջ» ՀԿ «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով, ներառված են Դերենցի ավելի քան 80 բանաստեղծություն ու նույնքան աֆորիզմ, ինչպես նաեւ  լուսանկարներ, այդ թվում՝ հեղինակի:
Ուրախալի է փաստել, որ վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն երրորդ ոչ հայաստանաբնակ բանաստեղծի գիրքն է՝ ներկայացված վրացի ընթերցողին՝ Սոնա Վանից, Վարդան Հակոբյանից հետո… Իսկ սա նշանակում է նախ այն, որ գնալով ավելի է աճում վրաց հեղինակների հետաքրքրությունը ոչ միայն հայաստանաբնակ գրողների ստեղծագործությունների, այլեւ՝ աշխարհասփյուռ հայ գրողների: Եվ հետո այն, որ հայ գրողներն էլ անտարբեր չեն Վրաստանի ու վրաց մշակույթի հանդեպ ու սրտանց ցանկանում են թարգմանվել վրացերեն ու ներկայանալ վրացի ընթերցողին: Ուրեմն առավել ուրախալի ու ողջունելի է այն իրողությունը, որ մեր ժողովուրդների միջեւ բազմադարյան կամուրջը մեր գրականությունների ու ազգերի միջեւ մշտանորոգ է ու հետեւաբար անընդհատ ամրանում է նորանոր հիմնաքարերով:
Ավիկ Դերենցը  ծնվել է Երեւանում, 17 տարեկանում բնակության տեղափոխվել Բոստոն, սակայն մինչ այդ տեսել է Թբիլիսին մի քանի անգամ, հիացել նրա գեղեցկությամբ, ու նրա բազմազգ բնակչությամբ, նրա կոլորիտային կենցաղով, վարք ու բարքով, ձեռք բերել վրացի ու հայ բարեկամներ, որոնց հիշում է առ այսօր, ու պարզապես սիրահարվել թե՚ Թբիլիսիին իր ողջ հմայքով, թե՚ թբիլիսցիներին՝ իրենց ողջ գեղեցկությամբ, թե վրաց մշակույթին, գրականությանը: Ու այդ սերը երբեք չի խամրել նրա հոգում, բորբոք է եղել միշտ, ու վաղուց է նա փայփայել այդ ցանկությունը՝ ունենալ վրացերեն գիրք, ներկայանալ խստապահանջ վրացի ընթերցողին, նրա հետ զրուցել իր խոհերի, իր զգացողությունների, իր հեռավոր ծննդավայրի՝ Հայաստանի գեղեցկության, նրա հանդեպ իր անդավաճան սիրո, իրեն տանջող մեծ կարոտի եւ ընդհանրապես մարդու, մարդկային փոխհարաբերությունների մասին. «չէ՞ որ վրացուն էլ, ինչպես հային նույն հոգսերն են տանջում, չէ՞ որ նույն երկվորյակների՝ Հայոսի եւ Քարթլոսի շառավիղներն ենք մենք, հաճախ ենք պատմության քառուղիներում միմյանց հետ կիսել ցավ ու խնդություն, միասին հաղթանակել, ինչու չէ, պարտվել երբեմն միասին՝ երբեք սակայն չկորցնելով մաքառումի, պայքարի, գոյատեւելու ու ապրելու հույսը, կյանքի սերն ու միասին լինելու բերկրանքը»:
 Ահա այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչու ցանկացավ ունենալ վրացերեն գիրք, Ավիկ Դերենցը, երբ նրան զանգահարեցինք Երեւան, ուր նա գտնվում էր վերջերս եւ որտեղ էլ, սեպտեմբերի 12-ին, Ավ.Իսահակյանի անվան գրադարանում կայացավ նրա վրացերեն այս գրքի ու հայերեն «Խաչարձան» գրքերի շնորհանդեսը:
Իսկ ինչպես պատմեց Անահիտ Բոստանջյանը, շնորհանդեսին իրենց մասնակցությունն էին բերել երեւանյան գրասեր հասարակայնության ներկայացուցիչներ, եւ գրքերի մասին գնահատանքի իրենց խոսքն ասացին բանասիրության դոկտոր, Մ.Աբեղյանի ավան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, որը վարում էր միջոցառումը, բանաստեղծներ Լեւոն Բլբուլյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, գրադարանի անվանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, վրացերեն գրքի թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, որը նաեւ, ինչպես հեղինակը, հանդես եկավ շնորհակալության խոսքով՝ ընթերցելով վրացերեն բանաստեղծություններ, ինչը միջոցառմանը տվեց ավելի ջերմ ու բարեկամական շունչ: Ինչպես մեզ ասաց Ավիկ Դերենցը, գարնանը նա պատրաստվում է կրկին այցելել հայրենիք ու այդ այցի շրջանակներում անպայման կայցելի նաեւ Վրաստան՝ իր վրացերեն գրքի շնորհանդեսն այստեղ էլ անելու, իր շնորհակալությունը բերելու գրքի հրատարակչական կազմին ու վրացի գրչընկերներին՝ ի դեմս գրքի խմբագիր տիկին Մաղվալա Գոնաշվիլու:

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Հոկտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31