Ինչպես հաղորդել էինք, Վրաստանի խորհրդարանը ծրագրել էր արդեն դեկտեմբերի 6-ին, խորհրդարանի իրավաբանական կոմիտեում «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի» քննարկումները, թեպետ, ինչպես դեկտեմբերի 5-ին հայտարարեց կոմիտեի նախագահ Վախթանգ Խմալաձեն, լսումները հետաձգվել են եւ կանցկացվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 9-ին։
Հիշեցնենք, որ Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարության կողմից մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենսգրքի նախագիծը, որի հիմնադրույթները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել երկրում։Օրինանախագծով ավելացվում է ինքնակառավարման քաղաքների թիվը եւ այսօր գործող ինքնակառավարման հինգ քաղաքների (Թբիլիսի, Ռուսթավի, Քութայիսի, Փոթի, Բաթումի¤ փոխարեն ինքնակառավարման կարգավիճակ կշնորհվի նաեւ այն քաղաքներին, որտեղ բնակչության թվաքանակությունը գերազանցում է 15 հազարին (Օրինակ՝ Ախալցիխեն, Գորին եւ այլն¤։
Օրինանախագիծը նախատեսում է նաեւ ինքնակառավարման քաղաքներին հարակից գյուղերից ձեւավորել առանձին թեմեր, որոնց բազայի վրա հիմնվելու են մունիցիպալիտետներ։ Ըստ օրինանախագծի, նախատեսված է նաեւ ներկայումս գործող մունիցիպալիտետների բաժանումը երկու եւ ավելի մունիցիպալիտետների։ Ինքնակառավարման (քաղաքների եւ մունիցիպալիտետների¤ միավորների կառավարման օղակները կլինեն ընտրովի։ Օրենսգրքի նախագծով սահմանված է նաեւ գյուղերում հասարակական խորհուրդների հիմնումը։
Բացի այդ, օրինանախագծի համաձայն, նահանգապետերի ինստիտուտին զուգահեռ, կձեւավորվի կոլեգիալ մարմին, որտեղ կներկայացվեն մունիցիպալիտետների սակրեբուլոների անդամները։ Այդ մարմինը ներգրավվելու է որոշումների ընդունման գործընթացում։
Օրինանախագծով նախատեսված են նաեւ ինքնակառավարման միավորների ֆինանսական ապակենտրոնացման հետ կապված հարցեր։
Ինչպես արդեն նշեցինք, տեղական ինքնակառավարման օրինանախագիծը երկրում ոչ միանշանակ արձագանք առաջացրեց։
Սույն նախագծի կապակցությամբ իրենց բացասական վերաբերմունքի մասին հայտարարություններով հանդես են եկել ինչպես Վրացական Ուղղափառ եկեղեցին, այնպես էլ ոչ խորհրդարանական ընդդիմադիր մի շարք կուսակցությունները եւ առանձին ոչ կառավարական կազմակերպությունները։
Մասնավորապես, դեկտեմբերի 4-ին «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենսգրքի հիմնադրույթներին առնչվեց նաեւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը.
«Մեր խորհրդարանն ու կառավարությունը քննարկում են ինքնակառավարման հարցը։ Դա բավականին բարդ հարց է։ Եթե դա իրականացվի, ապա մենք կհասնենք Վրաստանի փլուզմանը։ Մենք դրա հետ երբեք չենք հաշտվի եւ ամեն ինչ կանենք, որ նման ոչինչ տեղի չունենա։ Վրաստանը եղել է եւ կմնա միասնական ազգ, միասնական երկիր։ Մեր կարծիքով, բոլոր շրջաններն անմիջականորեն պետք է կապված լինեն կենտրոնական իշխանության հետ։ Իշխանությունը պետք է տեղյակ լինի այն հիմնախնդիրներին, որոնք առկա են շրջաններում։ Իշխանությունն ինքը պետք է քննարկի, պետք է ուսումնասիրի, թե ինչ է անհրաժեշտ յուրաքանչյուր շրջանին։ Մեր իշխանությունը պետք է ձգտի, որ այս կամ այն շրջանում առկա հիմնախնդիրը կարգավորվի»,- հայտարարեց Կաթողիկոս-Պատրիարքը եւ հավելեց, որ երկրի բնակիչներն իրենք են որոշելու, թե ինչն է ընդունելի Վրաստանի համար։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենսգրքի ներկայացված նախագծի դեմ այլոց թվում կտրուկ բացասական վերաբերմունք են ցուցաբերում նաեւ «Քարթուլի դասի» եւ «Թավիսուփալի Սաքարթվելո» քաղաքական կուսակցությունների ղեկավարներ Ջոնդի Բաղաթուրիան եւ Կախա Կուկավան։
Այն ենթադրությանը, որ ինքնակառավարման նոր օրենսգիրքը կարող է դառնալ անջատողականության բորբոքման պատճառ, համամիտ չէ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին։ Նրա խոսքերով, ինքնակառավարումը մարդկանց այն իրավունքների հանձնումն է, ինչը թույլ է տալիս ինքնուրույն լուծելու տեղական նշանակության հարցերը. «Այն, որ մինչ այդ Վրաստանում ապակենտրոնացված ինքնակառավարում չկար, ի՞նչը կարողացավ կանխել անջատողականության շարժումը Աբխազիայում եւ Օսեթիայում»,- հարցադրում է Դավիթ Ուսուփաշվիլին։
Իրենց հերթին, Վրաստանում գործող շուրջ 23 ոչ կառավարական կազմակերպությունները հանդես եկան կառավարության կողմից նախաձեռնած տեղական ինքնակառավարման մասին օրինանախագծի պաշտպանությամբ։ «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման, «Տեղական ժողովրդավարության զարգացման կենտրոն», «Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոն», Արդարացի ընտրությունների եւ ժողովրդավարության միջազգային ընկերություն, «Միջազգային թափանցիկություն-Վրաստան», «Բաց Հասարակություն-Վրաստան» եւ մի շարք այլ ոչ կառավարական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Մենք համաձայն չենք այն կարծիքի հետ, որ տեղական հիմնախնդիրները քաղաքացիների կողմից անկախ կարգավորման գաղափարը կարող է անջատողականության բորբոքման եւ երկրի փլուզման հիմք ծառայել»։ Հայտարարությունը ստորագրած ոչ կառավարական կազմակերպությունները կառավարությանն ու երկրի խորհրդարանին կոչ են անում «Չենթարկվել ինքնակառավարման գաղափարը վարկաբեկող ալիքին եւ չկանգնեցնել բարեփոխումների գործընթացը, չտարանջատվել նախընտրական խոստումներից» եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումներն իրականացնել մինչեւ տեղական ընտրությունների անցկացումը։
Ներկայացված օրինանախագծում «էական սպառնալիքներ» չի տեսնում նաեւ Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարար Դավիթ Նարմանիան, թեպետ նշեց, որ օրինանախագծի առանձին հիմնադրույթները, ամենայն հավանականությամբ, կվերանայվեն եւ խորհրդարանը կքննարկի շատ ավելի «կատարելագործված նախագիծը»։
Ավելացնենք, որ, ներկա դրությամբ, դեռեւս հայտնի չեն, թե ինչ փոփոխություններ են կատարվել «Տեղական ինքնակառավարման օրենսրգքի» մասին սկզբնական նախագծում։
ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ