Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՆԵՆԳԱՇՈՐԹՈ՞ՒՄ. ՍԱԿԱՅՆ Ո՞ՒՄ ՀԱՍՑԵՈՎ

ՆԵՆԳԱՇՈՐԹՈ՞ՒՄ. ՍԱԿԱՅՆ Ո՞ՒՄ ՀԱՍՑԵՈՎ

Էլ.փոստ Տպել PDF

«Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Վրաստանի գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին մեղադրեց նենգաշորթության մեջ։

Քութայիսիում անցկացվող դատավարությանը, Վանո Մերաբիշվիլու հայտարարության համաձայն, դեկտեմբերի 13-ի գիշերվա ժամը 1-ն անց 30-ին իրեն բանտից տարել են դատախազի հետ հանդիպման։ Նախկին վարչապետի հավաստմամբ, գլխավոր դատախազը իրեն ներկայացրել է վերջնագիր. եթե ինքը դատախազությանը չօգնի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործի հետաքննության ընթացքում եւ չտա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բանկային հաշիվների համարները, ապա «շատ կփոշմանի»։ Մերաբիշվիլին հայտարարեց նաեւ, որ Փարցխալաձեն խոստացել էր այդ դեպքում կտրուկ վատացնել նաեւ բանտում նրա գտնվելու պայմանները։
Ընդսմին, Վանո Մերաբիշվիլին նշեց, որ մեկուսարանում տեղակայված տեսախցիկներով կարող են ստուգել բանտի տարածքից իրեն դուրս բերելու փաստը։ Արձագանքելով «Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղարի հայտարարությանը՝ այդ կուսակցությունը բարձրացրել է Օթար Փարցխալաձեին՝ Մերաբիշվիլու դատավարության գործից հեռացնելու պահանջ։ Իրենց հերթին, Վանո Մերաբիշվիլու փաստաբանները քրեակատարողական նախարարությունից պահանջել են բանտում գտնվող բոլոր տեսախցիկների վերջին շաբաթվա ընթացքում կատարած տեսագրությունները։
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին երկրի գլխավոր դատախազությանը եւ քրեակատարողական նախարարությանը կոչ է արել հստակ պատասխան ներկայացնել Մերաբիշվիլու մեղադրանքներին։
 Վրաստանի գլխավոր դատախազությունը տարածած պաշտոնական հայտարարության մեջ կտրականապես հերքում է Վանո Մերաբիշվիլու Քութայիսիի դատավարության ժամանակ տարածած հայտարարությունը։ «Մերաբիշվիլու հայտարարությունն անհեթեթություն է եւ չի համապատասխանում իրականությանը։ Գլխավոր դատախազությունը կտրականապես հերքում է այդ անձի վրա ճնշման փաստը եւ ընդգծում, որ այն բանից հետո, երբ Մերաբիշվիլու դատական գործը թեւակոխել է եզրափակիչ փուլ, մեղադրյալների եւ նրանց կողմնակիցների կողմից իրականացվում են տարբեր գործողություններ՝ ուղղված հասարակայնությանը թյուրիմացության մեջ գցելու եւ դատավարության մասնակիցների վրա ճնշում գործադրելուն»,- ասված է հայտարարության մեջ։
Իր հերթին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վանո Մերաբիշվիլու հայտարարությունը կարելի է ընկալել՝ որպես նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նենգաշորթման փորձ։
«Բացառված չէ, որ նա այդպիսով փորձում էր շանտաժի ենթարկել իր նախկին պետին՝ Միխեիլ Սաակաշվիլուն՝ շեշտը դնելով Ժվանիայի մահվան անբացատրելի հանգամանքների ու Սաակաշվիլու ֆինանսական ռեսուրսների վրա»,- հայտարարեց վարչապետը։ Միաժամանակ, նա նշեց, որ դա նոր իշխանության սադրանք է, նոր դատախազի վարկաբեկման փորձ կամ, հնարավոր է, «դա պայմանավորված է այն վախի հետ, որը կապված է Ժվանիայի անձնական պահակախմբի ձերբակալության հետ»,- ընդգծեց վարչապետը։

 
< Դեկտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31