Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԸ՝ ՆԱՀԱՆԳԱՊԵ՞ՏԸ, ԹԵ՞ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԸ՝ ՆԱՀԱՆԳԱՊԵ՞ՏԸ, ԹԵ՞ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Էլ.փոստ Տպել PDF

Հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո, երկրամասերի նախագահի լիազորները ներկայացրին պաշտոնաթողության դիմում։ Հրաժարականի որոշումն ընդունեց նաեւ Սամցխե֊Ջավախեթիի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր Իվանե (Վանո) Ծիկլաուրին: «Ազգային շարժման» քաղաքական խորհրդի ավարտին, նա նախագահի գրասենյակ դիմեց համապատասխան հայտարարությամբ: Երկրամասային վարչության լիազորի բացատրությամբ, իր կողմից նման որոշում կայացնելու պատճառ դարձավ քաղաքական նոր ուժի մուտքը իշխանություն:

 Որպես տարածաշրջանի լիազոր՝ Իվանե Ծիկլաուրին աշխատել է մոտ մեկ տարի: Նրա խոսքով, տվյալ ժամանակահատվածում նախագահի աշխատակազմը զգալիորեն օգնել է տարերքից տուժած տեղի բնակչությանը: Հարցվողների մի մասը գտնում է, որ երկրում նոր նախագահ ընտրելուց հետո, նահանգապետի կողմից հրաժարական տալու որոշումը ճիշտ քայլ է:
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային լիազորի գրասենյակում այս պահի դրությամբ մոտ 50 հոգի է աշխատում: Ըստ նրանց, մինչ այս պահը վարչակազմը աշխատում էր սովորական ռեժիմով: Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ Գելա Դեմետրաձեի պարզաբանմամբ, նահանգապետի հրաժարականի որոշման մասին իրազեկվել է լրատվամիջոցներից, իսկ ինքն անձամբ իր հրաժարականը փաստող դիմում դեռեւս չի գրել, չնայած գտնում է, որ երկրում զարգացող իրադարձությունների արդյունքում, իրենք եւս կհրաժարվեն իրենց պաշտոններից:


2014 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո, կառավարությունը մտադիր է տարածաշրջաններում ստեղծել հատուկ խորհուրդներ: Մունիցիպալիտետի սակրեբուլոյից ավելի բարձր իրավասություններ ունեցող ծառայությունների հիմնական պարտականությունը կլինի երկրամասի վարչակազմի ընտրությունը: Բացի այդ, ըստ փոփոխությունների, նահանգապետը պատասխանատու կլինի ոչ թե նախագահի, այլ վարչապետի եւ կառավարության առջեւ:
Մինչ կընտրվի երկրամասի վարչակազմը, տարածաշրջանում լուրեր են պտտվում նահանգապետի հնարավոր թեկնածուների մասին: Նահանգապետի պաշտոնում Սամցխե-Ջավախեթիում տեսնում են մինչ «Վարդերի հեղափոխությունն» այս պաշտոնը զբաղեցնող Գելա Կվարացխելիային, ոստիկանության վարչության պետ Ռեւազ Մումլաձեին եւ «Վրացական երազանքի» Ախալցիխեի շտաբի պետ՝ Մալխազ Ժուժունաձեին: Այս փաստը ԶԼՄ-ները չեն հաստատում: Իսկ Մալխազ Ժուժունաձեն շեշտում է, որ մշտապես կգտնվի այնտեղ, ուր պահանջում է հայրենիքը:
Իսկ այսօրվա Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի լիազոր Վանո Ծիկլաուրին, ասում են, կպաշտոնավարի մինչեւ բավարարվի հրաժարականի վերաբերյալ դիմումը:
Ասենք, որ Վանո Ծիկլաուրին նշանակվել էր նահանգապետ 2012 թվականի հուլիսի 6-ին, մինչ այդ նահանգապետի պաշտոնը զբաղեցնում էր Լաշա Ճկադուան:
Ըստ սահմանադրական փոփոխությունների, որոնք ուժի մեջ կմտնեն նախագահի երդմնակալության արարողությունից հետո, պետության կողմից լիազորվող նահանգապետը հաշվետու կլինի կառավարության առջեւ: Այսուհետեւ այս պաշտոնում նրան կնշանակի կամ կհեռացնի ոչ թե նախագահը, այլ կառավարությունը:
Տեղական ինքնակառավարման հետ հարաբերությունների պետական դեպարտամենտի ղեկավար Իրակլի Մելաշվիլին, նոր օրենսդրության համաձայն, պարզաբանեց նահանգապետերի իրավունքներն ու պարտավորությունները. «Նախագահի երդմնակալությունից հետո սահմանադրությունում փոփոխությունները կմտնեն ուժի մեջ։ Նահանգապետերը պաշտոնաթող կլինեն եւ ուժի մեջ կմտնեն նրանց նշանակման եւ հաստատման նոր կարգը։ Նահանգապետերը էլ չեն լինի «փոխարքաներ», որոնք նախկինում օգտվում էին անսահմանափակ լիազորություններից։ Նրանք կդառնան կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ եւ իրավասու չեն լինի ընդունելու ինքնակամ որոշումներ։ Նահանգապետերի գործունեության վերահսկողության գործառույթը կփոխանցվի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարությանը։ Նոյեմբերի 17-ից հետո պետք է ավարտվի «Կառավարության ակտ» մեխանիզմը, որն էլ հաստատելու է վարչապետը»,- նշեց Իրակլի Մելաշվիլին։

ՄԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

 
< Նոյեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30