Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՆՐԱ ԿԱՐԾԻՔԸ ՎԵՐՋՆԱԿԱՆՆ ԷՐ ՈՒ «ԱՄԵՆԱ»-Ն

ՆՐԱ ԿԱՐԾԻՔԸ ՎԵՐՋՆԱԿԱՆՆ ԷՐ ՈՒ «ԱՄԵՆԱ»-Ն

Էլ.փոստ Տպել PDF

- Շնորհավոր ծնունդդ, Բենիկ Նիկիտիչ…
15 տարի շարունակ, դեկտեմբերի 12-ին, դիմում էի իմ բաժնի վարիչին, երբ ներս էր մտնում աշխատասենյակ։ Խմբագրության աշխատակիցներիս համար նա արվեստագետի խորհրդավորությամբ պատված առասպելի հերոս եւ առեղծված չի եղել երբեք։
Դեռ կենդանության օրոք՝ «Ժամանակակից հայ գրականության նահապետ» պատվանվանն արժանացած Բենիկ Սեյրանյանը մեզ համար սովորական մի մահկանացու էր, մեզ հետ ուրախություն ու վիշտ, առօրյայի հոգսեր կիսող, կատակող, զայրացող գործընկեր։ Ավագ գործընկեր եւ բացառիկ հեղինակություն, ում կարծիքը  մեծ ու փոքրի համար վերջնականն էր ու «ամենա»֊ն…
Նախախնամության կամքով, շուրջ 15 տարի, աշխատել եմ միեւնույն աշխատասենյակում։
 Իր ժողովրդի արժանապատվությունը գնահատող ճշմարիտ հայրենասերը միայն կկարողանար դառնալ մեկ այլ երկրի նվիրված քաղաքացին եւ այդչափ ճշմարտախոս լինել՝ մարդկության քաղաքակրթության մեջ ունեցած ա՚յդ երկրի պատմական դերի գնահատման մեջ։ Նա դարձավ Վրաստանի ու նրա մայրաքաղաքի հոգեւոր մարտիկը։
 Պատմական հայրենիքից դուրս  ապրող հայը չպետք է մոռանա, որ իրենով մի ամբողջ ազգ է ներկայացնում,֊ ասում էր Բենիկ Սեյրանյանը։ Նա սերտ բարեկամություն էր անում վրաց Մեծերի հետ՝ Կոնստանտինե Գամսախուրդիայից ու Իրակլի Աբաշիձեից մինչեւ Ջանսուղ Չարկվիանի ու Ռեզո Ամաշուկելի։ Այդ բարեկամությունը նրանում լի էր ազգային պատասխանատվության նախանձախնդիր զգացումով, որովհետեւ նաեւ իրենով էր վրացին ճանաչելու հայ մարդուն։
Միշտ հիշում եմ, որ նա խիստ կարեւորում էր մանկավարժի դերը մանկան կյանքում, իսկ խոսելով արվեստի ու գրականության մասին, հաճախ կրկնում էր. նայում ես արեւածագին, որ տեղով արվեստ է ու հիանում ես։
… Մի անգամ, միջանցքից սենյակ մտնելիս, կանգնեց գրասեղանի մոտ եւ, ասես, տեսածի տպավորության տակ, ասաց՝ դիմացդ կին է, բայց ո՜ւր է նազանքը, չկա՜, կորե՜լ է, եւ, ի նշան հիասթափության, ձեռքը թափով խփեց ազդրին… Պահը որսալով՝ հարցրի. ձեր կարծիքով՝ նազա՞նքն է կանացի դարձնում կնոջը, նաեւ՝ նազանքը, ասաց ու, մի պահ խորհելով, շարունակեց, բայց կանացիության խորհուրդը, աղջիկ ջան, հպարտ հեզության մեջ է…
Ամեն ինչ իր հատուցման պահն ունի։ Այսօր երախտիքի ժամն է, ու ես, իմ երախտիքն եմ հայտնում նրա տողերով ասված մի բանաստեղծի հասցեով. «Ես սրտանց օրհնում եմ ձեր ծնունդը եւ շնորհակալություն հայտնում ամեն ինչի համար՝ ձեզնով կյանքը ճանաչելու ու կյանքը սիրելու համար…»։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Դեկտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31