Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Տնտեսություն ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ ՀՈՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ Է

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ ՀՈՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ Է

Էլ.փոստ Տպել PDF

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ ԱՌՆՎԱԶՆ 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցումը դեռ չի սկսվել, թեպետ այդ ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար միլիոններ են ծախսվում եւ դրանց արդյունավետության ապահովման համար վերոնշյալ հիմնախնդրի կարգավորումը հրատապ նշանակություն է ստանում։

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական նշանակության հողերի ավելի քան 80 տոկոսը դեռեւս չի գրանցված։ Այդ հիմնախնդիրը տարիներ շարունակ մնում էր չկարգավորված, թեպետ հարցն առանձնակի հրատապություն ձեռք բերեց այն ժամանակ, երբ իշխանափոխությունից հետո ձեւավորված նոր ղեկավարությունը գյուղատնտեսության զարգացումը հռչակեց որպես գլխավոր առաջնահերթություն։ Մասնագետների հավաստիացումներով, գյուղատնտեսական նշանակության հողերի հարցում այնպիսի քաոսային իրավիճակ է, որ դրա կարգավորման համար կպահանջվեն տարիներ։ Սակայն, հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընթացիկ տարվանից արդեն մեկնարկել է գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման գործընթացը, միաժամանակ ոլորտի զարգացման համար ծրագրված են բազմամիլիոնանոց բյուջետային նշանակալի նախագծեր։
Ինչպես հայտարարեց «Գյուղատնտեսության նախարարության հնարավորությունների մեծացման» նախագծի ներկայացուցիչ Լաշա Դոլիձեն, անցյալ տարվա սկզբից հողերի նախնական գրանցման հանձնարարությունը տրվել էր գյուղատնտեսության նախարարությանը։ Հատուկ ծրագիր մշակվեց, թե ինչպես է կարգավորվելու վերոնշյալ հիմնախնդիրը։ 2013 թվականի փետրվարից մինչեւ ապրիլ, արդյունավետ միջոցառումների մշակման նպատակով պարբերական հանդիպումներ էին անցկացվում գյուղատնտեսության, արդարադատության, էկոնոմիկայի եւ բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչների միջեւ։ Գարնան վերջին մշակվեց համապատասխան ռազմավարությունը եւ խորհրդարանի ճյուղային կոմիտեի նախագահ Զուրաբ Տղեմալաձեին հանձնարարվեց խորհրդարանի քննարկմանը ներկայացնել հստակեցված ծրագիրը։ Արդյունքում՝ հիմնվեց միջգերատեսչական խորհուրդը, որի կազմում ընդգրկվեցին ինչպես խորհրդարանի պատգամավորները, այնպես էլ՝ տարբեր նախարարությունների ներկայացուցիչները։ Խորհուրդը գլխավորում է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։ Ընդունվեց կառավարական համապատասխան որոշում, որով սահմանվեցին խորհրդի գործունեության հիմնադրույթները։
Միջգերատեսչական վերոնշյալ քաշքշուկների արդյունքում անցավ մեկ տարի, եւ դեռեւս հարցականի տակ է, թե վերջապես երբ է սկսվելու գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցումը։ «Դա բավականին մասշտաբային միջոցառում է, որը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում»,- հայտարարեց Լաշա Դոլիձեն։ Մասնագետները համամիտ են նման եզրակացության հետ եւ նշում են, որ գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման համար կպահանջվի առնվազն 40 միլիոն դոլար։
Ինչպես հայտարարեց խորհրդարանի ագրարային կոմիտեի նախագահ Գիգլա Ագուլաշվիլին, վերոնշյալ հարցի շուրջ աշխատող միջգերատեսչական խորհուրդը փորձում է գտնել գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման օպտիմալ եղանակը։ «Քննարկվեցին մի քանի տարբերակներ, մշակվեց  որոշակի հիմնադրույթ։ Ներկայումս օրակարգում դրված է ֆինանսական աղբյուրի ապահովման հարցը։ Նշանակալից է նաեւ մարդկային ռեսուրսի, այն մարդկանց որոնումը, ովքեր պետք է անցկացնեն այդ աշխատանքը։ Հարկ է նշել, որ իրականացվելու է երկրում առկա բոլոր հողերի գույքագրումը, որպեսզի  այդ հարցը վերջնականապես օրակարգից դուրս բերվի»,- հայտարարեց Ագուլաշվիլին եւ հավելեց, որ չգրանցված հողերի հիմնախնդիրը, բոլոր պայմաններում, լուրջ հիմնախնդիրներ կառաջացնի։
Նման պարագայում լուրջ հիմնախնդիրներ են ծագում նաեւ գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման հարցում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է կոոպերատիվների հիմնադրման ժամանակ բաժնեմասերի տեսքով հողերի ներդրմանը։ «Դա բավականին լուրջ հիմնախնդիր է, քանի որ կոոպերատիվների հիմնման համար մարդկանց պետք է խրախուսել, որպեսզի նրանք հանրային ռեեստրում գրանցեն հողի նկատմամբ սեփականության իրավունքը։ Թեպետ սկզբնական գրանցման ժամանակ բացառված չէ, որ կոնկրետ մարդկանց վրա գրանցված հողերը վեճի առարկա դառնան հարեւանների միջեւ եւ գործը հասնի դատարանին»,- ընդգծեց Գիգլա Ագուլաշվիլին։
Գյուղատնտեսական հարցերով փորձագետ Պաատա Կողուաշվիլին վերոնշյալ հարցի ձգձգումը առնչում է արհեստավարժ կադրերի բացակայության հետ։ «Դրա պատճառն այն է, որ հանրային ռեեստրի ղեկավար է նշանակված անիրավասու անձ։ Այդ մասին ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարում էին դեռեւս 2010 թվականին, բազմիցս դիմել են ինչպես նախկին, այնպես էլ՝ նոր իշխանությունների համապատասխան մարմիններին, թեպետ ապարդյուն»,- նշեց փորձագետը։
Կողուաշվիլին անդրադարձավ նաեւ գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման ձգձգումների հետեւանքների հարցին. «Գյուղացիների նշանակալի մասը հողերը չի գրանցել եւ դա դարձավ նրա պատճառը, որ Բիձինա Իվանիշվիլու կողմից նախաձեռնած հեռանկարային «Գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման» նախագիծը իրականացվեց նշանակալի թերացումներով։ Ավելին, առանձին մունցիպալիտետներում նույնիսկ այդ նախագիծը անտեսվեց եւ գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ միայն հաշվառումն, այլեւ ստուգումն էլ չանցկացվեց»,- ասաց փորձագետը։
Պաատա Կողուաշվիլու կարծիքով, գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման ձգձգումը բացասական ազդեցություն կգործի նաեւ գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման վրա։ «Դա բավականին լուրջ հիմնախնդիր է եւ, եթե կառավարությունը ցանկանում է կոոպերատիվների հիմնման հարցում առաջընթաց ունենա, նա գլխավոր ուշադրությունը պետք է բեւեռի գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման գործընթացի արագացման վրա»,- հայտարարեց փորձագետը։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Փետրվար 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28