Սահմանադրությունում փոփոխությունների կատարման ընթացակարգը բարդացվում է։ Այդ հանգամանքը նշանակալից է նրանով, եթե կառավարող կոալիցիան առանց այդ էլ հիմնախնդիրներ ուներ օրենսդիր մարմնում, սահմանադրական մեծամասնությունը կազմելու հարցում, ապա դա ներկա պայմաններում է՚լ ավելի է բարդանում։ Թեպետ նախագահի երդմնակալման արարողությունից հետո անմիջապես հաջորդ օրը սկսված խորհրդարանական խմբակցությունների միջեւ խմբավորումների կազմավորումը հնարավոր է կարգավորի վերոնշյալ հիմնախնդիրը։ Իմիջիայլոց, դրա վկայություններից մեկը «ազգային շարժում» խմբակցությունից պատգամավոր Դավիթ Բեժուաշվիլու հեռանալն է։ Նույնը կանխագուշակում են նաեւ նույն թիմի պատգամավոր Կոբա Նաղոփիա վերաբերյալ։
Ինչպես արդեն հաղորդել ենք, նորընտիր նախագահի երդմնակալման պահից ուժի մեջ է մտել 2010 թվականին ընդունած սահմանադրական մոդելը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների կատարման համար երկու երրորդի փոխարեն նոր մոդելով կպահանջվի խորհրդարանի ցուցակային կազմի երեք քառորդի, այսինքն՝ 113 պատգամավորի աջակցությունը։Քվորումի ավելացման հետ միասին բարդացվում է նաեւ սահմանադրական նախագծերի հաստատման ընթացակարգը։ Եթե մինչ այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հնարավոր էր քննարկել եւ հաստատել երկու շաբաթվա ընթացքում, ապա ներկայումս այդ ժամկետը հասցված է երկու միմյանց հաջորդող նստաշրջանների, այսինքն՝ երեք ամսվա ընթացքում։
Կառավարող կոալիցիան փորձեց ուժի մեջ թողնել Սահմանադրության վերանայման ներկայումս գործող ընթացակարգը եւ խորհրդարանին ներկայացրեց համապատասխան օրինանախագիծը, թեպետ, «Ազգային շարժման» կտրական բացասական դիրքորոշման պատճառով նախագծի անցկացումը չիրականացվեց, քանի որ կառավարող կոալիցիան խորհրդարանում չունի անհրաժեշտ 100 պատգամավորի քվեն, ինչը մինչեւ օրս գործող նորմի համաձայն, անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունն ընդունելու համար։
Նոր ընթացակարգի ուժի մեջ մտնելուն զուգընթաց, խորհրդարանում սկսվել է խմբակցությունների միջեւ ուժերի ակտիվ վերաբաշխումը։
Ինչպես վերեւում նշեցինք, նոյեմբերի 19-ին «Միասնական ազգային շարժման» խմբակցությունը թողեց Թեթրիծղարոյի մեծամասնական պատգամավոր Դավիթ Բեժուաշվիլին։ Բեժուաշվիլու հայտարարությամբ, ինքը պաշտպանում էր նախորդ իշխանության տնտեսական բարեփոխումները, թեպետ երբեք չի կատարել կուսակցական գործունեություն։ Դավիթ Բեժուաշվիլին իր հայտարարության համաձայն, խորհրդարանի գործունեությունը կշարունակի անկախ պատգամավորի կարգավիճակով։
Մոտ օրերս նման հայտարարությամբ հնարավոր է հանդես գա եւս մի պատգամավոր, Բոլնիսիի մեծամասնական պատգամավոր Կոբա Նողոփիան։ Միաժամանակ, լուրեր են տարածվում այն մասին, որ իր շարքերը կարգավորելու է նաեւ «Վրացական երազանքը»։ Համենայնդեպս, արդեն հաստատվել է, որ քննարկվում է մեծամասնության շարքերից Վանի մեծամասնական պատգամավոր Դավիթ Լորթքիփանիձեի դուրս գալու հարցը։ Խորհրդարանական մեծամասնության լիդեր Դավիթ Սագանելիձեի հայտարարությամբ, խմբակցության նիստում իրոք կքննարկվի Դավիթ Լորթքիփանիձեի հետ կապված հարցը։ «Ես որպես շտաբի ղեկավար, դիտողություններ ներկայացրեցին այն կապակցությամբ, որ նա ակտիվորեն միջամտում է Վանի մունիցիպալիտետի ինքնակառավարման գործունեությունում, ինչը պատգամավորի կողմից ճիշտ ու արդարացի վարմունք չէ»,- հայտարարեց Դավիթ Սագանելիձեն։
Վերջին հաշվով, թե ինչպես կավարտվի խորհրդարանում ուժերի բաշխումը, ասելը դժվար է։ Այդ թեմայով մեկնաբանություններ էլ չեն արվում, քանի որ, ինչպես նշում են պատգամավորները, գործընթացը նոր է սկսվել եւ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Թեպետ հարկ է նշել նաեւ, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո փորձագետների ճնշող մեծամասնությունը համակարծիք էր նրանում, որ խորհրդարանում ուժերի իրական վերաբաշխումը կմեկնարկի նախագահական ընտրություններից հետո։
ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ